Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է զբաղվելու, երբ այլեւս պատգամավոր չլինի։ «Դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ, ամեն դեպքում, պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ»,- ասաց նա։ Հարցին՝ իսկ առաջարկներ եղե՞լ են, օրինակ՝ կառավարությունից, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ եղել է առաջարկ, բայց մերժել է, 8 տարի աշխատում է Ազգային ժողովում, ունի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, եւ գոհ է իր աշխատանքից։ Ասաց նաեւ, որ չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սարգսյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ չընտրվելու ՔՊ վարչության որոշմանը: Հարցին՝ իր եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները դեռ լարվա՞ծ են, նա այսպես արձագանքեց. «Մեր հարաբերությունները նորմալ են, այսինքն՝ լարվածություն չկա… Գործընկերներ ենք, պատգամավորներ ենք։ Հիմա իրար տեսնենք՝ կբարևենք…»։ Նա Ռուբեն Ռուբինյանին էլ հաջողություն մաղթեց ԱԺ նախագահի պաշտոնում։
Անդրադառնալով ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից իր աղմկահարույց նախագծին դեմ լինելուն, Հայկ Սարգսյանը նշեց. «Ասում է՝ չեմ ուզում։ Ասում եմ՝ բայց քո համար չի, այնպես չի, որ այդ գումարը քեզ են տալու, կամ այդ զինծառայողը քո զինծառայողն է։ Մեր պետության շահը ասում է, որ մեզ պետք է ավելի շատ զինծառայող, ավելի քիչ կալանավոր ու ավելի շատ ֆինանսական միջոցներ։ Ինչո՞ւ ես դեմ։ Ասում է՝ դեմ եմ։ Ու առանց հիմնավորման հարցը չի ներառվել։
Այսինքն՝ այս ստորագրահավաքը, որ հիմա անում եմ, կարիքը չէր լինի, որովհետեւ փոխվարչապետի մոտ քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, կա կոմիտեի դրական եզրակացությունը։ Խոսել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, խնդրել եմ, որպեսզի հարցը ներառվի այս արտահերթ նիստում, տվել է իր համաձայնությունը։ Հետագայում, քանի որ պարզվել է՝ պարոն Քոչարյանը առանց պատճառի դեմ է, չի ներառվել։ Հիմա դրա համար խնդրում եմ, այսինքն՝ լրացուցիչ աշխատանք եմ անում, լրացուցիչ ստորագրահավաք, մեր պատգամավորներն էլ լրացուցիչ պիտի էլի գան արտահերթ նիստի՝ մի անձի քմահաճույքի պատճառով, ով պետական շահը դրել է մի կողմ, սեփական ամբիցիայով ասել է՝ դեմ»։
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, որ ովքեր ՔՊ-ից հեռանում են, քրեական գործեր են հարուցվում, և Փաշինյանը ակնարկել է նման բան, Սարգսյանը պատասխանեց, որ ինքը ՔՊ-ից չի հեռացել, բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































