«Մեր բողոքի մեջ ունենք ձևակերպումներ, որոնցում հստակ արձանագրված է, որ օտարերկրյա պետությունները միջամտել են հայաստանյան ընտրական գործընթացին և ընտրություններին՝ ոչ թե տեսական գործողություններով, այլ անվանական աջակցությամբ, ոչ թե միջին մակարդակի քաղաքական պաշտոնյաների կողմից, այլ այնպիսի պաշտոնյաների կողմից, որոնք միջազգային իրավունքի հիման վրա իրավասու են ներկայացնել պետությունը»,- ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով արևմտյան երկրների աջակցությանը ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ դատավորներից Սեդա Սաֆարյանը հարց ուղղեց հունիսի 7-ի ընտրությունները վիճարկող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ թե արդյոք ՌԴ նախագահի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները չեն ազդել ընտրողի ազատ կամարտահայտման ու ընտրությունների վերջնարդյունքների վրա: Հիշեցնենք, որ իր հարցադրման մեջ դատավոր Սաֆարյանը նաև պնդումներ արեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ։
«Կարո՞ղ է Սահմանադրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ և ելքով շահագրգիռ լինելը: Այս հարցը թույլատրելի հարց է, թե՞ ոչ»,- այս հարցադրումն իր հերթին արեց ԲՀԿ ներկայացուցիչը, ապա շարունակեց. «Իսկ ի՞նչ է ասել ՌԴ նախագահը, ասե՞լ է՝ գնացեք, «Բարգավաճ Հայաստան»-ի՞ն քվեարկեք, թե՞ ասել է՝ գնացեք, Սամվել Կարապետյանին ընտրեք: Խնդիրն այն է, որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ անում է հստակ պնդումներ»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումի քննությունը, որով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































