Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտերում գտնվող անձանց տեսակցությունների սահմանափակումը ժամանակին դիտարկվում էր որպես խոշտանգման ձև. Նինա Կարապետյանց

Հուլիս 17,2026 21:55 Share

«ՆԺԱՐ» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ բանտերում գտնվող անձանց տեսակցությունների խիստ սահմանափակումը պատժի ձև է։

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները ոչ միշտ են քրեակատարողական հիմնարկների, այսպես ասած, չարամտության արդյունքում լինում, այլ քննիչի միջնորդության ու դատավորների որոշումների հետևանքով, ապա ակնհայտ է, որ դրանք իրականացվում են հստակ հրահանգով։

«Եվ պարզ է, որ այդ հրահանգները թե՛ քննիչը, թե՛ դատավորը, եթե նույնիսկ ուղիղ չեն ստանում իշխանություններից, միևնույն է, կարող են նման գործողություններ իրականացնել, քանի որ հանրայնորեն պարբերաբար հնչում են ակնկալիքներ քննիչներից, դատախազներից ու դատավորներից, պարբերաբար հայտարարություններ են հնչում այդ մարմինների պաշտոնյաների հասցեին։ Հետևաբար, այդ հանձնարարությունները, թեկուզև ուղիղ չտրված, բայց փաստացի օդում պտտվող, չկատարելը իրենց համար կարող է ծանր հետևանքներ ունենալ՝ լավագույն դեպքում գործից հեռացում, վատագույն դեպքում՝ քրեական պատասխանատվություն նույնքան անհիմն հիմքերով, որոնցով բազմաթիվ մարդիկ են վերջին շրջանում պատասխանատվության ենթարկվել։ Հետևաբար, մարդիկ գլուխները կախ, խելոք անում են այն, ինչ հանձնարարել են»,- Aravot.am-ին ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակաշրջանի աննախադեպություններից մեկն այն է, որ նույնիսկ ՔԿՀ-ներ այցելություններ իրականացնող դիտորդական խմբին են շատ դեպքերում արգելում հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց։

«Սա իսկապես աննախադեպ է։ Այս իշխանությունները կարող են աննախադեպությունների առումով ևս մեկ կետ ավելացնել»,- ասաց նա։

Կարապետյանցի դիտարկմամբ՝ ժամանակին նման սահմանափակումները դիտարկվում էին որպես խոշտանգման ձև։

«Որովհետև մարդը հանրային, սոցիալական էակ է, պետք է շփումներ ունենա, իսկ հարազատների հետ կապն ու շփումը կտրելը խոշտանգման տարրեր է պարունակում։ Ժամանակին մեր միջազգային գործընկերները շատ խիստ գնահատականներ էին տալիս, իսկ հիմա շատ բաների վրա աչք են փակում, որովհետև հիմա կա ոմն մեկը, որն իրենց համար ձեռնտու է ունենալ որպես իշխանություն»,- ասաց Կարապետյանցը։

Կարապետյանցի խոսքով՝ ամեն իրավիճակ ավարտ ունի, և ինքը վստահ է, որ այս իրավիճակն էլ է ավարտվելու ու գնահատականներ ստանալու․

«Ամենալավ օրինակը Մարտի 1-ից հետո երկար ժամանակ Եվրոպական դատարանի որոշումների բացակայությունն էր, որը, ի վերջո, ի հայտ եկավ շուրջ 10 տարի անց։ Ես վստահ եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում՝ լինի դատավորը, քննիչը թե մեկ ուրիշը, անպայման իրավական գնահատական են ստանալու»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031