Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը՝ մարդկության բնօրրանը, աչքի լույսի պես պահպանելը կարևոր է…

Սեպտեմբեր 03,2026 13:30 Share

Մարդկությունը չունի այլ տուն. Երկրային իրականություն և տիեզերական պատրանքներ

Երկրային քաղաքակրթության ապագայի և ընդհանրապես մարդկության գոյատևման հարցը միշտ էլ հրատապ է ու մասնավորապես  գիտության  տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրենց կարծիքն են հայտնում խնդրո առարկայի վերաբերյալ։ Այդ թեմայով քննարկումներ հատուկ գլոբալ հարթակներում  նաև ՄԱԿ-ն է կազմակերպում։

Օրինակ, եթե նախկինում կլիմայի փոփոխությունը դիտվում էր որպես զուտ բնապահպանական խնդիր, ապա այժմ այն պաշտոնապես անվանվում է «Էկզիստենցիալ սպառնալիք» /existential threat/՝ վտանգ, որը կարող է հանգեցնել մարդկային քաղաքակրթության կործանմանը։

COP/Conference of the Parties/ համաժողովներում գիտնականները, համաշխարհային լիդերները քննարկում են  այն իրողությունները և սահմանագծերը, որոնցից  այն կողմ մարդկությունը կարող է կորցնել վերահսկողությունը մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։

Մարդը բնույթով երազող է ու լինելով դեռևս միակ բանական էակը /ուրիշների գոյության մասին չգիտենք/ ստեղծել է գիտություն, որի միջոցով ճանաչում է աշխարհը, տիեզերքը, նաև ինքն իրեն։ Մարդու ստեղծագործ միտքը պատրաստել է տեխնիկատեխնոլոգիական այնպիսի հրաշք միջոցներ, որոնց շնորհիվ նույն մարդու կյանքը, աշխատանքը, կրթությունն և ազատ ժամանակն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դառնում…

Մարդու երևակայությունը միշտ գամված է եղել դեպի աստղեր, դեպի տիեզերք։ Վերջին տարիներին աշխարհի մեծահարուստներն արդեն իսկ մրցում են տիեզերական տուրիզմի ոլորտում, իսկ Մարսի գաղութացման նախագծերը հաճախ ներկայացվում են, որպես մարդկության  փրկության հնարավոր տարբերակ։

Այնպիսի վտանգավոր պատրանք է ստեղծվել, որ իբր Երկիր մոլորակը ամբողջովին «սպառելուց և ավերելուց»  հետո քաղաքակրթությունը կարող է պարզապես «տեղափոխվել» մեկ այլ տիեզերական  մարմնի վրա։ Ի դեպ, գիտականորեն որոշված տիեզերական երրորդ, այն է՝ 16.7 կմ/վ արագությամբ շարժվելու դեպքում  դպրոցականը կարող է հաշվել, որ մեզ մոտ աստղին՝ Կենտավրի ալֆային հասնելու համար անհրաժեշտ է 75000 տարի…

Էլ չենք խոսում մարդու ֆիզիոլոգիական անհնարինության, այդտեղի կենսաբանական և ֆիզիկական պայմանների մասին…

Այսինքն՝ սա գիտականորեն քողարկված հեքիաթ է։ Տիեզերական անհունության, անսահմանության մեջ մեզ հայտնի միակ վայրը, մոլորակը, որտեղ իրոք խելացի լինելու դեպքում  կյանքը կարող է ծաղկել առանց «սկաֆանդրերի»  և արհեստական գմբեթների, հենց Երկիրն է՝ մեր բոլորիս տունը։

Մարդը միլիարդավոր դոլարներ է ծախսում տիեզերական հետազոտությունների համար ու դա ճիշտ է և միջոցներ չպետք է խնայել գիտական իմաստով տիեզերքը հետազոտելու ու հիմնարար գիտությունը զարգացնելու համար։

Բայց նախ լուրջ հետազոտություններ պետք է ծավալել հենց Երկիրը որպես մոլորակ հնարավորինս խորը և բազմակողմանի ուսումնասիրելու համար։ Կլիմայի գլոբալ փոփոխությունները, ջերմոցային երևույթը, անտառահատումները, կենսաբազմազանության կորուստը քաղաքակրթությանը կանգնեցրել են էկոլոգիական աղետի եզրին։ Նման իրավիճակում Մարսի վրա ապրելու պատրանքը հաճախ  շեղում է մեզ գլխավոր  հարցից։

Ի դեպ, մեծահարուստ  Բիլ Գեյթսը, բնագետ Դեյվիդ Աթենբորոն և ուրիշներ հակադրվում են  տիեզերական գաղութացման գաղափարներին ու կոչ են անում ֆինանսական միջոցները մեծապես ներդնել Երկրի էկոլոգիան փրկելուն։

Այս գործում  մարդկությունը պլան Բ չունի՝ պետք է միանշանակ ընդունել, որ  տիեզերական  հեռավորությունները մեզ մեկընդմիշտ որպես քաղաքակրթություն գամել են Երկիր մոլորակին ու այդ քաղաքակրթության միակ փրկությունը սեփական տունը՝ Երկիր մոլորակը պահպանելու մեջ է։ Կրկին փաստենք, որ դա ամենևին չի նշանակում հեռու մնալ տիեզերքը հետազոտելու, ուսումնասիրելու գործընթացից։ Ոչ, հազար անգամ ոչ։ Ընդհակառակը, այդ գործողությունները պետք է հնարավորինս համակարգել, արագացնել ու արդյունավետ դարձնել…

Երկրային քաղաքակրթության մոտ ապագան անհնարին է պատկերացնել առանց տիեզեքից ստացվող էներգիայի ու սպասվելիք ռեսուրսների, որոնք Երկրի վրա արդեն սպառվում են կամ շուտով կսպառվեն։

Տեղին է հիշել աստղաֆիզիկոս Կառլ Սագանի հետևյալ խոսքերը. «Ասում են, թե աստղագիտությունը մարդուն խոնարհեցնող և  բնավորություն կերտող փորձառություն է։ Ինձ համար այն ընդգծում է մեր պատասխանատվությունը՝ միմյանց հետ վարվելու ավելի բարյացակամորեն, և պահպանելու ու փայփայելու այդ գունատ կապույտ կետիկը՝ միակ տունը, որը երբևէ ճանաչել ենք»։

Սագանը հուշում է, որ տեսանելի ապագայում չկա որևէ այլ վայր, ուր մեր տեսակը կարող է գաղթել՝ փրկվելու համար։ Մենք կարող ենք այցելել մոլորակներ, բայց բնակություն հաստատել դեռ չենք կարող…

Տիեզերքը  մենք պետք է սովորենք օգտագործել որպես էներգիայի, ռեսուրսների և ոգեշնչման ու երազելու աղբյուր։ Պետք է ունենալ հստակ սահմանագիծ «Երկիրը լքելու»  ուտոպիական պատրանքների և տիեզերքը՝ հանուն Երկրի փրկության ծառայեցնելու գործնական մոտեցման միջև։ Մարդկային գիտական ու տեխնիկատեխնոլոգիական միտքն այսօր աշխատում է ու հետայսու ավելի պետք է ծավալվի այս ուղղությամբ աշխատանքների վրա, որպեսզի տիեզերքը դառնա մեր տան պահապանը, այլ ոչ թե փախուստի վայր…

Ի դեպ, մինչև անցած դարի 60-ական թվականները մարդիկ հավատում էին, որ Մարսի վրա կան արհեստական կառուցված «ջրանցքներ» և զարգացած քաղաքակրթություն…

1976 ին NASA-ն  կատարեց առաջին լիարժեք հաջողված վայրէջքները Մարսի մակերևույթին ու կատարվեցին կենսաբանական փորձեր՝ կյանքի հետքեր գտնելու համար։ Արդյունքները երկիմաստ էին, բայց հաստատվեց, որ մակերևույթը թունավոր է ու չոր, իսկ հետագայում գտան անհերքելի փաստեր, որ անցյալում Մարսի վրա եղել է հեղուկ ջուր…

Եթե Մարսը  դեռևս ռոբոտների տարածք է, ապա Լուսինը միակ երկնային  մարմինն է, որտեղ մարդը ոտք է դրել, և որն այսօր դիտվում է որպես մարդկության տիեզերական առաջին «նավահանգիստը»։ Լուսնի բևեռներում՝ խորը խառնարանների հատակին հայտնաբերվել են մեծ քանակությամբ սառույցի պաշարներ։ Այժմ  Լուսնի հանդեպ հետաքրքրությունը բռնկվել է նոր ուժով ու նպատակ կա այնտեղ հիմնել մշտական կայաններ։ Նախատեսվում է իրականացնել Հելիում -3- ի արդյունահանումը և այլն։

Եթե փորձենք թվարկել մարդկության մոտ  ապագայի ամենամեծ մարտահրավերները, ապա կհանգենք ռեսուրսների պատերազմներին, կլիմայի փոփոխություններին ու միգրացիոն ճգնաժամերին, միջուկային անվտանգության ու արհեստական բանականության վերահսկողության խնդիրներին ու տիեզերքի ռազմականացման կանխմանը։

Հայտնի  գիտնականներն ու մտածողները համակարծիք են, որ մարդկությունն այսօր գտնվում  է իր պատմության ամենավտանգավոր փուլում։ Մասնավորաբար նշանավոր  ֆիզիկոս և մտածող Հոկինգը գտնում էր, որ «Մենք պետք է գաղութացնենք այլ մոլորակներ, օրինակ՝ Մարսը»։ Ըստ նրա՝ Երկրի վրա աղետի հավանականությունը ժամանակի ընթացքում ավելի է մեծանում։ Նա միաժամանակ ԱԲ-ի ստեղծումը համարում էր մեր քաղաքակրթության պատմության մեջ ամենամեծ, բայց նաև պոտենցիալ ամենավատ իրադարձությունը։ Նրա կարծիքով՝ գերհզոր ԱԲ-ն  կարող է ամբողջությամբ փոխարինել մարդկանց։ Ըստ Հոկինգի՝ Երկիրը գերբնակեցման և  էներգիայի անխնա սպառման պատճառով  մինչև 2600 թվականը կարող է վերածվել  «եռացող հրե գնդի»…

Օքսֆորդի համալսարանից փիլիսոփա Նիկ Բոստրոմը, ով «Էկզիստենցիալ ռիսկերի» տեսության հիմնադիրներից է, գտնում է, որ մարդկության առաջընթացը կարելի է նմանեցնել մի մեծ սափորից  գնդակներ հանելուն։ Սպիտակ գնդակները լավ գյուտերն են, մոխրագույնները՝ ռիսկային, իսկ «սև գնդակը» այնպիսի տեխնոլոգիա է, որի ստեղծումից հետո քաղաքակրթությունը միանգամից կործանվում է։ Ըստ նրա՝  մենք դեռ պարզապես չենք հանել այդ «սև գնդակը»։

Տիեզերքի  ուսումնասիրությունը մարդկային քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է, սակայն այն չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Իրականությունը հուշում է, որ մարդկությունը չունի այլ տուն, ուրեմն  մոլորակի կլիմայական  համակարգի կայունացումը, էներգիական առումով փուլային անցում կատարելը և Երկրի նկատմամբ  հոգատարությունն այսօր յուրաքանչյուր երկրաբնակի սուրբ պարտքն է…

Ի վերջո կան իրողություններ ու մասնավորապես, կենսաբազմազանության կորուստ՝ միայն վերջին 50 տարում Երկրի վրա վայրի կենդանիների, թռչունների և ձկների պոպուլյացիաները կրճատվել են 69 տոկոսով, այսօր ավելի քան  1 միլիոն տեսակ գտնվում է անհետացման եզրին, ամեն րոպե աշխարհում ոչնչանում է մոտ 11  ֆուտբոլային դաշտի չափով անտառային զանգված և այլն…

Իլոն Մասկի նախագծերից մեկի համաձայն՝ Մարսի վրա մեկ միլիոն բնակչությամբ քաղաք հիմնելու ամենալավատես  հաշվարկները կազմում են 100 միլիարդից մինչև 10 տրիլիոն դոլար…

Այդ գումարով  հնարավոր է ամբողջությամբ փակել Երկրի վրա ապրող ավելի քան 8,2 միլիարդ մարդու և միլիոնավոր կենդանի տեսակների փրկության համար անհրաժեշտ տարեկան ֆինանսական պահանջների զգալի մասը…

Կամո ԱԹԱՅԱՆ

Հ.Գ. Մարդկության  տիեզերական պատրանքներին հակադրվելու, մոլորակի վրա կլիմայական ու էկոլոգիական աղետը կանխելու համաշխարհային  պայքարի կենտրոնը 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը դառնալու է Երևանը, որտեղ այդ օրերին կանցկացվի COP-17-ը։

«Առավոտ» օրաթերթ
02.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել