«Անկախացումից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանի թիվ մեկ գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման մասով։
Կարող ենք արձանագրել, որ մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի հայկական ծագման ապրանքներ ենք արտահանել, և ներկայում այդ 1,5 միլիարդ դոլարի արտահանման հիմնախնդիրն է դրված սեղանի վրա, որի կարևորագույն բաղկացուցիչ են հանդիսանում բանջարեղենը, միրգը, ալկոհոլային խմիչքները, ձուկը և ծաղիկները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, երբ քննարկում ենք այն խնդիրները, որոնք այս օրերին ունեն արտահանողները։
Տնտեսագետը նշում է՝ այս լրջագույն խնդիրը սկսվեց մայիսին։ «Պետք է արձանագրենք, որ խնդիրները նոր են սկսվում։ Մայիս-հունիս ամիսներին նոր սկսում էինք բանջարեղեն-մրգի արտահանումը Ռուսաստան։ Իրավիճակը կսրվի արդեն հուլիսին, օգոստոսին, երբ արդեն հասունացած բերքն իրացման խնդիր կունենա, որովհետև նաև այս տարվա եղանակային պայմաններից ելնելով՝ մի քիչ հետաձգվեց բերքի հասունացումը։ Այնուամենայնիվ, բերքն արդեն սկսում են հավաքել Արարատյան դաշտում և հարակից շրջաններում, և իրացման հարց է առաջանալու։ Այն հավաստիացումները, որ կարող ենք այդ բերքը ԵՄ կամ այլ երկրներում վաճառել, բավարար հիմնավորված չեն։ Դրա մասին է նաև փաստում պաշտոնական վիճակագրությունը, որը հայտարարում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես, անցած տարվա հունիսի մեկից մինչև հունիսի 24-ը Հայաստանից արտահանվել էր ավելի քան 12 հազար տոննա ծիրան, այս տարի պաշտոնական վիճակագրությամբ արտահանվել է ընդամենը 1000 տոննա ծիրան, այսինքն՝ մոտավորապես 1/12-ը։ Անցած տարվա 12 հազար տոննան արտահանվել է Ռուսաստան։ Այն հայտարարությունները, որ ԵՄ-ն պատրաստակամ ձեռք է բերում միրգ-բանջարեղենը և այլն, բավարար հիմքեր չեն, որոնք թույլ կտան իրացնել մեր՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 70 հազար տոննա (+-10 հազար տոննա՝ ելնելով բերքատվության աստիճանից) ծիրանը, որն ունենալու ենք այս տարվա ընթացքում։ Պետք է հասկանանք՝ այդ բերքի հարցն ինչպե՞ս ենք լուծելու հաջորդ ամիսներին։ Եթե մեկ կամ երկու մեքենա Եվրոպա գնացել է, դա չի նշանակում, որ հաջորդ խմբաքանակները կամ տասնյակ հազարավոր տոննաներ կկարողանանք արտահանել։ Եվրամիությունը երեք կարևորագույն փաստաթուղթ է ուզում Հայաստանից արտահանվող բերքի համար, որոնք հայկական ընկերությունները չունեն։ Խոսքը լաբորատորիալ փորձաքննությունների մասին է, որոնք պետք է անցնեն մեր տեղական բանջարեղենը, միրգը, և որը ԵՄ-ն ընդունի։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում նույնիսկ չկա լաբորատորիա, որն ի վիճակի է այդպիսի փորձաքննություն անել, և երկրորդ՝ որ այդ փորձաքննության արդյունքները ԵՄ-ն ընդունի։ Բազմաթիվ փորձնական խմբաքանակներ են արտահանվել Եվրոպա։ Ապրանքը գնացել է այնտեղ, տեղում պետք է ստուգեն բերքը։ Ստուգում են, կարող է պարզվել, որ բերքը պիտանի չէ, այն միանգամից պետք է ոչնչացվի, ավելին՝ արտահանողը կամ ներկրողը պետք է այդ ոչնչացման ծախսերը վճարի։ Դա էլ լրացուցիչ ռիսկ է այդ մարդկանց համար, բերքը Եվրոպա են հասցնում, և եթե պարզվում է, որ որակը այն չէ, պետք է լրացուցիչ գումար ծախսեն բերքի ոչնչացման ծախսերը հոգալու համար։ Այս պահին այդ խնդիրները կան։ ԵՄ-ն որևէ վերանայում չի արել այս փաստաթղթերի մասով, որը մեզ շատ կօգներ, այս իրավիճակում պրոցեսները կարագանային։ Ակնհայտ է, որ դեպի Եվրոպա արտահանողներից շատերը նման գլխացավանքի տակ չեն մտնելու, այսինքն՝ գնան, սերտիֆիկատներ հանեն և այլն։ Գյուղացին, որը բավականին համեստ գիտելիքներ, փորձ ունի, դժվար թե կարողանա եվրոպական երկու-երեք փաստաթղթեր ստանալ, խորհրդատվություն անցնել և այլն։ Եթե դեպի Եվրոպա արտահանում իրականացնեն, դա կարող են տեսականորեն խոշոր կազմակերպություններն անել, որոնք ևս այս պահին որոշակի խնդիրներ ունեն։ Կարող ենք ասել, որ այս պահին կանոնավորված, կարգավորված արտահանում դեպի Եվրոպա չկա։ Առանձին անհատներ կարող են առանձին խմբաքանակներ ուղարկել, բայց դրան ավելի շատ նմուշային ապրանք կարող ենք ասել, և ոչ ռեալ արտահանում։ Այստեղ ունենք բավականին լուրջ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, արտահանման ճգնաժամ», – նկատում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք է արագ որոշումներ կայացնել։ «Օրինակ՝ արագ բանակցություններ իրականացնենք, բարելավենք վիճակը ռուսական կողմի հետ, ԵՄ գործընկերներին խնդրենք այդ երեք փաստաթղթի փոխարեն մեկը թողնել՝ մինչև կարգավորենք այդ հարցը։ Մյուս կողմից՝ այս ճգնաժամը կարող ենք փորձել լուծել նաև ներքին սպառման միջոցով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը կամ խոշոր քաղաքները կարող են հայտարարել, որ գյուղացիներին թույլ են տալիս շենքերի բակերում կամ որոշակի հստակ հատվածներում իրենց բերքը վաճառել ավելի մատչելի գներով։ Հիմա ակնհայտ է, որ վերավաճառողների «շնորհիվ» բերքի գինը չի իջել քաղաքներում։ Պետք է փորձենք օգնել գյուղացուն՝ հնարավորություն տալով նրան բերքն իրացնել։ Բնականաբար, այստեղ նաև հարկայինը պետք է որոշակի մեղմ վարչարարություն իրականացնի, տեղական ինքնակառավարման մարմինները օժանդակեն և այլն։ Պետք է ճգնաժամից դուրս գանք քիչ կորուստներով։ Կորուստներ լինելու են, բայց գոնե փորձենք կորուստները նվազեցնել։ Միևնույն ժամանակ, նաև մեր արտադրողներին հստակ ազդակ փոխանցենք, որ նրանք ստանդարտներին համապատասխան բերք արտադրելու կարևոր պարտավորություն ունեն։
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































