Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պահանջում է ՍԴ նիստի ժամանակ հարցաքննել Վահագն Հովակիմյանին

Հունիս 29,2026 21:12 Share

ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քննարկվում են կողմերի միջնորդությունները։ ԲՀԿ-ն միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին 10/51 և 35/65 տեղամասերում տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարցրեց՝ ի՞նչ հարցեր, ի՞նչ հանգամանքներ պարզելու հետ կապված եք ցանկանում հարցաքննել։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Մենք ունենք վարչական ակտ, դատական ակտ, դրանցում կողմի բացատրություններն ունենք, որը չի հանդիսանում ապացույց, որպես ապացույց է հանդիսանում կողմին՝ որպես վկա հարցաքննելու հանգամանքը։

Մենք ունենք մի քանի հանգամանքներ, որ պետք է պարզել, դրանց մի մասը՝ որպես ապացույց, հարցուպատասխանի ռեժիմով քննարկելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Մասնավորապես՝ ե՞րբ է իմացել խախտումների մասին, ի՞նչ գործողություններ է իրականացրել, ի՞նչ միջոցներով է պարզել հետագա խնդիրները՝ զինվորականների քանակը, մուտքը, ելքը, ե՞րբ են ԲՀԿ-ի թվերը ճշտվել, ե՞րբ է այս որոշումը կազմվել՝ երկու գործողությունների ժամանակագրությունը։ Դատավորներն էլ են այդ հարցը Վահագն Հովակիմյանին տվել, բայց հստակ պատասխան չի ստացվել։ Կողմը, երբ բացատրություններ է տալիս, ունի ազատություն՝ այն ծավալով պատասխանել, մինչդեռ վկան պարտավոր է հարցաքննության ժամանակ պատասխանել հարցերին, քանի որ պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունքների համար։ Եվ դա ՍԴ օրենքով ապացույց է, որի վրա կարող է հիմնվել ՍԴ-ն որոշման կայացման ժամանակ, մինչդեռ միայն բացատրությունները չունեն այդ իրավական արժեքը»։

Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց․ «Առկա տեղեկություններից, նաև տրված բացատրությունների բովանդակությունից, դրանց հակասական բնույթից առաջնային վարկածն առնվազն ինձ մոտ ձևավորվել է, որ այդ տեղամասերում անվավերության պատճառները գալիս են Վահագն Հովակիմյանից։ Եթե ինքն իր պաշտոնական լիազորություններն ավելի պատշաճ կատարեր, այս խնդիրը կարող էր չառաջանալ»։

Վահագն Հովակիմյանն ի պատասխան ասաց․ «Այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնի են, ես բարձր դատարանում ներկայացրել եմ, և, ըստ էության, նույնիսկ այն ժամանակագրությունը՝ այդ անորոշության, խնդիրների բացահայտման և ամբողջի հետ կապված, բարձր դատարանին ներկայացրել եմ»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ այս միջնորդությունը ՍԴ-ն կքննարկի աշխատակարգային նիստի շրջանակներում։

ԲՀԿ-ն նաև միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել Անդրանիկ Թևանյանին՝ նրա նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու առթիվ։

Այս միջնորդությունը ևս կքննարկվի ՍԴ աշխատակարգային նիստի շրջանակներում։

ՍԴ-ում 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930