Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին շրջանում թափ հավաքող քաղաքական ձերբակալությունների, մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան իրավապահների ներխուժելու եւ նրան կալանավորելու մասին՝ ասաց. «Թեմաները շատ են, բերման ենթարկվածները շատ են, քաղհալածյալները շատ են, դավաճանությունը շատ է։
Տեղի է ունենում բռնապետական համակարգի ամրապնդում, որտեղ բոլորի քաղաքական իրավունքները հալածված են։ Ես չեմ զարմանա, որ արդեն գոյություն ւոնի 37 թվականի НКВД-ի իջեցված 0047 հրամանը, որով հանձնարարվում էր գնդակահարել, աքսորել, սիբիրներ ուղարկել «պետության թշնամիներին, հակահեղափոխական տարրերին»։ Չեմ զարմանա, եթե հենց հիմա նման ցեղասպանական հրաման գոյություն ունի, որը մենք բացահայտելու ենք տարիներ անց։
Արեգնազի, նրա պայքարի համար, վստահ եմ, սա շատ մեծ խնդիր չի լինելու, իսկ նրա ընտանիքին ուժ ու կորով եմ մաղթում։ Այսօր դիմադրության գործիչներին պատանդ վերցնելու, առեւանգելու նպատակը Հայաստանը Թուրքիային ձուլելը եւ սահմանադրական հանրաքվեն կեղծիքներով անցկացնելն է»,- ասաց բանախոսը։
Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավորում է արդեն այսօր հիմնական քաղաքական ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով։
Կարդացեք նաև
«Ողջունում եմ Գագիկ Ծառուկյանին, որ դավաճանների հետ պայմանավորվածության չգնաց։ Հիմա փաստացի ընտրական օրենսգրքում խտրական փոփոխություն են կատարել, որով Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիների զրկել են ընտրական իրավունքից։ Սա արդեն հանրաքվեի կեղծիք է, որովհետեւ հանրաքվեների մասին օրենքում կետ կա, որ առնվազն 25 %-ը պետք է մասնակցություն ցույց տա, որպեսզի այդ հանրաքվեն անցնի, եւ եթե «այո» քվեարկողների թիվն ավելի մեծ լինի եւ գերազանցի 50 %-ը։ Այսպես, փաստացի, քաղաքացիներին զրկելով ընտրելու իրավունքից, նվազեցնում են ընտրողների թիվը։ Հետեւապես, 25 % ստանալու համար ավելի քիչ մարդ է հարկավոր։ Այսինքն, կեղծում են, ոչ թե սահմանադրական հանրաքվե են անում, որպեսզի քաղաքացիները սահմանադրությամբ իրենց վերապահված հոդվածով իրացնեն իրենց իշխանությունը ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով, այլ հատուկ այնպես են անում, որպեսզի կեղծելով անցկացնեն հանրաքվեն։ Սա իհարկե կեղծիք է եւ հենց հիմա հանրաքվեն կեղծվում է»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































