Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է. «Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները, իսկ նրանք շատ են, տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը։ Նրանք չէին կարող ու չեն եղել քաղաքական մտքի կրողներ, նրանք չեն ունեցել քաղաքական կողմնորոշումներ, բայց իշխանության հետ ունեցած մտերմության հաշվին, բնականաբար, զարտուղի ճանապարհներով, հսկայական հարստություն են դիզել, ինչը քաղաքական դաշտում որոշիչ դերակատար դառնալու հնարավորություններ է տվել նրանց։ Փողը վճռական է ոչ միայն Հայաստանում։
Երկրի քաղաքական կյանքում նրա ու նրանց դերակատարումը միշտ էլ բացասական է եղել, իսկ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ու հետընտրական ընթացքում իր գագաթնակետին հասավ։ Այդ շրջանում նրա ու նրանց դերակատարումն ուղղակի ավերիչ էր։ Նրանց մարդիկ էին ընտրատեղամասերից առեւանգում ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, նրանց մարդիկ էին խափանում-խաթարում ընտրությունների ընթացքը, նրանց մարդիկ էին ընտրակաշառքներ բաժանում, նրանց մարդիկ էին սադրանքներ կազմակերպում, նրանց մարդիկ էին ահաբեկում, խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով նրանց մարդիկ էին զինվորական համազգեստ ու զենք ստանում։
Այս ամենը հայտնի է։ Չկա ոչ մի նորություն։ Գիտեն բոլորը։ Սա, սակայն, չպետք է խանգարի ասելու, որ այն ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ քինախնդրությունից ծնված հաշվեհարդար է։ Սա օրենքի ու օրինականության հետ կապ չունեցող գործողություն է։ Սա ուժի ցուցադրում է։ Սա տեղի չէր ունենա, եթե նա վերջին ընտրություններին մասնակցության հայտ չներկայացներ։
Հետեւաբար՝ սա դատապարտելի է»։
Կարդացեք նաև
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն էլ գրում է.
«1.Հանրային ասպարեզում Գագիկ Ծառուկյանը ինձ համար եղել եւ մնում է միանշանակ անընդունելի կերպար։ Այս հարցում հաստատ միակը չեմ,
2.Համոզված եմ, որ իր կարողությունը ու ազդեցության լծակները ձեռք են բերվել հիմնականում անազնիվ ճանապարհներով,
3.Այն սոցիալական կարգավիճակը, որ ունի (եւ դեռ կարող է որոշ չափով պահպանել) Ծառուկյանը, ինչպես եւ իր նմանները հետեւանք է մեր հասարակությունում առկա խիստ անառողջ դրսեւորումների եւ քաղաքական, պետական համակարգի, ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիներին, չկայացվածության,
4.ԲՀԿ-ն տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական միջավայրի ապականման պատճառներից մեկն էր,
5.Ծառուկյանի նկատմամբ բոլոր ճակատներով հետապնդումները ունեն հաշվեհարդարի ակնհայտ բնորոշիչներ,
6.Ծառուկյանի ձերբակալության հանգամանքները չեն տեղավորվում օրենքի տառի ու ոգու անգամ ամենալայն շրջանակների մեջ,
7.Կենդանիների ծայրահեղ անպատասխանատու գործողություններով ներգրավումը «Առինջի օպերացիայում» ամբողջ պատմության լրացուցիչ տգեղ, ամոթալի դրվագ է…
8.Պաշտոնական մակարդակով արձագանքը (ինչպիսին որ կա) տեղի ունեցածի վերաբերյալ հուշում է, որ գործ ունենք ոչ թե եզակի դեպքի, այլ միտման հետ,
Սոցիալական ցանցերում (եւ ոչ միայն) փորձերը լրջով բացատրել, անգամ արդարացնել վերջին չորս կետերը առաջին չորսով՝ առիթ է մեր հանրային կյանքի ու իրավագիտակցության խորը ճգնաժամի մասին եւս մեկ տխուր արձանագրում կատարելու»։


















































