Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին

Հուլիս 01,2026 14:12 Share

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էլ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր:

Վահագն Ալեքսանյան

Նա առաջարկում էր լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու դեպքերում: Առաջարկվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով։

«Լինում են դեպքեր, երբ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից, ենթադրենք՝ իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ այսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից, վարույթ են հարուցում, ասում են՝ արի փորձաքննություն անցիր, տեսնենք, դու ունե՞ս տեղեկանքում գրված հիվանդությունը, օրինակ՝ մի հատ ՄՌՏ անցիր: Վարույթով անցնող զորակոչից խուսափած քաղաքացին ասում է՝ չեմ անցնում: Եվ այս պահի դրությամբ մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի անցնել այդ հետազոտությունը: Քաղաքացին ասում է՝ չեմ անցնում և վերջ: Սա աննորմալ, անբնական իրավիճակ է, որի հաղթահարմանը միտված է օրենքի այս նախագիծը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախագծի ընդունումից հետո ստուգելու են, թե որ հիվանդանոցների բազաներում են պահպանված նախկինում արված հետազոտությունների արդյունքները. «Չեմ ուզում անուններ տալ, բայց հիվանդանոցներ կան, որ 3-րդ օրը այդ ՄՌՏ արդյունքներն արդեն չկան»։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ իր նախագիծը 2 անգամ շրջանառվել է ու մերժվել, և ուրախ է, որ այն կրկին բերվում է ԱԺ՝ այս անգամ Վահագն Ալեքսանյանի միջոցով: «Դեմն առնենք քաղաքացիությունից հրաժարվողներին։ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 1900 արական սեռի տղա, 60 աղջիկ։ Փաստացի ֆիքսվում է, որ մեծամասնությունը դա բանակից խուսափելու համար է արել՝ մինչև 18 տարին լրանալը։

Իմ օրենքը, որը պարոն Անդրանիկ Քոչարյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30-40%-ով աճել է։ Ու հիմա քաղաքացիությունից հրաժարվել է նախորդ տարվա 1900-ի փոխարեն 2800 տղա ու էլի 60 աղջիկ։ Այսինքն, մենք մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ՝ պարոն Քոչարյանի պատճառով (կամ շնորհիվ, ավելի ճիշտ՝ ձեր սիրտը կհովանա)։ Ու ոչ միայն այդ ռեսուրսն ենք կորցրել, այսինքն՝ զինվոր, նաև կորցրել ենք լուրջ ֆինանսական միջոցներ, որովհետև այդ պակասը մենք լրացրել ենք պայմանագրային զինծառայողներով, «Պաշտպան հայրենյացով», ինչը մեծ ֆինանսական բեռ է բանակի համար։

Այսինքն՝ այդ օրենքը շուտ պետք է անենք, պետք է քաղաքացիությունից հրաժարվողներին նույնպես դեմն առնենք։ Ու նաև, երբ այս նախագիծն ընդունենք, տեսեք հիմա ոնց է. քաղաքացին, որ ուզում է իր երեխան չծառայի, առաջինը՝ առողջականով է փորձում անել, կամ փորձում է քաղաքացիությունից հրաժարվել։ Եթե մենք հիմա բերում ենք, քրեականացնում ենք փորձաքննությունից հրաժարվելը, բոլորին ուղղորդում ենք քաղաքացիությունից հրաժարվելու դաշտ։ Ես դեռ այն ժամանակ պնդում էի, որ պետք է արվի փաթեթով, որպեսզի բոլոր սողանցքները միաժամանակ փակենք։ Այսինքն՝ երբ ուժեղացնում ենք այստեղ վերահսկողությունը, ուրիշ ճանապարհով է խուսափողների թիվը աճում։ Երբ որ իմ առաջարկով առողջական խնդիրների 404 որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, մենակ մի հոդվածով 1000-ից ավել մարդ քիչ է ազատվել մի տարվա ընթացքում, բայց տեսել ենք, որ երկրից փախնողների թիվը կրկնապատկվել է»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Անդրանիկ Քոչարյանը կիսահեգնական հարցրեց. «Հիմա սա ելո՞ւյթ էր, թե առաջարկություն»։

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031