Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կանգնեք այս փոքր Ադոլֆի կողքին, մի սատարեք նրան՝ երկրի ներսում քաղաքական ռեպրեսիաների ճանապարհին»․ պահանջ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Հուլիս 02,2026 13:39 Share

«ՀայաՔվե» միավորումը և «Մայր Հայաստան» կուսակցությունը բողոքի ցույց պետք է անցկացնեին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։ Սակայն ոստիկանները թույլ չտվեցին ցույցն անցկացնել կառավարության շենքի մոտ, քանի որ շենքում համատեղ հայտարարությամբ ու մամուլի ասուլիսով հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանն ու Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ցույցն անցկացվեց կառավարության շենքից բավական հեռավորության վրա։ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն անգլերեն ընթերցեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակը, որում բարձրաձայնվում է Հայաստանում բռնաճնշումների ու քաղբանտարկյալների մասին։

«Այսօր մենք այստեղ ենք եկել՝ հետապնդելով մեկ նպատակ, որպեսզի կարողանանք թեկուզ այս հեռավորությունից բարձրաձայնել Հայաստանում տիրող բռնաճնշումների մասին։ Մենք երկու լեզվով հայտարարություն ենք կազմել, այն ուղարկել ենք տիկին ֆոն դեր Լայենի պաշտոնական հասցեին»,- ասաց Աննա Կոստանյանը։ Նշվեց, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ եւս տեղեկանք է կազմվել, որը փոխանցվել է եվրոպական կառույցներին։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում գովեստի խոսքեր է շռայլում մի մարդու, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Նրա խոսքով՝ այսօր եվրոպական կառույցների քաղաքականությունը հիմնված չէ արժեքների վրա, հիմնված է շահերի վրա։ Բայց ամեն ինչ ստատիկ չէ, եվրոպական երկրներում եւս տեղի են ունենում իշխանությունների փոփոխություններ։ «Եվ եթե մենք այստեղից անհրաժեշտ ազդակներ չուղարկենք, ապա միամտություն կլինի կարծել, որ առանց մեր բարձրացրած պահանջների սայլը տեղի կշարժվի»,- ասաց նա։

Մենուա Սողոմոնյանն իր ելույթում դիմեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

«Այստեղ գալուց առաջ, տիկին ֆոն դեր Լայեն, դուք գտնվել եք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել եւ չեն ապրում իրենց հազարամյա բնօրրանում։ Իսկ այսօր ձեր այցով, ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի ու կարծիքի համար։ Ազատ խոսքը հանցանք չէ, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ իմանաք՝ այդ թվում՝ ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով։ Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունը, որովհետեւ իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների ընդդիմախոսների դեմ գործեր կարելով։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր խոսում են ազատությունից, սահմանադրականությունից, պաշտանում են ընտրական իրավունքը, այսօր բանտերում են»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

 

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ հայտարարեց, որ այս իշխանությունները եվրոպական ինտեգրման անվան տակ իրականացնում են հակաժողովրդավարական, մարդու իրավունքների դեմ ուղղված բռնատիրական քաղաքականություն։

«Իրենք քաղաքական հակառակորդներին ձերբակալել են մինչեւ ընտրությունները, ընտրությունների ընթացքում, ընտրություններից հետո եւ խոստանում են շարունակել այդ ձերբակալությունները։ Նման որակի խայտառակ իշխանություններ Հայաստանը երբեք չի ունեցել։ Բայց այս ամենը, անշուշտ, արվում է արտաքին շահառուների եւ աջակիցների հստակ աջակցության պայմաններում։ Բայց ամենակարեւոր, ամենաառանցքային վտանգը, որը դրված է այդ գործողությունների հիմքում, դա Հայաստանի երրորդ հանրապետության հիմքերի խարխլումն է՝ այսպես կոչված սահմանադրական հանրաքվեի տեսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրը ուրանալու տեսքով։ Նիկոլ Վովայի Փաշինյան, այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը մշակել ես, ինչո՞ւ եք թաքուն պահում։ Որովհետեւ այդ նախագիծը գրված է Իլհամ Ալիեւի հստակ պատվերի շրջանակներում։ Դու ուզում եք խարխլել Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ դիպչելով Անկախության հռչակագրին։ Եվ ահա, այդ ճանապարհին է, որ մարդկանց նետում ես բանտերը, կեղծ, շինծու գործերով փորձում ես վարկաբեկել, բայց շատ կարճ ժամանակ անց դատարաններում այդ գործ կոչվածները պայթում են, քայքայվում են, մարդիկ դուրս են գալիս ազատության մեջ, բայց այդ ընթացքում արդեն քո սեւ գործն արած ես լինում։ Ահա, այստեղ է, որ եվրոպացիները պետք է հասկանան, որ փաշինյանական Հայաստանում աղմկահարույց քաղաքական գործերը, որոնցով քաղաքական օպոնենտներին նետում են բանտերը, ի սկզբանե եղել են քաղաքական պատվեր»,- նշեց Սուքիասյանը։

Նա կոչ արեց եվրոպացի պաշտոնյաներին չսատարել մի իշխանության, որը չունի 50 + տոկոս ձայներ։ «Տիկնայք եւ պարոնայք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մի ոտնահարեք արժեք ներկայացնող եվրոպական սկզբունքները, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, մի կանգնեք բռնատիրական հակումներ ունեցող այս փոքր Ադոլֆի կողքին, մի սատարեք նրան՝ իր երկրի ներսում քաղաքական ռեպրեսիաների անցկացման ճանապարհին։ Դրանով դուք հայ ժողովրդի մոտ սերմանում եք անվստահություն եւ հակակրանք ձեր հանդեպ։ Այնինչ, Հայաստանը շատ հոգեհարազատ է համարում եվրոպական արժեքներն ու եվրոպական ընտանիքին։ Մի սատարեք Փաշինյանի ռեժիմին, որը հանցավոր է»,- նշեց Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանն էլ նշեց․ «Շատ կարեւոր է հասկանալ՝ մենք այսօր ինչ երկրում ենք գտնվում։ Մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգ այլեւս գոյություն չունի, որտեղ չկան սահմանադրական ազատություններ։ Ունեցվածքի սեփականության իրավունք չունի, գործող վարչապետն ասում է՝ բոլորին սնանկացնելու եմ։ Հայաստանում չկա խոսքի ազատություն, մարդկանց դատարանների միջոցով զրկում են խոսելու իրավունքից, գործող վարչապետն է որոշում՝ ով պետք է լինի կաթողիկոս, ով չպետք է լինի կաթողիկոս։ Հայաստանում չկա անմեղության կանխավարկած, եւ գործող վարչապետը հրահանգներ է տալիս՝ ում բռնել, ում չբռնել, ում ասֆալտին պառկեցնել, ով է պետական դավաճան։ Եվ իրավապահ համակարգն այս ամենը կատարում է։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանում այլեւս Սահմանադրություն չի գործում, եւ մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքները վերականգնելն է։ Սա է համար մեկ քաղաքական խնդիրը, եւ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ մենք անօրինական երկրում ենք գտնվում, ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, եւ այդ բռնապետությունն ունի արտաքին հովանավորներ։ Հովանավորներից մեկը այսօր Երեւանում է՝ ֆոն դեր Լայեն ազգանունով մի կին, որն այս ամբողջ անօրինականությունները ներկայացնում է որպես ժողովրդավարության պահպանություն»։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այսօրվա միակ քաղաքական օրակարգը Սահմանադրությունը վերականգնելն է, քաղաքական պայքարը պետք է ընթանա նորից սահմանադրական երկիր դառնալու համար։

«Քաղաքացիները չպետք է խաբվեն դեմոկրատիա կոչվածին, որովհետեւ այն դեմոկրատիան, որը մեզ առաջարկվում է, դա դեմոկրատիայի ավարտն է։ Դեմոկրատական կոչվող Եվրոպական միությունն այսօր ոչնչացնում է դեմոկրատիայի վերջին նմուշները Հայաստանում՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։ Մենք չպետք է խաբվենք այդ ամենին, մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու։ Իսկ այսօրվա ակցիայի նպատակն է բացել դեմոկրատիայի անունից հանդես եկող այդ մարդկանց իրական դիմակները»,- հավելեց Ստեփան Դանիելյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031