«Ամեն ինչ դեռ առջևում է, մենք սպասում ենք ՍԴ-ի որոշմանը։ Սահմանադրական դատարանից ակնկալում ենք երկրորդ փուլ»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցերին. իշխանության ներկայացուցիչները, նաև հասարակական տարբեր շրջանակներ պնդում են՝ եթե ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, ինչո՞ւ հունիսի 8-ին դուրս չեկաք փողոց, և ի՞նչ եք ակնկալում ՔՊ-ի կողմից նշանակված Սահմանադրական դատարանից։
«Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Իրենք ընտրախախտումներից ինչ-որ թվեր են նկարել, ինչը հիմա ՍԴ-ում Վարդևանյանն ապացուցում է»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ շատ քաղաքագետներ պնդում են՝ երկրորդ փուլի դեպքում իշխող ուժի շանսերն ավելի են մեծանում։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հերթական ձայնագրության մասին էլ, որտեղ իբրև ընտրակաշառքի գործով իր անունն է հնչում, Սամվել Կարապետյանն ասաց՝ չի լսել ձայնագրությունը, իրեն պետք էլ չի։ Լրագրողների մեկնաբանություններին, թե Գեղամ անունով անձն է խոսում, որն ասում է, որ Սամվել Կարապետյանի հետ անձամբ է մտերիմ, նա հակադարձեց. «Գոնե իմանանք՝ Գեղամն ով է։ Պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամին գտեք։ Ժողովրդին բթացրին էդ ձայնագրություններով ու իրենց սև գործն արեցին։ Իրենք ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման, դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Այդ ժամանակ ժողովուրդն իր խոսքը կասի»։
Սամվել Կարապետյանը պնդեց՝ ձայնագրություններն ապօրինի են. ամեն ինչ կբացահայտվի, և բոլորը պատիժ կկրեն՝ թե ապօրինի ձայնագրություն անողները, թե ընտրությունները կեղծողները։
Կարդացեք նաև
«Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածը ինչո՞ւ պիտի չուրանային»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































