«ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերն է։ ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ։ Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում, ստանում ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում»,- ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատանքային այցի շրջանակներում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Ուրսուլա ֆոն դեր Լայենին շնորհակալություն հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով նյութական աջակցության համար․ «Լիահույս ենք, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանման խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալ եմ ԵՄ անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջավայր կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։ Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակում կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացը հանգեցնի ՀՀ քաղաքացիների համար տեսանելի արդյունքի, Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանեց․ «Ուզում եմ ասել, որ ՀՀ-ն ԵՄ-ի միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզաների ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ։ Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Գիտենք, որ նվիրված եք այդ օրակարգին։ Գնահատման նոր առաքելություն կգա այս աշնանը ՀՀ առաջընթացը գնահատելու համար։ Սա գործընթաց է, որն առաջնորդվում է որոշ չափանիշների բավարարմամբ։ Դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, բոլոր անհրաժեշտ չափանիշները բավարարելուց հետո կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմի»։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս առիթով ասաց․ «Նախընտրական շրջանում հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք երկու տարվա ընթացքում այսինքն՝ 2029-ի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն։ Համաձայն եմ՝ շատ բան մեզնից է կախված․ հարցերը ոչ թե ԵՄ-ին պիտի տանք, այլ մեզ, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀ ժողովուրդը սպասում է այդ որոշմանը։ Մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականին արագ ու արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































