Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի միակ շանսը․ ինչո՞ւ է անհանգիստ Փաշինյանը

Հուլիս 23,2026 10:00 Share

ԿԸՀ-ն երեկ բավարարել է դատախազության միջնորդությունն ու անձեռնմխելիությունից զրկել «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորած Նարեկ Կարապետյանին։

Կարապետյանը, ԿԸՀ նախօրեի որոշմամբ, ստացել է պատգամավորական մանդատ։ Ինչպիսի իրավական կարգավորումներ է ենթադրում իրավիճակի հետագա ընթացքը, կասեն մասնագետները։

Դիտարկելով խնդրի քաղաքական կողմը, կարծում եմ կասկածից վեր է, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական նախաձեռնություն է, այլ քաղաքական մոտիվ, որը բավարարելու համար կիրառվում է իրավական գործիքակազմը։ Իսկ մոտիվը, ըստ իս, հետեւյալն է՝ անել առավելագույնը, որպեսզի ընդդիմությունը, առավել եւս ներկայիս ընդդիմադիր դաշտի առաջատար «Ուժեղ Հայաստանը», «հեռանա» գործունեության ռացիոնալ մեթոդաբանության ճանապարհից եւ տեղավորվի առավելապես էպատաժային-էմոցիոնալ քաղաքական ոճի ու մեթոդաբանության շրջանակում, որտեղ անխուսափելի խեղդվում է ցանկացած ռազմավարություն։

Վարչապետ Փաշինյանին ընտրությունից հետո հանգիստ չի տալիս հենց այդ, որ ընդդիմությունը ոչ թե տրվում է պահի ազդեցությանը, այլ առաջնորդվում է ավելի հեռահար հաշվարկով եւ սթափությամբ։ Դա հանգիստ չի տալիս կառավարող ուժին, եւ այդ ուժն էլ «հանգիստ» չի տալիս ընդդիմությանը։

Բայց, իհարկե, ընդդիմության գործունեության սթափությունը պետք է ենթադրի այդ ամենը՝ որպես նկատի ունենալիք։ Եթե ընդդիմությունն առաջնորդվի այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը «հանգիստ է տալու» իրենց, ապա դա կլինի լուրջ հաշվարկային բացթողում։ Ըստ իս, ընդդիմությունը չունի այդպիսի բացթողում թույլ տալու միամտություն։ Հետեւաբար, պետք է ենթադրել, որ ունի սառնասիրտ ու հաշվարկային, հեռահար եւ ռազմավարական մշակումների վրա հիմնված ու կառուցված քաղաքական կենսագործունեությունը շարունակելու միտք եւ կամք։

Հայաստանին դա պետք է, Հայաստանի համար դա անհրաժեշտություն է, Հայաստանի շանսը՝ թերեւս հենց դա է, որովհետեւ կառավարող ուժն այսօր այնպիսի իրավիճակում է՝ այդ թվում արտաքին դաշտում, որ ամենամեծ ցանկության պարագայում անգամ չունի Հայաստանի համար շանս ստեղծելու հնարավորություն։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել