Սկիզբը՝ 02.09.2026 «Առավոտում»
ՀՀ իշխանության ու ՀԱԵ-ի հակադրությունների պայքարի պատճառահետևանքային կապերի արմատները խորն են ու բազմաբովանդակ։ Նախապես արձանագրեմ, որ երկու իրարամերժ կողմերն էլ հեռացել են ազգային արմատներից ու պետականամետ ծրագրերից, երկուսի մոտ էլ բացակայում է կենտրոնաձիգ համահայկական, ազգային ցանցային պետության ձևավորման գաղափարախոսությունը և թշնամանքի անզիջում խորացման գնում են կոնֆլիկտի երկու կողմերն էլ։ Եվ քանի որ իշխանության ձեռքում ազդեցության լծակները (դատաիրավական) ավելի հզոր են, ապա կոնֆլիկտի առավել ագրեսիվ կողմը ՀՀ իշխանություններն են։ ՀՀ իշխանությունները, իրենց իռացիոնալ, ոչ ողջամիտ տրամաբանությամբ ցանկանում են իրենց չենթարկվող ՀԱԵ-ի ողջ սեգմենտը դարձնել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար հասանելի ու կառավարելի, և ՀԱԵ-ում իրենց դրածո կամակատար կաթողիկոսի միջոցով ցանկանում են համալրել իրենց պրոգրեսիվ նվազող ընտրողների ծավալը այնպես, ինչպես նրանք 100%-ով այդ պրոցեսը իրականացնում են ՀՀ-ում գործող 300000-ից ավելի ընտրողներ ունեցող տարբեր սեկտատների միջոցով։
Գարեգին Բ – Նիկոլ Փաշինյան կոնֆլիկտը թվում էր, թե իր լուծումը կստանար 2026 թ. հունիսի 8-ի ԱԺ-ի ընտրություններով, սակայն կիրառելով ծայրահեղ կեղտոտ ընտրական տեխնոլոգիաներ՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիմարացրեց իր կողմից բթացրած անգրագետ մասսային ու հաղթեց։
Խոստովանենք, որ վերջին 2-3 տարվա բացահայտ թշնամական առճակատման արդյունքում, ժողովրդի ու հավատացյալների օժանդակությամբ, Գարեգին Բ-ն կանգուն մնաց և հաղթող դուրս եկավ. Նիկոլ Փաշինյան – Գարեգին Բ առճակատման մեջ հաղթողի կարգավիճակում գտնվող Գարեգին Բ-ն է, քանի դեռ այսօր իր բարձունքի վրա է: Այսօր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին կործանարար խաղ է թուրք-ադրբեջանական տանդեմի (ԹԱՏ) սատանայական դաշտում և Գարեգին Բ-ն չունի այն ներքին աստվածատուր ուժը, որով կարողանա դիմակայել այդ եռագլուխ հրեշի դեմ։
Կարդացեք նաև
Արձանագրենք, որ թիվ մեկ կարևորագույն պատճառը կողմերի կոնֆրոնտացիայի թաքնված է ՀՀ սահմանադրության ոչ կոնստրուկտիվ կառուցվածքից ու սահմանադրական 17.2 և 18 հոդվածների աղավաղված ձևակերպումներից։ Օրինակ, որ պետությունը անջատված է կրոնից, իսկ կրոնը դպրոցից։
Պետությունը և կրոնը, ըստ էության, երբեք առանձնացված չեն եղել և հայ մարդը միաժամանակ ՀՀ պետության սահմանադրության ու օրենքների կրողն է և միաժամանակ քրիստոնեական արժեքների կրողը։
Վատիկանում քրիստոնեական կրոնապետություն է և շատ մուսուլմանական երկրներում իսլամիստներն են կառավարում պետությունը (Իրանը)։ Կրոնը հասարակական գիտակցության ձև է կամ Աստծո ու մարդու միջև կապի մասին գիտություն։
Պետության ձևավորման կարևոր հատկանիշներն են ժողովուրդը, լեզուն, ազգը, մշակույթը, տարածքային պատկանելությունը, և շեշտեմ՝ հավատքը։ Սա իմ ձևակերպումը չէ, սա արտերկրի տասնյակ գիտնականների հիմնավորումն է։
Պետություն հասկացությունը պետք է տարբերել կառավարությունից։ Կառավարությունը իշխանության մարդկանց որոշակի խումբ է վարչական բյուրոկրատական, որը կառավարում է պետական ապարատի կառավարման համակարգը (ՊԱԿՀ-ը), որոշակի ժամանակահատվածում։ Շատ կարևոր է տարանջատել, որ պետությունը, ՊԱԿՀ-ը դա իշխանությունը չեն, սրանք համատեղ գործող տարբեր պետական կառույցներ են։
Պետական կառույցների հիմնական կատեգորիան ներառում է վարչական բյուրոկրատական, սոցիալ-տնտեսական, իրավական ու ռազմական համակարգերը և եկեղեցական կառույցները։
Աշխարհում պետական քաղաքական ստրուկտուրաների և կրոնական ինստիտուտների միջև ձևավորվել են բազմազան, բազմաբովանդակ պետական կառույցներ։
Ուրեմն, ՀՀ սահմանադրության մեջ պետք է ձևավորվի հոդված, որը պետք է սիստեմավորվի պետության, ՊԱԿՀ-ի, իշխանությունների, կրոնի տեղը և դերը ՀՀ պետական համակարգի իրավական ու սահմանադրության համատեքստում ու ՊԱԿՀ-ի կոնստրուկտիվ մեխանիզմում:
ՊԱԿՀ-ը, քաղաքակիրթ երկրներում պետական համակարգի ապակուսակցական ստրուկտուր մեխանիզմ է, որն իրականացնում է պետության հիմնական խնդիրները: ՊԱԿՀ-ը իշխանության համար հանդիսանում է կատարողական մեխանիզմ։ ՊԱԿՀ-ի այս ձևակերպումը վերաբերվում է նորմալ, իրավական պետություններին, ոչ թե ՆՓ-ի պատկերացրած, կուսակցականացված ՊԱԿՀ-ին։
Իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված չինովնիկներ են, որոնք պարտավոր են հիմնվելով սահմանադրության մեջ մշակված երկրի զարգացման ստրատեգիական խնդիրների իրագործման ծրագրից, օգտագործելով ՊԱԿՀ-ի անկախ մեխանիզմները, ռացիոնալ ձևով իրագործեն պետական ծրագրերը:
Պետք է ՀՀ սահմանադրության մեջ արձանագրել, որ կրոնը (ՀԱԵ) պետության մեջ անկախ գործող և նրա կարևորագույն մասը կազմող օրգաններից մեկն է: Եկեղեցին անջատված է ոչ թե պետությունից, այլ պետության կարևորագույն քաղաքական օրգաններից, ՊԱԿՀ-ից և իշխանությունից։
Սահմանադրության մեջ պետք է արձանագրվի, որ պետությունը պետք է հոգ տանի ոչ միայն ՊԱԿՀ-ի ու իշխանության ձևավորման մեխանիզմների վրա, այլև Եկեղեցու ու հասարակության պահանջով որոշի կրոնի տեղը ու դերը պետական համակարգում և նրա ակտիվացումը և հզորացումը պետության ստրատեգիական խնդիրների լուծման բնագավառում և ապահովի դրանց համատեղ սինխրոն գործունեությունը։
Ցավալին այն է, որ այսօր ՀՀ պետության ստրատեգիական խնդիրները ձևակերպված է սահմանադրության 86-րդ հոդվածում, որոնք գյուղի մակարդակի առօրյա խնդիրներ են հիշեցնում, որտեղ մոռացվել են ոչ միայն պետության համար արխի-կարևոր ստրատեգիական խնդիրները, այլ՝ եկեղեցին ու կրոնը։
ՀՀ պետությունը հիմնականում կառավարվում են ընտրված իշխանությունների կողմից, նրանց տրամադրելով ՊԱԿՀ-ի կառավարման մեխանիզմները։ Սակայն գործող այսօրվա իշխանությունները շատ դեպքերում ոտնահարում են սահմադրական կարգը և հայ ժողովրդի, հասարակության ու կրոնի (եկեղեցու) շահերը։
Այսօր ՀՀ պետության մեջ ընդունված է պետության և եկեղեցու միջև կիրառել կոպիտ, կացնային բաժանման անօրեն ռեժիմ
Պետությունը և ՀԱԵ-ին համատեղ պետք է կանոնակարգեն կրոնի գործունեության գործիքակազմը՝ ընդունելով համապատասխան սահմանադրական նորմեր ու օրենքներ և որոշվի, թե կրոնը ինչ չափով է մասնակցում պետության գործերին, քաղաքական կյանքին: Կրոնի սպասավորը, որպես ՀՀ քաղաքացի, կարող է զբաղվել երկրի քաղաքականությամբ, եկեղեցուց դուրս։
Կրոնը և պետությունը նման են ամուսինների, որոնք պերմանենտ ռեժիմում ապրում են համատեղ կյանքում՝ ունենալով բազում բարդություններ և երկուսն էլ հասկանում են, որ չեն կարող ապրել առանձին: Որպեսզի բարգավաճի թե՛ պետությունը և թե՛ կրոնը, անհրաժեշտ է ստեղծել անկախության ստատուսի պահպանող իրավական դաշտ։
Պատմությունը ցույց է տալիս, որ բացարձակ ճեղքվածքը, կոնֆրոնտացիան, ոչ մեկին օգուտ չի բերում։ Նրանք գնում են իրարամերժ, տարբեր, սակայն զուգահեռ ճանապարհներով: Նրանք երկուսն էլ կլինեն հաջողակ ու էֆեկտիվ, եթե պաշտպանում ու օժանդակում են միմյանց, նույն համակարգի մեջ: Երբ ՀՀ պետությունը ու կրոնը գործել են փոխհամաձայնեցված ու սինխրոն, ՀՀ պետությունը դառնում է հզոր ու անվտանգության առումով հուսալի։
Խելացի պետությունը կպաշտպանի կրոնը, իսկ լավ կրոնը մարդկանց կմղի, կներշնչի, որ նրանք լինեն հայրենասերներ, բարեկիրթ քաղաքացիներ և կպաշտպանեն համակեցության պահանջները ու ենթարկվեն երկրի օրենքներին։ Եվ ամենակարևորը, ՀՀ պետության համար լինեն անվեհեր զինվորներ (սա է թելադրում ՀՀ-ի ներկա քաղաքական կոնյունկտուրան)։
Կյանքում, գործող օրենքներին զուգահեռ կան դարերից կուտակված ավանդություններ, ժեստեր, ադաթներ, որոնք դարձել են օրենքներ կամ նրանց բաղադրիչ հիմնական մասերը, նրանք առկա են և գործում են հասարակական կյանքի համատեղ ռեժիմում։ Տարբեր երկրներում կրոնը օգտագործվում է տարբեր ֆունկցիոնալ նկատառումներով։
Ես կառաջարկեի, որ ՀՀ սահմանադրության մեջ կրոնի ու պետության փոխհարաբերությունը կանոնակարգվեր Իսրայելին անալոգ սկզբունքով, հաշվի առնելով սփյուռքի գործոնը և պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակը։
Իսրայելում կրոնն անջատված չէ պետությունից և պետության որոշ ֆունկցիաներ, հատկապես դատաիրավական, մանկավարժական ու դաստիարակչական բնույթի, տրվել է սինագոգներին։
Թե՛ պետությունը, թե՛ կրոնը ծառայում են ժողովրդին, հետևապես, նրանցից յուրաքանչյուրը իր ազդեցության ոլորտում, իրար լրացնելով կարող են ՊԱԿՀ-ի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և նպաստել երկրի հզորացմանը։
Ինչպես Իսրայելում, այնպես էլ ՀՀ-ում իրավական համակարգի որոշ ֆունկցիոնալներ, օրինակ՝ ամուսնության, ամուսնալուծության, ալիմենտների, մահվան ծիսական արարողություններ, փոքր մասշտաբի բարոյաիրավական ակտեր (կրոնական համայնքի ներսում) կարելի է դնել կրոնի իրավասության տակ։
Ապագայում ռազմականացման, միլիտարիզացման գնացող ՀՀ պետության մեջ, ինչպես Իսրայելում, եկեղեցին ու նրա սպասավորները պետք է օժանդակեն և ծառայեն բանակի հզորացման խնդիրներին։
Եթե ՀՀ իշխանությունները հրաժարվում են ՀԱԵ-ից, Սփյուռքից, Գենոցիդից ու պատմությունից, ապա ՀԱԵ-ն ու Սփյուռքը, հակազդեցության սկզբունքի համաձայն, պետք է դառնան հայ պահանջատիրության ավելի ակտիվ հիմնական կրողները: Մասնավորապես, ՀԱԵ-ին պետք է իր ցանցային պոտենցիալ ուժը մոբիլիզացնի, ոտքի հանի ողջ քրիստոնեական աշխարհին՝ «Համաշխարհային քրիստոնեական խորհրդին» (ՀՔԽ), Վատիկանին, ԵՄ-ը, ՄԱԿ-ին, քրիստոնեական բոլոր երկրներին օգնության կանչի, բոլոր ամբիոններից ճչա ու գոռա SOS, SOS, SOS:
ՀՀ պետությունն այսօր գտնվում է Սարդարապատի ճակատամարտի նախաշեմին անալոգ իրադրության մեջ։
Հրայր Խառատյան
տեխ. գիտ. թեկնածու, թոշակառու
«Առավոտ» օրաթերթ
05.09.2026


















































