Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմա՞լ է, որ, օրինակ, երկրի վարչապետը ֆեյսբուքյան գրառում է անում, որ իրավական հետևանք է վրա հասնելու անձի նկատմամբ, և ժամեր անց դա տեղի է ունենում»․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ դատավորին

Հունիս 29,2026 17:59 Share

«Երբ կարդում եմ դիմումները, ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ ընտրողները զոմբիներ են․ ինչ-որ մեկն ասաց՝ շուն-շանգյալ, վախեցան, գնացին՝ իրենց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ, ուրախացավ, ընտրեց։ Դուք ի՞նչ է՝ մարդկանց լրիվ ավտոմատի տե՞ղ եք դրել, որը մատի մի շարժումով պատրաստ է հրամաններ կատարել։ Հնարավոր չէ՞, որ ատելության խոսքը հակառակ ազդեցությունն ունենա, մարդը հիասթափվի»,- ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում են հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսպիսի կարծիք էր հայտնել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը։

Նա խնդրել էր դիմող ուժերին բնութագրել, թե ով է հայ ընտրողը ու նշել․ «Ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որը Ջենիֆեր Լոպեսին նայելով՝ պետք է ընտրի իր ապագան։ Արդյունքում այն քաղաքական ուժը, որը կփորձի Ջենիֆեր Լոպեսով ինձ գրավել, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է։ Միանշանակ ասել, որ մի բանը բոլորի վրա վատ ազդեցություն է ունենում, սխալ կլինի»։

Ի պատասխան «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց․ «ՀՀ քաղաքացին, ընտրողը վերջին 6 տարիներին բազմաթիվ արհավիրքներ տեսած ընտրող է, Արցախով, անկախության հռչակվելու օրվանից մինչև 2023 թվական եկած ընտրողներ են, որոնք տեսել են Արցախի հայաթափումը, 44-օրյա պատերազմ, տեսել են հազարավոր զոհերի, տեսել են Բաքվի բանտում մեր հայրենակիցներին, և այդ պայմաններում, այո, ՀՀ քաղաքացին, որը պետք է ընտրություն կատարի, շատերն ունեն տոկունություն, բայց շատերը մարդկայնորեն ունեն զգացմունքներ, որ այս թվարկածս տեսած մարդուն, երբ անձը, որը ամենաշատն է տեղեկացված ՀՀ անվտանգության բոլոր հարցերի մասին, ասում է՝ եթե մենք չընտրվենք, չստանանք սահմանադրական մեծամասնություն, ՀՀ-ում պատերազմ է լինելու, օրինակ` ծնողը, որը երեխաներ ունի, որոնք բանակ պիտի գնան, էդ պահին, եթե սրտի թրթիռով չի լսում դա, ուրեմն պետք է արձանագրենք, որ դա փաստարկ չէ։ Մենք խոսում ենք մինչև վերջերս լարվածության մթնոլորտի մասին»։

Խոսելով վախի մթնոլորտի մասին՝ Արամ Վարդևանյանը նշեց․ «Եթե առաջնորդի վերաբերյալ տենց արտահայտություն է հնչում ամենամեծ լծակներով ու լիազորություններով անձի կողմից, թիմի անդամները, կուսակցականները պետք է դրանից դրակա՞ն էմոցիա ստանան, թե՞ բացասական, թե՞ ավելի շատ վախի էմոցիա ստանան, թե՞ խանդավառ դրական երևույթի էմոցիա»։

Արթուր Վաղարշյանն էլ արձագանքեց․ «Եթե ձեր թիմակիցներն ու շտաբի աշխատակիցներն են այդ խոսքերից ազդվել, ուրեմն արդեն հայ ժողովրդի բնութագիրը շատ վատ է»։

Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց․ «Ես մարդկայնորեն նախանձում եմ Ձեզ, երևի չեք հետևել այն հայտարարություններին, որ նույն Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվել են 2025-ի հունիսին, որոնք ուղղված էին Սամվել Կարապետյանին․ սպառնալիքի տարրեր էլ ուղիղ կային, և դրանից հետո նենց է ստացվել, որ մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է, հետո մի քանի ֆեյսբուքյան գրառում եղան սրբազանների վերաբերյալ, իրենց մի մասն էլ կալանավորված է, մի մասը նոր է ազատ արձակվել։ Եթե ասում եք՝ այդ արտահայտություններից, եթե պետք է վախենան․․․ես էլ հարցնում եմ Ձեզ՝ այսինքն՝ նորմա՞լ է, որ, օրինակ, երկրի վարչապետը ֆեյսբուքյան գրառում է անում, որ իրավական հետևանք է վրա հասնելու անձի նկատմամբ, և ժամեր անց դա տեղի է ունենում, ու հասարակությունը պետք է ասի՝ հակառակը՝ պետք է դիմադրության օջա՞խ ձևավորենք, թե՝ քվեարկության գնալուց ազդվեն, վախի մթնոլորտ տարածվի»։

ՍԴ-ում 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930