ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարություն արեց՝ դիմելով ԱԺ պատգամավորներին և հանրությանը։
«Ունենք ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղա, ով 27 տարին լրանալուց հետո, 2025 թ. վերադարձել է Հայաստան, որպեսզի վճարի 8 միլիոն դրամ և ծառայի մեկ ամիս, այսպիսով կատարի իր պարտավորությունը՝ բաց թողած ծառայությունը լրացնի ծառայելով։ Սակայն օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, որովհետև 2025 թ., դեռևս այդ պահին գործող օրենքով, սահմանվում էր, որ օրենքից կարող են օգտվել այն անձինք, ում 27 տարին լրացել է օրենքի ընդունման պահին, այսինքն՝ 2024 թվականին։
Դրանից հետո մենք, 2026 թվականի հունվարին, փոխել ենք և այդ կարգավորումը հանել ենք. ով երբ դառնա 27 տարեկան, կարող է վերադառնալ, ծառայել և/կամ վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։
Սակայն այս տղան 2025 թվականի դեկտեմբերից գտնվում է կալանքի մեջ՝ անազատության մեջ, և իր պատիժն է կրում արդեն յոթ ամիս ժամկետով։ Հիմա այլ տղաներ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, իր նույն տարիքում գտնվող, հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը և չդատապարտվել։ Բայց այս տղան և նրա նման ևս 16 տղաներ չեն ունեցել հնարավորություն ծառայությամբ մարելու իրենց պարտավորությունը և այսօր գտնվում են կալանքի մեջ՝ անազատության վայրում։
Կարդացեք նաև
Նաև տվյալ քաղաքացու եղբայրը դիմել է վարչապետին քարոզարշավի ժամանակ։ Ես կազմել եմ օրենքի նախագիծ, ըստ որի՝ բացի հետախուզվողներից, նաև կալանքի մեջ գտնվող տղաները կարող են օգտվել այս կետից, այսինքն՝ ծառայելով մարել իրենց պարտքը և ազատվել պատժի հետագա կրումից։ Հիմա կառավարությունում հարցը ստացել է Արդարադատության նախարարության դրական եզրակացությունը, բայց չի ներառվել այս արտահերթ նիստերի օրակարգում՝ Անդրանիկ Քոչարյանի դեմ կարծիք ունենալով պայմանավորված»։
Հայկ Սարգսյանը կոչով դիմեց Ազգային ժողովի պատգամավորներին. «Ես հիմա ստորագրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել եմ և ստորագրահավաք եմ անում։ Խնդրում եմ իմ գործընկեր պատգամավորներին միանալ, որպեսզի կարողանանք արտահերթ նիստ անել այս հարցը քննարկելու համար՝ մեր մյուս արտահերթ նիստի ավարտվելուց հետո։ Այսինքն՝ վաղը ունենք արտահերթ նիստ, դրա ավարտվելուց հետո ևս մեկ նիստ գումարենք և այս հարցը լուծենք։ Սա հնարավորություն կտա մեր տղաներին, 16 տղաներին, որոնք այսօր գտնվում են անազատության մեջ (կոնկրետ այս տղան 6 ամիս, 7 ամիս է արդեն անազատության մեջ), ծառայությամբ պարտքը մարել և այսպիսով ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաև բխում է արդարության վերականգնման սկզբունքից…»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































