Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը։ Այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Օրբելյանն ասաց, որ չի անդրադառնա ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց առաջին պահանջին, քանի որ գործընկերներն արդեն մանրամասն ներկայացրել են այդ հարցը։ Նրա խոսքով՝ ինքը կանդրադառնա երկրորդ պահանջին՝ ԲՀԿ-ի մանդատներին։
«Այս հարցն այլևս թվերի հաշվարկի դաշտում չէ։ Այդ դաշտում մենք արդեն հիմնավորել ենք, որ կան լրջագույն խնդիրներ։ Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, իսկ ես ակնկալում եմ, որ պետք է ճանաչի, ապա պետք է կայացնի ընտրության արդյունքները մասնակի անվավեր ճանաչելու և մանդատների վերաբաշխման մասին որոշում»,- ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։
Կարդացեք նաև
Օրբելյանի խոսքով՝ ոչ թե քվեները սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, պարզապես սխալ է փոխանցվել աղյուսակին։
«ԿԸՀ-ն չի կարողանում այդ թվերը ճիշտ մուտքագրել։ Որովհետև եթե ճիշտ հաշվեր, հունիսի 8-ին հայտարարելու էր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ապացուցված է, որ ԲՀԿ-ի 58.500 քվեները, որոնք անվավեր են ճանաչվել, ստացվել են առանց խախտումների։ Նա պնդեց, որ ապացուցված է նաև, որ այդ գործընթացում մեղավոր են ընտրական համակարգի բոլոր հանձնաժողովները, որոնք, ըստ նրա, թույլ են տվել խախտումներ։
«Այս վեճը պետք է լուծվի։ Սահմանադրությունում կա դրույթ, որով ասվում է, որ Սահմանադրական դատարանն իրավունք ունի իրականացնել մանդատների վերաբաշխում, բայց թե ինչպես, որևէ կարգավորում չկա։ Առաջին անգամ Սահմանադրական դատարանն ունի հնարավորություն դա մեկնաբանելու։ Դուք պարտավոր եք ապահովել ձեր գործատուի՝ ժողովրդի կամարտահայտությունը։ Դուք պարտավոր եք ապահովել, որ ՀՀ 58.500 քաղաքացու ձայնը չկորի»,- ասաց Օրբելյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































