Լրահոս
Օրվա լրահոսը

Տենորը վերադարձել է ԱՄՆ-ից ու որոշում կայացրել՝ մնալ հայրենիքում, շարունակել գործունեությունը հարազատ թատրոնում

Հուլիս 08,2026 14:19 Share

Aravot.am-ը գարնանը Երևանի օպերային թատրոնում կայացած Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի (բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Ակամա, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) պրեմիերայից հետո փաստել էր, որ համաշխարհային օպերային գրականության այս նմուշը տասնամյակների ընդմիջումից հետո վերադարձավ խաղացանկ՝ հանդիսատեսին կրկին ցնցելու մարդկային պարզ զգացմունքների՝ սիրո, խանդի և կրքի ուժով։ Պրեմիերայից հետո անցած երկու-երեք ամիսները ապացուցեցին՝ սա պարզապես պրեմիերա չէր, այլ սիրված բեմադրության երկար սպասված վերադարձ՝ իր նյարդային երաժշտական գծի և պատկերավոր բեմական լեզվի բարձրարվեստ համադրությամբ։

Կանիոյի դերերգը «Պայացներ» օպերայում ամենահուզիչ ու բարդերից մեկն է։ Կանիոն՝ այս խանդոտ ամուսինը, պետք է ոչ միայն կատարի Պայացի դերը, այլ ավելի քան լուրջ պատրաստվի դրան՝ մի դերի, որը պահանջում է ծայրահեղ ինքնատիրապետում և ներքին զգացմունքներ։ Իսկ նրա՝ հայտնի ու սիրված «Ծիծաղիր, ծաղրածու» արիան արտահայտում է հերոսի ցավն ու հպարտությունը՝ իմանալով կնոջ անհավատարմության մասին։ Ի դեպ, այս արիան օպերային երգացանկի ամենատարածվածներից մեկն է, որը մնում է հանդիսատեսի հիշողության մեջ իր սրտաճմլիկության և խոր հուզականության շնորհիվ։

Պրեմիերային և դրան հաջորդած ներկայացումներում հիշյալ կերպարով փայլեցին հեղինակավոր թատրոնների բեմեր նվաճած Հովհաննես Այվազյանը և երիտասարդ երգիչ, վերջին շրջանում եվրոպական օպերային թատրոնների ցանկալի հյուր Տիգրան Հակոբյանը։

Օրերս վերոնշյալ կերպարով, տարիների ընդմիջումից հետո, ներկայացավ Վարուժան Մարտիրոսյանը։ Հանդիսատեսի մեծ մասը վերհիշեց տենորին։ Հետո էլ սկսեցին տարածվել խոսակցություններ, թե որտե՞ղ էր երգիչը, ինչո՞ւ էր այսքան տարիներ լռել…

Հանդիպեցինք Վարուժան Մարտիրոսյանին։ Արվեստագետը նախ հիշեցրեց, որ առաջին մասնագիտությամբ իրավաբան է։ Երբ 1994 թ., դեռևս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող էր, սովորում էր երջանկահիշատակ Օլգա Զաքարյանի դասարանում, Տիգրան Լևոնյանը, որը թատրոնի տնօրենն էր, հրավիրեց իրեն թատրոն՝ որպես ստաժոր։ Առաջին դերերգը Տիրիթն էր՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», որին հաջորդել են Սարոն՝ Արմեն Տիգրանյանի «Անուշում», Պողիկտոսը՝ Դոնիցետտիի համանուն օպերայում, Կասիոն՝ Վերդիի «Օթելլոյում» և այլն։

«1996 թվականից մինչև 2004-ը թատրոնի մեներգիչների խմբում էի։ Հետո ընտանեկան հանգամանքների բերումով մեկնեցի ԱՄՆ, որտեղ մասնակցել եմ ընդամենը մեկ-երկու գալա համերգների՝ «Լոս Անջելես» օպերայում և այլ բեմերում։ Վերադարձա 2024-ին, թեպետ մինչ այդ, ԱՄՆ մեկնելուց հետո, ամեն տարի եկել եմ հայրենիք։ Երբ 2024-ին հերթական անգամ եկա Երևան, առաջինը գնացի թատրոն, որտեղ, ի վերջո, իմ ընկերներն են, գործընկերները։ Հանդիպեցի մաեստրո Կարեն Դուրգարյանին ու առանց նախաբանի ասացի, որ ուզում եմ երգել, բեմ բարձրանալ։ Մաեստրոն էլ շատ հանգիստ պատասխանեց՝ ուզում ես երգել, երգիր, գնա աշխատիր, վերականգնվիր… Ես էլ գնացի, աշխատեցի, վերականգնվեցի։ Այդ շրջանը տևեց շուրջ երկու տարի, որից հետո ներկայացա մաեստրոյին։ Նա լսեց ու վստահեց ինձ Կանիոյի դերերգը, որով արդեն երկու անգամ բեմ եմ բարձրացել։ Հիմա պատրաստում եմ Օթելլոյի դերերգը՝ Վերդիի համանուն օպերայում, Կալաֆի դերերգը՝ Պուչչինիի «Տուրանդոտում»։ Կարծում եմ ու հուսով եմ, որ առաջիկայում կներկայանամ թվարկածս դերերգերով»,– հիշեց ու տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Երգչի այս խոսքերից հետո նրան խնդրեցինք անկեղծ ու հակիրճ պատասխանել. Կանիոյի դերերգը իսկապես հաջողել էիք, ինչի վկան հանդիսատեսի օվացիան էր։ Նման հաջողությունից հետո հնարավո՞ր է որոշում եք կայացրել չվերադառնալ ԱՄՆ, մնալ հայրենիքում։ Երգիչն առանց վարանելու, իսկույն պատասխանեց՝ այո, որոշել եմ մնալ։

Զրույցի ընթացքում անդրադարձանք, թե, ի վերջո, ինչպե՞ս իրավաբանը դարձավ երգիչ։

«Բեյրութահայ օպերային երգիչ, տենոր Մկրտիչ Չափարյանը, որը հաճախ էր գալիս հայրենիք, բայց այդպես էլ երբեք չբարձրացավ բեմ, մի օր հյուրընկալվել էր մեր տանը, հայրս էր հրավիրել։ Դե գիտեք, հայկական սեղան, կենացներ… Մեր հյուրը երգեց, այն էլ ինչպե՜ս։ Երբ ավարտվեց երգը, ասացի՝ ես էլ կարող եմ երգել։ Ասեմ, որ այդ ժամանակ ես Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսում էի։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչ երգեցի, բայց լսելուց հետո պարոն Չափարյանի հետ գնացինք Գոհար Գասպարյանի տուն, որի հետ շատ մտերիմ էր մեր հայրենակիցը։ Կարճ ասեմ՝ մեծանուն երգչուհին լսեց ինձ, հետո որպես երկրորդ մասնագիտություն ընդունվեցի կոնսերվատորիայի 3-րդ կուրս։ Մի բան էլ ասեմ. ընդամենը վեց ամիս հետո պրոֆեսորիս՝ Օլգա Զաքարյանի հետ, համերգով հանդես եկանք օպերային թատրոնում՝ կատարելով արիաներ և դուետներ»,– հայտնեց Վարուժան Մարտիրոսյանը։

Սամվել Դանիելյան

Լուսանկարները «Պայացներ» օպերայից տրամադրել է Վարուժան Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031