Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող 100 տոկոսով անկախ Սահմանադրական դատարան լինել, որը 90%-ով նշանակված է այն ուժի կողմից, որի հարցը քննում է»

Հուլիս 05,2026 22:16 Share

«Սահմանադրության փոփոխության օրակարգը համարում ենք կարեւոր թեմա, որքան էլ տարբեր հանրային գործիչներ մեզ ասում են՝ եթե Սահմանադրության փոփոխությունից եք խոսում, Ալիեւի ջրաղացին եք ջուր լցնում, որովհետեւ մեկ էլ Ալիեւն է ուզում, որ Սահմանադրությունը փոխվի եւ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ, այս թեմայի մասին պետք է խոսել, որովհետեւ որեւէ տեղ գրված չէ, որ այն բոլոր փաստաթղթերը, որոշումները, որոնք 30-ամյա մեր պատկան մարմինները, նաեւ քաղաքական պաշտոնյաները պատասխանատվություն են վերցրել իրենց վրա գրելու եւ դրանով որոշելու Հայաստանի ճակատագիրը, դրանք բացարձակ ճշմարտություն են։ Դրանք միշտ ենթակա են փոփոխման ու լավարկման։ Դրանք չեն եղել մեր քաղաքացիների պատվերը եւ այսուհետ պետք է դառնան մեր քաղաքացիների պատվերը։ Թե ինչպես, դրա մեխանիզմները կան»,- «Սահմանադրությունը՝ որպես  միահեծան իշխանության բացառման երաշխիք» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա նշեց, որ հանրային խորհուրդներ կան, որտեղ հասարակության տարբեր շերտերից մասնագետներ են ներգրավվում, ովքեր այս հարցերի շուրջ պետք է արտահայտեն իրենց կարծիքը, թուղթ ու գրիչը վերցնեն եւ սկսեն գրել ժողովրդի համար ցանկալի ու կարեւոր օրակարգեր։ «Առաջարկս հետեւյալն է՝ իսկ ինչո՞ւ մենք չենք կարող այդ հանրային խորհուրդները ձեւավորել՝ տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներին վերաբերող։ Թեկուզ հենց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ի վերջո, այն փոփոխությունները, որոնք փորձում է բերել ու անել Նիկոլ Փաշինյանը, այդ փոփոխությունները ձեւավորվել են հասարակական տարբեր շերտերի կողմից, օրինակ, Դանիել Իոաննիսյան եւ մյուսներ։ Ասածս հետեւյալն է՝ հիմա մեզ սպասվում են իրենց կողմից բերված շատ ավելի մեծ փոփոխություններ, որոնց պետք է դիմադրություն ցույց տալ, որովհետեւ արդեն կարիք չկա փաստեր բերել ու խոսել, թե այդ օրակարգերն ինչպիսին են։ Այդ օրակարգերը բացարձակ չեն բխում Հայաստանի ազգային շահերից։ Հետեւաբար, կարող ենք եւ պետք է մեր հանրային օրակարգը ձեւավորենք՝ հենց այսպիսի հանրային խմբեր ստեղծելով, ներգրավելով փորձ ու գիտելիք ունեցող մարդկանց»,- նշեց Աննա Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բժիշկ Հայկ Մանասյանն էլ ասաց, որ չի կարող 100 տոկոսով անկախ Սահմանադրական դատարան լինել, որը 90 տոկոսով նշանակված է այն ուժի կողմից, որի հարցը քննում է։ Մանասյանը նույնպես առաջարկեց պարբերաբար քննարկումներ կազմակերպել այս հարցերով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային քննարկումը կազմակերպել էր Հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնությունը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Քննարկման ժամանակ որոշվեց, որ այս հարցով հանրային քննարկումները շարունակվելու են։ «Մենք՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, լինելու ենք «ոչ»-ի ճակատի ակտիվ զինվորներից եւ ամեն ինչ անելու ենք, որ Ալիեւի սահմանադրական փոփոխությունը Հայաստանում չիրականացվի»,- հայտարարվեց քննարկման ժամանակ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031