Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք» եւ «Հանցագործության առարկա» եզրույթները հանդես են գալիս որպես ինքնուրույն կամ զատված

Հուլիս 23,2026 12:30 Share

«Նարե Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ներկայացուցիչ՝ փաստաբան Վահագն Քեշիշյան), 2026 թ. հունիսի 30-ին դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրել էր հետևյալը. «Սահմանադրության 60-րդ հոդվածին ու 78-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի իրականում հանցագործության առարկա հանդիսացող գույքը որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք բռնագրավման նպատակով արգելադրվի՝ չնայած նրան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 2 121-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք» և «հանցագործության առարկա» եզրույթները հանդես են գալիս որպես ինքնուրույն կամ զատված, այլ խոսքով՝ որպես իմաստային տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող եզրույթներ»: Դիմումին կից ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ «Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 2025 թ. նոյեմբերի 7-ի (ՀԿԴ/0154/15/25) որոշումը»։

Ըստ դիմողի՝ ենթադրաբար կատարված՝ փողերի լվացման արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված կամ առաջացած գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, բռնագրավման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով արգելադրելը հակոտնյա է Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված՝ համաչափության հիմնարար սկզբունքի բովանդակությանն այնքանով, որքանով թույլ է տալիս սահմանափակել Սահմանադրության 60-րդ հոդվածով հռչակված՝ գույքն իր կամքով տնօրինելու սեփականատիրոջ լիազորությունն այն դեպքում, երբ այդպիսի սահմանափակման հնարավորությունը կամ հիմքը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշում է. «Մինչև թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, շարունակելու է անհամաչափորեն, այսինքն՝ օրենքով նախատեսված չլինելու պայմաններում, սահմանափակված մնալ իրեն պատկանող անշարժ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու՝ դիմող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնարար իրավունքը, հետևաբար՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026թ. ապրիլի 7-ի թիվ ՀԿԴ/0361/01/25 արձանագրային որոշման հետագա բողոքարկումը համաչափ միջոց չէ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ դիմող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության հիմնարար իրավունքն ապահովելու համար»։

Հուլիսի 20-ին ՍԴ դատական կազմը «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժեց։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել