Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի՝ առաջին հայացքից անմեղ թվացող քաղցրավենիքի բաժանումը» օրենքի խախտում է»․ «Նոր ուժի» դիմումը ՍԴ-ին

Հուլիս 03,2026 16:57 Share

«Չնայած որևէ անձ օրինական ուժ ստացած դատական ակտով չի դատապարտվել կամ անմեղ չի ճանաչվել ենթադրյալ ընտրակաշառք տալու համար, սակայն հասարակության մոտ մոնտաժված և ընտրողաբար ներկայացված ձայնագրություններն արդեն իսկ ձևավորել են տպավորություն, որ բաժանվել է ընտրակաշառք»,-ամրագրված է Սահմանադրական դատարանի (ՍԴ) կայքում տեղադրված «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումում։ 

Դիմումում խախտումները ներառված են երկու փուլով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրական իրավունքի զանգվածային բնույթի խախտումներ և քվեարկության օրը կատարված խախտումներ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրական իրավունքի զանգվածային բնույթի խախտումներ բաժնում անդրադարձ է կատարվում կենսաթոշակների բարձրացմանը՝ պնդելով, որ այս քայլով իշխող ուժն էականորեն բարելավեց իր նախընտրական դիրքերը մյուս կուսակցությունների համեմատ, որոնք օբյեկտիվորեն զրկված են պետական բյուջեի միջոցով նախընտրական սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից։

Վարչական ռեսուրսի անխնա օգտագործում բաժնում ներկայացված են ՔՊ-ի հանրահավաքներին դպրոցների տնօրենների, ուսուցիչների, աշակերտների, համայնքային կազմակերպությունների մասնակցության բազմաթիվ դեպքեր, որոնց հղումները բերված են մամուլից։

Դիմումում «Նոր ուժի» ներկայացուցիչներն այսպիսի պնդում են անում․ «Վարչական ռեսուրսն օգտագործվել է նաև այլ ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հասարակության մոտեցումները փոխելու համատեքստում՝ անմեղության կանխավարկածի բացառիկ խախտումներով։ Մասնավորապես՝ տարածվել են ենթադրյալ ընտրակաշառք տալու վերաբերյալ ձայնագրություններ, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում։ Ընդ որում, այս ձայնագրությունները տարածել է Հակակոռուպցիոն կոմիտեն իր պաշտոնական էջի միջոցով։ Միևնույն ժամանակ հատկանշական է, որ կառավարող կուսակցության կամ դրա օգտին արված խախտումների վերաբերյալ գաղտնալսումներ և այլ վարկաբեկող նյութեր Հակակոռուպցիոն կոմիտեն չի հրապարակել»։

Հղում կատարելով ԸՕ 19-րդ հոդվածին՝ «Նոր ուժը» ՍԴ ներկայացրած իր դիմումում պնդում է, որ «Նիկոլ Փաշինյանի՝ առաջին հայացքից անմեղ թվացող քաղցրավենիքի բաժանումը» օրենքի խախտում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ առաջին հայացքից անմեղ թվացող քաղցրավենիքի բաժանումը վստահաբար չէր ներվելու որևէ ընդդիմադիր առաջնորդի։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քարոզարշավը զուգորդվել է՝ տարբեր տեսակի սննդամթերք բաժանելով, և դա արվել է ակնհայտ, ավելին՝ լայնորեն լուսաբանվել է, սակայն որևէ պատկան մարմին որևէ գործողություն չի կատարել ընտրական օրենսդրության պահանջները պահպանելու ուղղությամբ»։

Ընտրության օրն արձանագրված մասսայական խախտումների շարքում «Նոր ուժն» իր դիմումում ներառել է այն, որ զինվորները զրկվել են ընտրություն կատարելու իրավունքից, քանի որ իրենց սահմանված ժամին թույլ չեն տվել գնալ ընտրատեղամաս, որովհետև զինվորին «ստիպել են» ընտրական օրենսդրության խախտումներով քվեարկել»։

Ըստ «Նոր ուժի»՝ անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17097-ը, աննախադեպ է․ «Այդ թիվն արդեն հուշում է, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Թե′ 2018, թե′ 2021 ԱԺ ընտրություններին անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5000-ը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031