Երևանում հոկտեմբերի 17-ին կներկայացվի Ջորջ Օրուելի «1984» դասական հակաուտոպիական վեպի հիման վրա ստեղծված մուլտիմեդիոն մյուզիքլը, որի ռեժիսորը Կոնստանտին Կամենսկին է, բանաստեղծությունների հեղինակը՝ Վերա Պոլոզկովան, ներկայացման մեջ ներգրավված են Եվգենի Պրոնինը, Ալեքսանդր Կրասովիցկին, Թեոնա Դոլնիկովան և Վլադիմիր Դարագանովը։
Սիրո և ազատության մասին հանրահայտ պատմությունը տեղափոխվել է մեր օրեր՝ թոք-շոուների, էկրանների և համատարած թվային հսկողության աշխարհ։ Այստեղ Մեծ Եղբայրն այլևս չի հետևում տեսախցիկների աչքերով։ Նա ուղիղ եթեր է մտնում, խոսում միլիոնավոր հանդիսատեսի հետ և աննկատ կերպով փոխարինում իրականությունը:
Ներկայացման կենտրոնում երկու մարդկանց պատմությունն է, որոնք փորձում են պահպանել իրենց սերը մի աշխարհում, որտեղ զգացմունքները դարձել են հանցագործություն, բառերը կորցրել են իմաստը, իսկ ճշմարտությունն ամեն օր վերախմբագրվում է։ Երաժշտությունը դարձել է դրամատուրգիայի անբաժանելի մասը․ այն սկսվում է այնտեղ, որտեղ բառերն այլևս անզոր են։ Բոլոր երաժշտական ստեղծագործությունները գրվել են հատուկ այս ներկայացման համար։ Երաժշտության հեղինակը հայտնի ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Ալեքսանդր Կրասովիցկին է՝ Animal ДжаZ և Zero People խմբերի լիդերը։ Սա դասական վեպի վերապատում չէ, այլ ժամանակակից երաժշտական ներկայացում՝ վախի, ազատության, հիշողության և սիրո մասին, այն բանի մասին, թե ինչն է մնում մարդու մեջ, նույնիսկ երբ համակարգը փորձում է ամեն ինչ վերաշարադրել։
Կարդացեք նաև
Aravot.am-ը «1984» մյուզիքլի մասին զրուցել է մյուզիքլի պրոդյուսերի և «Կինոկլուբ Երևան»-ի հիմնադիր Սերգեյ Ցելիկովի հետ: Հարցին, թե ինչու որոշեցին Օրուելի հայտնի գործը ներկայացնել մյուզիքլի ժանրում, Սերգեյն այսպես արձագանքեց. «Ովքեր կարդացել են Ջորջ Օրուելի «1984»-ը, շատ լավ հիշում են, որ գրքի երկրորդ կեսն ամբողջությամբ նկարագրում է խոշտանգումները։ Բացի այդ, Օրուելը մեծ ուշադրություն է դարձնում հասարակությանն ու աշխարհակարգին։ Երբ առաջարկեցի ռեժիսոր Կոստյա Կամենսկուն բեմադրել այս գործը, նաև անմիջապես ասացի, որ անհնար է ամբողջ ծանրությունը տառացիորեն ցույց տալ այնպես, ինչպես Օրուելն է գրել, հատկապես այս դժվար ժամանակներում։ Մեր նպատակը, ի վերջո, այդ ամենը ընդհանրացնելն էր, որոշակի եզրակացությունների հասցնելը, այլ ոչ թե գրքի բովանդակությունը նույնությամբ վերապատմելը։ Դա հանդիսատեսի համար չափազանց ծանր կլիներ դիտելը, հիմա՝ առավել ևս։ Կոստյան համաձայնեց ինձ հետ և ասաց, որ այդ դեպքում ներկայացման մեջ պետք է շատ երգեր լինեն։
Քանի որ Օրուելի բնօրինակ պատմության գլխավոր հերոսը՝ Ուինսթոնը, օրագիր էր գրում, մենք եկանք այն մտքին, թե ինչու նա չլինի մի տեսակ բարդ, օրինակ՝ Վիսոցկու նման, որը բանաստեղծություններ է գրում։ Այդ բանաստեղծությունների հիման վրա նրա օրագրային գրառումները հետո գաղտնի տարածվեն, մարդիկ դրանք անգիր սովորեն, դրանց հիման վրա երգեր գրեն, և այդ երգերը դառնան դիմադրության օրհներգը։ Ու Ուինսթոնը, որն Օրուելի մոտ, ըստ էության, համակարգի մի փոքրիկ պտուտակ էր, հենց այդ պտուտակն էլ խարխլեց ողջ համակարգը՝ շնորհիվ այն բանի, որ իր երգերով ու բանաստեղծություններով լիցքավորում էր զանգվածներին։ Հետո ծագեց հետևյալ գաղափարը, ասացի. «Կո՛ստյա, քանի որ հերոսին բանաստեղծ ենք դարձնում, արի մյուզիքլն էլ անենք մեր քնարական հերոսի բանաստեղծությունների հիման վրա»։ Վերա Պոլոզկովային ևս խենթանալու չափ դուր եկավ գաղափարը, և նա գրեց բազմաթիվ հրաշալի բանաստեղծություններ, որոնց հիման վրա Սաշա Կրասովիցկին գրեց ոչ պակաս հրաշալի երաժշտություն ու հիանալի կատարեց դրանք։ Եվ այսպիսով՝ ողջ փազլը հավաքվեց»։
Ի պատասխան մեր հարցի, թե ինչ կարող է փոխել ներկայացումը մարդու մեջ, Սերգեյ Ցելիկովը նշում է. «Հաճախ եմ մտորում՝ կարո՞ղ է արդյոք որևէ գեղարվեստական ստեղծագործություն՝ լինի գիրք, ֆիլմ, թե ներկայացում, ընդհանրապես ինչ-որ մեկի մեջ ինչ-որ բան փոխել… Եթե մարդն իր ողջ կյանքն ապրել է մեկ որոշակի պարադիգմայում, նրան փոխելն անհնար կլինի որևէ կերպ։ Բայց ստեղծագործության ինչ-որ ամբողջական ազդեցություն, անշուշտ, լինում է մարդկանց վրա։ Եվ թող դա լինի մի փոքրիկ ավազահատիկ բարության, սիրո և մնացած ամեն ինչի՝ մեզ անհրաժեշտ կշեռքի նժարին… Երբեմն կարևորը ոչ թե փոխելն է, այլ նրանց, ովքեր արդեն բարության ու լույսի կողմն են, աջակցելն է այդ հարցում և ասելը՝ այո՛, բոլորիս համար էլ ծանր է, բայց դուք ճիշտ կողմում եք»։
Պրոդյուսերը մանրամասնում է, որ Օրուելի մոտ եղած սիրային գիծը իրենք դրել են պատմության կենտրոնում. «Մեզ համար այս ամենը մի պատմություն է այն մասին, թե ինչն է օգնում մարդուն հաղթահարել դժվարին ժամանակները… Մարդկային հարաբերությունները, ընտանեկան կապերը, մեր ջերմությունը միմյանց հանդեպ բոլորիս փրկում և մեզ դուրս են բերում խավարից։ Մենք պարզապես ուզում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել այս մասին… Մենք ներկայացումը ցուցադրելու ենք հիմնականում էմիգրանտների համար… Էմիգրանտի կյանքը ծանր է։ Իսկ երբ կյանքը ծանր է, փողն էլ է քիչ, մարդիկ հաճախ վիճում են ամենատարբեր պատճառներով… Թող ես լինեմ այն միամիտը, որը հավատում է դրան, բայց մենք մեր ներկայացմամբ ևս մեկ անգամ կընդգծենք, թե որքան կարևոր են մարդկային փոխհարաբերությունները մարդկանց և գուցե ինչ-որ հարցում ինչ-որ մեկին օգտակար լինենք»։
Կրկին դառնալով Օրուելի ստեղծագործության հիման վրա բեմադրություն անելու գաղափարին՝ մեր զրուցակիցը նշում է. «Ես Հայաստան եմ տեղափոխվել 2022-ին։ Սկսվել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը… Ես ցանկանում էի անել մի բան, որը կլիներ իմ ինքնաարտահայտման միջոցը, իմ հայտարարությունը… Ու Օրուելի ընտրությունը բավականին ակնհայտ էր, որովհետև դա 2022 թվականին Ռուսաստանում ամենավաճառվող գիրքն էր, մարդիկ ունեին տեղեկատվության պահանջ, թե ինչ է կատարվում մեր հասարակության հետ, ուր ենք գլորվում։ Հավանաբար ցանկանում էին Օրուելից ինչ-որ պատասխաններ ստանալ… Բոլորն անընդհատ ասում էին՝ այս ամենն այն է, ինչ Օրուելի մոտ էր, միայն թե ավելի վատ… Մի խոսքով, ես ցանկացա այս ստեղծագործության հիման վրա ինչ-որ բան անել։ Կրթությամբ կինոռեժիսոր եմ։ Հասկանալի է, որ էմիգրացիայի մեջ Օրուելի մոտիվներով ֆիլմ նկարահանելը գրեթե անհնար է, որովհետև եթե դա անես որակյալ, ապա դեկորացիաների, հագուստների, նույնիսկ համակարգչային գրաֆիկայի և այլնի համար խելահեղ բյուջե կպահանջվի։ Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ դա չանել մուլտֆիլմի ձևաչափով։ Առաջարկեցի Հայաստանի անիմացիոն ստուդիաների մի քանի պրոդյուսերների, բայց քանի որ ի սկզբանե պարզ էր, որ դա լինելու է մեծահասակների համար նախատեսված մուլտֆիլմ, նրանք դրանում կոմերցիոն ներուժ չտեսան… Որոշ ժամանակ անց մենք Հայաստանում սկսեցինք թատրոնով զբաղվել, մի քանի ներկայացում ստեղծեցինք՝ «Ճամպրուկը», «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով»՝ Լիլյա Ախիջակովայի հետ, «Շան սիրտը»՝ Կոստյա Կամենսկու հետ, որն այժմ «1984» մյուզիքլի ռեժիսորն է։ Եվ երբ ես սկսեցի մտածել այն մասին, թե որն է լինելու հաջորդ նախագիծը, հիշեցի, որ մուլտֆիլմի հետ կապված նման մտահղացում ունեի։ Այն առաջարկեցի Կոստյային, նրան գաղափարը դուր եկավ, ու այսպես սկսեցինք աշխատել»։
Սերգեյ Ցելիկովի ձևակերպմամբ, Օրուելը միշտ է արդիական, իսկ հիմա՝ առավել քան երբևէ. «Այս իրականությունը, որն Օրուելը հնարել էր այն ժամանակ, երբ գրում էր իր վեպը, գոյություն ուներ միայն իր գլխում, այն ժամանակ չկար այդպիսի տեխնոլոգիական հասանելիություն՝ ամեն տանը հեռուստաէկրան կախելու ու բոլորին հետևելու համար։ Իսկ հիմա դա հնարավոր է… Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Մեծ Եղբայրը, որն Օրուելի մոտ մարդ էր, ի վերջո կդառնա ինչ-որ արհեստական բանականություն՝ մի տեսակ պետական վերակացու, որին հրահանգ են տալիս բացահայտել, ասենք, ինչ-որ անհավատարիմ մարդկանց։ Ու նրանից թաքնվելը որևէ տեղ ուղղակի անհնար կլինի… Երևի հնարավոր կլինի միայն գնալ անտառ, ապրել այնտեղ առանց գաջեթների, հետամնաց մի վայրում։ Դրա համար էլ Օրուելը հիմա ինձ համար վախենալու աստիճան արդիական է»։
Հարցին՝ կարծիք է ձևավորվել, այսպես կոչված TikTok-ի, ինստագրամի սերունդը խորք չունի, ավելի թեթև և ժամանցային բովանդակություն է նախընտրում, իր կարծիքով այդ սերունդը ի վիճակի՞ է ընկալելու Օրուելին թեկուզ մյուզիքլի ձևաչափով, Սերգեյ Ցելիկովն այսպես է պատասխանում. «Չէի ասի, թե շատ եմ շփվում երիտասարդության հետ, բայց, օրինակ, մեր նկարահանումներին գալիս էին 16 տարեկան աղջիկներ, որոնք անհավանական խելացի էին։ Ինձ թվում է՝ ես իրենց տարիքում այդքան խելացի չեմ եղել, դրա համար էլ կարծում եմ, որ TikTok-ի սերունդ ձևակերպումը ծերունական փնթփնթոց է… Այսօրվա երիտասարդությունը հրաշալի է, շատ կան մտածող, ճիշտ գաղափարներով օժտված երիտասարդներ։ Ընդունենք նաև այն փաստը, որ թատրոնն, ըստ էության, բավականին նիշային արվեստ է, և հետևաբար՝ ով պատրաստ է, կընկալի այն, ով պատրաստ չէ՝ չի ընկալի։ Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ այս ներկայացումը շատ մեծ լսարան է ունենալու»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սերգեյ Ցելիկովը





















































