Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Հունիս 30,2026 13:39 Share

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:

Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և շնորհավորել Աստրիդ Ասիին՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցությանը՝ կողմերը բարձր են գնահատել քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխգործակցություն ապահովել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության շրջանակներում առկա  համագործակցության հնարավորությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին եվրոպացի գործընկերների աջակցությամբ Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ նշելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել նախաձեռնությունը և այն շարունակել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930