«Ուրսուլա, ամոթ քեզ, դու եկել ես Հայաստան՝ որպես չորրորդ դասի մի երկիր՝ արհամարհելով Հայաստանի Հանրապետությունում օրվա իրավիճակը»,- այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ «ՀայաՔվե» միավորումը, «Մայր Հայաստան» կուսակցությունը եւ քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով եւ պահանջներ ներկայացրեցին Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնացել էր Ադրբեջան եւ 2 մլրդ դոլարանոց պայմանագիր ստորագրել միջազգային հանցագործ համարվող Իլհամ Ալիեւի հետ։ «Այնպես որ այսօրվա այս ճամփորդությունը՝ Ադրբեջան գնալ, հետո գալ Հայաստան, այնպես չէ, որ ինքը հանկարծակի մտածեց։ Նա շարունակում է այն գործունեությունը, որի համար իրեն առաջ են քաշել ոչ թե Եվրոպայի ժողովուրդները, այլ հայտնի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները։ 2020 թվականից հետո ես միշտ ասել եմ՝ արյունոտ Ուրսուլա։ Եվրոպական գրականության մեջ հայտնի է այդպիսի անվանում, եւ այսօր Հայաստան է եկել ահա այս տիկինը, որն իրապես իրավունք չունի այլ անունով կոչվել, քան արյունոտ Ուրսուլա»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նա կոչ արեց ուշադրություն դարձնել, թե կրթական ինչ մակարդակ ունեցող անձինք են այսօր քաղաքական հետապնդումների ենթարկվում ու կալանավորվում։ «Մի նայեք՝ ովքեր են այսօր հետապնդվում։ Սա նշանակում է, որ իրեն ՔՊ-ականների առաջնորդ համարող անձը պարզապես շարունակում է էլիտաների դեմ իր պայքարը։ Եվ ինքը շարունակելու է դա՝ մինչեւ մենք չկարողանանք միասնական ձայն բարձրացնել»,- ասաց Ալավերդյանը՝ կոչ անելով քաղհասարակությանն ու քաղաքական կուսակցություններին՝ շտեմարան ստեղծել, որում կներառվեն այս տարիներին քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց ցուցակները։ Նա նշեց, որ պարտավոր ենք դիմել ՄԱԿ-ի ու Եվրոպայի մարմիններին՝ ցույց տալու, թե Հայաստանում քանի տասնյակ մարդկանց նկատմամբ են հետապնդումներ տեղի ունեցել։
Ըստ Ալավերդյանի՝ Հայաստանն ավելի պաշտպանված չէ, քան Արցախը, Արցախի հանձնումը դաս պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար։ «Այսօր մենք գիտենք, որ նոր օրենք են ուզում ընդունել՝ ընտրելու իրավունքից զրկելու ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ապրում են երկրից դուրս։ Դա վերջ չէ, դա սկիզբ է նոր բռնաճնշումների ալիքի»,- հայտարարեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Հայաքվեի»


























































