Եթե ՄԻՊ-ը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում միջամտել է արտերկրում ընթացող վեճին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։
Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը:
Հանձնաժողովը նաև նշել էր, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական և ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ի վարույթի քննությունը, որպես այդպիսին, չի էլ կայացել։ Պատճառը ոչ թե այն էր, որ բողոքն անհիմն էր, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, թե ՄԻՊ-ը որևէ խախտում թույլ չի տվել, այլ շատ ավելի պարզ ու, թերևս, անհեթեթ պատճառով՝ հանձնաժողովում պարզապես քվորում չի եղել, ու թեման փակել են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, որ քաղաքացու դիմումը վերաբերում էր այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ըստ դիմողի, դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին՝ կատարելով հարցումներ և ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։
Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պահպանել է վարքագծի կանոնները և իր լիազորությունների սահմանները։
Սակայն, մինչ հանձնաժողովը որևէ որոշում կկայացներ, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հարձակվել. նա 2026 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ ՀՀ լավագույն իրավաբան Անահիտ Մանասյանը ՍԴ-ում ոչ թե վիճարկել է կոնկրետ վարույթի օրինականությունը, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ ընդհանրապես իր նկատմամբ նման վարույթ իրականացնելու մասով։
Ըստ ՄԻՊ-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող պահանջել բացատրություններ իր գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իր գրագրությունը կամ գնահատել իր որոշումները, քանի որ դա միջամտում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախությանը։ Այսինքն՝ ՄԻՊ-ն անկախ է և ինքն է որոշում, ում իրավունքները ինչպես պաշտպանել։
Սակայն Սահմանադրական դատարանը նույնիսկ չի անցել գործի բովանդակային քննությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՄԻՊ-ը սխալ իրավական հիմքով է դիմել Սահմանադրական դատարան։
Բայց այս պատմության մեջ ամենամեծ հակասությունն այլ տեղ է։
Մինչ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում պնդում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող միջամտել իր գործունեությանը, նույն այդ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել, երբ խոսքը վերաբերում էր Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրապարակայնորեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։
Ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։
Այսինքն՝ ՄԻՊ-ն ինքն է հայտարարել, որ եթե ենթադրյալ իրավախախտողը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը չէ, ապա ինքը նման գործերով զբաղվելու իրավասություն չունի։
Եվ այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը։
Եթե Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում ներգրավվել է մասնավոր ընտանեկան հարաբերություններում, կատարել հարցումներ և միջամտել արտերկրում ընթացող ընտանեկան վեճին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































