Մինչ ընդդիմադիր ուժերը վիճարկում են ԱԺ ընտրությունների արդյունքները, Գյումրու քաղաքապետարանի շենքում բավական լարված ու խառը իրավիճակ է։
Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում իշխանափոխություն անելու հայտարարությունների ֆոնին, այս քաղաքում այսօր քննարկման թոփ թեմա է դարձել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի՝ պատգամավորական մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։
«Իսկ ի՞նչ է լինելու, եթե վերցնի պատգամավորական մանդատը»,-հարց են տալիս գյումրեցիներից շատերը՝ բնականաբար ի նկատի ունենալով այն, որ հնարավոր է՝ այս դեպքում քաղաքի կառավարման ղեկը ընդդիմադիրներից հեշտությամբ անցնի «Քաղաքացիական պայմանագրին»։
Aravot.am-ի հարցին՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, ինքը կգնա՞ խորհրդարան՝ որպես պատգամավոր, Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Դեռ հայտնի չէ․ որոշում չկա»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանը Սամվել Կարապետյանի հիմնած ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակում 8-րդ տեղն է զբաղեցնում։
Իսկ ի՞նչ կլինի հետո. այս հարցի պատասխանը մեզ հետ զրույցում տվեց Գյումրու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ խնդրելով, սակայն, չհրապարակել իր անուն-ազգանունը, քանի որ դուրս է եկել քաղաքականությունից։
«Նախ չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը դեռ դատական գործընթացների մեջ է, նրա պաշտոնավարումը կասեցված է, բայց քանի դեռ նրա նկատմամբ չկա մեղադրական վերդիկտ, նա է փաստացի քաղաքապետը, նոր քաղաքապետ ընտրելու իրավունք չունեն, իսկ գուցե դատարանը կարդարացնի՞ նրան, եկեք ոչինչ չբացառենք։ Եթե եղավ մեղադրական վճիռ, նոր կարող են նոր քաղաքապետ ընտրել իրենց միջից։
Իսկ ինչ մնում է Ավետիս Առաքելյանի՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից հրաժարվելուն ու ԱԺ պատգամավոր գնալուն, սրանով Գյումրիում իշխանությունը չի փլուզվի, ավագանին իր միջից կառաջադրի քաղաքապետի առաջին տեղակալ, ընտրություն կկատարի, և, ինչպես պահանջում է ՏԻՄ օրենքը, քաղաքապետի պարտականությունները կդրվեն առաջին տեղակալի վրա։
Գյումրիում, կարծում եմ, իշխանափոխություն կատարելու մի տարբերակ կա․ հարակից գյուղերը միացնելն ու նոր վարչական միավոր կազմելն է, գյուղերից էլ ՔՊ-ն բավական շատ համակիրներ ունի, մի բան, որը չես ասի գյումրեցիների մասին։
Իհարկե, սա տարբերակ է, բայց ամոթ է քաղաքային կոլորիտ ունեցող Գյումրու հետ նման կերպ վարվելը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































