«Ուղիղ քաղաքական հետապնդում ու վրեժխնդրություն է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ձևով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացին:
Հիշեցնենք, որ երեկվանից Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններից հետո, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Սաղաթելյանի խոսքով՝ այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանը ձգտում է երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա. «Լավ գիտակցելով, որ զուրկ է լեգիտիմությունից, նման կերպ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդմամբ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և իր արտաքին գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար»։
Կարդացեք նաև
Սաղաթելյանի խոսքով՝ այս իշխանության դեմ, որը, նրա գնահատմամբ, զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն ու կարմիր գիծ և իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ դիմադրություն, որտեղ բոլոր քաղաքական ու ազգային ուժերը կմիավորեն իրենց ջանքերը և կկազմակերպեն դիմադրություն։
Անդրադառնալով մանդատները վերցնելու և խորհրդարան գնալու հարցին՝ Սաղաթելյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչ օրակարգով են գործուղվելու Ազգային ժողով. «Այն օրակարգով, որի մասին մեր դաշինքը երկու օր առաջ հայտարարեց։ Այն ամենը, ինչ անելու ենք, այդ օրակարգը սպասարկելու համար է։ Դիտարկում ենք մանդատը որպես գործիք ու հնարավորություն, ոչ թե խոչընդոտ՝ մեր նպատակներին հասնելու համար»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































