«Ինչպես մենք օգնում ենք ՀՀ-ին դիվերսիֆիկացնել առևտուրը, որն ավելացնում է դիմակայունությունը, մենք ուզում ենք ՀՀ-ին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ ԵՄ-ից կժամանեն Հայաստան»,-փաստմանը՝ ՀՀ-ն շարունակում է կախման մեջ մնալ ռուսական գազից ու էներգետիկ ենթակառուցվածքներից և հարցին՝ եթե ՌԴ-ն որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել՝ որպես քաղաքական ճնշման գործիք, ի՞նչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել ԵՄ-ն, ՀՀ-ում իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա վստահեցրեց՝ Մոլդովայում և Ուկրաինայում այդ փորձն ունեցել են և կուտակել են մեծ հմտություններ, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը․ «ՀՀ-ին պատրաստ ենք սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք»։
Հարցին՝ արդյոք չեք բացառո՞ւմ, որ կկրկնվի 2013-ի իրավիճակը, երբ ՀՀ-ն մեկ գիշերում քաղաքական ճնշումների տակ հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կարճ ու կոնկրետ պատասխանեմ՝ բացառում եմ։ Դա հնարավոր չէ՝ առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է ՀՀ-ն և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից մենք երբեք խնդիր չենք դրել ու չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և, բնականաբար, մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը»։
Կարդացեք նաև
Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































