Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ԵՄ-ն և արևմտյան երկրները փորձեն փոխարինել ՌԴ-ին, ռուսաստանյան էներգետիկ պաշարները հնարավոր չէ փոխարինել»․ Վլադիմիր Ավատկով

Հուլիս 04,2026 16:23 Share

«Ինչքան էլ ԵՄ-ն և արևմտյան երկրները փորձեն փոխարինել Ռուսաստանին, դա նույնիսկ նրանց չի հաջողվում իրենց ներքաղաքական խնդիրների շրջանակում։ Այն բոլոր գեղեցիկ խոստումները, խայծերը, որ արևմտյան երկրները այսպես ասած կախում են Հարավային Կովկասի երկրների ականջին, դա նրանց չի հաջողվելու նաև հենց նրա համար, որ հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգապաշարներն այլ էներգետիկ պաշարներով»,- Երևանում անցկացվող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների եւ հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։

Ըստ նրա՝ էներգետիկ հարցերը շատ կարևոր են Հարավային Կովկասի զարգացման համար։

Անդրադառնալով Թուրքիային՝ Վլադիմիր Ավատկովն ասաց․ «Հարևան Թուրքիան անգամ ինքն իրեն չի կարող ամբողջությամբ ապահովել էներգետիկ պաշարներով, քանի որ իրեն կարող է ապահովել էներգառեսուրսներով ընդամենը 10 տոկոսով։ Նա էներգետիկ պաշարներ է գնում այլ երկրներից՝ այդ թվում Ռուսաստանից։ Ուստի ակնկալել, որ Հայաստանի հետ դրական հարաբերությունների պարագայում Թուրքիան կարող է ՀՀ-ին ապահովել էներգետիկ պաշարներով, ուղղակի անհնար է։ Անգամ եթե դա լինի, ապա գազի գինը մի քանի անգամ ավելին է լինելու, քան ներկայումս ռուսական գազինն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը էներգառեսուրսների է տիրապետում, ապա բոլորը գիտեն, որ նրա էներգետիկ ռեսուրսները սպառվում են։ Բացի այն Ադրբեջանն ունի դաշնագրային պարտավորություններ, որոնք չի խախտի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար՝ նույնիսկ տեսականորեն։ Անգամ Ադրբեջանի հետ այս ոլորտում համագործակցության դեպքում գազի գինը հաստատ ռուսական գազի գնից ցածր չի լինի։ Իհարկե, երկարաժամկետ կտրվածքով կարելի է հարաբերությունները լավացնել Մերձավոր Արևելքի երկրների հետ, որպեսզի դիվերսիֆիկացնեն էներգառեսուրսների ապահովումը, բայց դա ժամանակ, ենթակառուցվածքներ և ֆինանսական ռեսուրսներ է պահանջում»։

Ըստ փորձագետի՝ սա հատկապես բարդ է ապահովել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների համատեքստում։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա ասաց․ «Հայաստանն ինքը պետք է իր ապագան որոշի։ Եթե գնում է եվրոպական ինտեգրման ճանապարհով, ապա դա հնարավոր չէ անել ՌԴ-ի հետ հարաբերությունների հաշվին։ ՌԴ-ն գործում է՝ այն տրամաբանությունից ելնելով, ինչ մենք լսում ենք պաշտոնական Երևանից։ Եթե Հայաստանը գնում է դեպի ԵՄ, սա հնարավոր չէ համադրել Եվրասիական Միության հետ․ գործնականում անհնար է։ Դա զուտ տնտեսական հարց է․ չես կարող լինել մի քանի ինտեգրացիոն հարթակներում, առավել ևս, որոնց օրենսդրությունը չի համապատասխանում միմյանց։ Այս տեսանկյունից ՀՀ-ի՝ ԵՄ-ի ինտեգրումը  չի կարող վճարվել Ռուսաստանի կողմից։ Այստեղից էլ բխում են  այն բոլոր ցավոտ սահմանափակումները, որոնք նաև ցավոտ են Ռուսաստանի, ռուս հանրության համար։ Պարզ բան ասեմ՝ ծիրանի գինը աճել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031