Այս հոդվածի արևմտահայերեն տարբերակը՝ «Ձուկ, ձկնորս, քրէականացում. նօթեր Սեւանայ լիճէն», «Հետքում» լույս է տեսել 2025թ. նոյեմբերի 11-ին (մաս առաջին) և 14-ին (մաս երկրորդ): 2025թ. նոյեմբերի 20-ից մինչև 2026թ. փետրվարի 1-ը կրկին կիրառվեց սիգի որսի հերթական ուժեղացված արգելքը՝ նույն կամ ավելի խիստ մեթոդներով, քան նկարագրված են այս հոդվածում: Նաև հայտարարվեց ձկնորսներից օրինական որսաշրջանի ընթացքում գանձվող «բնօգտագործման վճարի» բարձրացման մասին. 1 կիլոգրամի համար սահմանված 65 դրամը դարձավ 200 դրամ: Սա վկայում է այն մասին, որ խնդրի սոցիալ-տնտեսական բնույթը շարունակում է անտեսվել:
Արևելահայերեն տարբերակը պատրաստեց Տիգրան Գևորգյանը:
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
I․ «Ձկնագողերի» հետ
Կարդացեք նաև
2023-ի հունվարի սկիզբն է։ Արդեն երրորդ տարին է, ինչ կառավարությունը դեկտեմբեր-հունվար ամիսներին խստացնում է Սևանի սիգի որսի վերահսկողությունը։ Արգելքի այս ժամանակահատվածում հատկապես թափ է առնում հանրային խոսքը, որը Սևանի ձկնորսներին ուղղակի կամ անուղղակի պիտակավորում է որպես գողեր, մաֆիոզներ, կռվարարներ։ Այցելում եմ ձկնորսությամբ ապրող մի բազմանդամ ընտանիքի ընդամենը 2-3 օր հետո այն լուրից, որ Նորատուսցի ձկնորսները մոտեցել էին «Սևան» ազգային պարկի (ՍԱՊ) հսկողության նավին, նրանցից երկուսը բարձրացել էին նավի վրա ու ընդհարվել հսկողություն իրականացնող աշխատակիցների հետ։[1] Ընտանիքը նստած ընթրում է․ ուտում են նույն ձուկն ու կարտոֆիլը, ինչ գրեթե ամեն նախորդող և հաջորդող այցիս ժամանակ՝ նույն էժան սնունդը։ Խոհանոցը մեծ է, տունը՝ «խոպանչիի փողով» վերանորոգված, դեռ այն օրերին, երբ տան տղամարդիկ Ռուսաստանում շինարարական աշխատանքներ կատարելիս կարողացել էին գումար ուղարկել։ Բայց օտարությանը, տնից ու ընտանիքից հեռու ապրելուն երկար չեն դիմացել ու վերադարձել են հայրենի գյուղ՝ Նորատուս։ 2018թ․ փոփոխություններից հույս առած՝ ավելի մեծ խանդավառությամբ որոշել են մնալ ու ապրել իրենց գյուղում և նորատուսցի աշխատող տղամարդկանց մեծ մասի պես անցել են ձկնորսության։
Ինձ ամեն անգամվա պես նորատուսցուն հարիր հյուրասիրությամբ հրավիրում են ընթրիքի՝ ափսես առատորեն լցնելով։ Խոհանոցում ցուրտ է։ Խորը ձմռանը, Գեղարքունիքի 1900 մետր բարձրության վրա, մեծ սենյակի ջեռուցման միակ միջոցը գազօջախի այրիչներից մեկը վառ պահելն է։ Առաջին անգամ չէ, և առաջին ձկնորսները չեն, որ խոսում են գործի դժվարությունից, անտանելի ցուրտ ու ալեկոծվող Սևանով ժամերով նավարկելու վտանգից, սիգի էժանությունից, ապրուստի թանկությունից, չորս սերնդից բաղկացած բազմանդամ ընտանիքի հոգսերից՝ մեծահասակների դեղեր, փոքրերի ուսում, գնաճ, պարտքերի տակ խեղդվելու ճնշում․․․ Բացատրում ու կրկնում են՝ ժամանակին ուսումը ձրի էր, առողջապահությունը ձրի էր, գյուղը գործարաններով լեցուն էր, գործերը՝ կայուն․․․ հիմա ամեն ինչի համար պիտի վճարես, այն էլ հազիվ ճարվող եկամուտով․․․
Այս երեկո շատ վրդովված են։ Երբ հարցնում եմ՝ ինչպե՞ս անցկացրիք տոնական օրերը, ավելի են բարկանում ու սկսում պատմել։ «Ի՞նչ տոնական օր, դժոխք բերին մեր գլխին․ հսկողության նավը ամսի 31-ին հանեցին ծով»։[2] Երկու-երեք օր առաջ էլ՝ հունվարի առաջին օրերին, հենց այն ծեծկռտուքի օրը, իրենց ձկնորսական նավով ընտանիքի երեք անդամով գնացել էին լիճ։ Ազգային պարկի հսկողական ջոկատի աշխատակիցները փորձել էին իրենց հարևանների ձկնորսական ցանցերը ջրից հանել։[3] Ի պատասխան դրան, մի խումբ ձկնորսներ իրենց նավակներով մոտեցել են վերահսկողության նավին։ Այդ բախումն էր ավարտվել ծեծկռտուքով։ Իսկ 31-ին, երբ վերահսկողության նավից աշխատակիցները գոռացել էին՝ «Գնացեք տուն, հանգիստ Նոր Տարի անցկացրեք», պատմող ձկնորսը պատասխանել էր՝ «Նոր Տարին մենակ ձեզ է այցելում․ մեզ չի այցելում»։
Դառնությամբ ու տխրությամբ շարունակեցին պատմել։ Ծանր էր ասելիքը՝ հուսահատությամբ լի։ Ուրիշի հաշվին հարստանալու ձգտող մարդու խոսք չէր։ Ահավոր հոգնած մարդու խոսք էր՝ պատերազմում ընտանիքի անդամին կորցրածի, անկայուն ու չնչին եկամուտով ապրողի, պետության հոգածությունից ու ծառայություններից զրկվածի և օտարության համը տեսած հայրենադարձի հոգսերով, վախերով ու անարդարության զգացումով լեցուն մարդու խոսք էր։
«Թող գա՛ն ու նենց, ոնց հաշվում են՝ ով ինչքան ձուկ ա բռնել, հաշվեն, թե ով ինչքան պարտք ունի։ Մեր հաշիվներն էլ տանք ձեռները, թող է՛դ էլ հաշվեն»:
- Ուրիշ ակնոցով
2024-2025-ի Սևանա լճում սիգի որսի ուժեղացված արգելքը վերացավ հունվարի 20-ին։ Ավելի քան երկու ամիս՝ 2024-ի նոյեմբերի կեսերից սկսած, մամուլում կարդում էինք Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ), ՀՀ Ոստիկանության և գործընթացում ներգրավված այլ մարմինների իրականացրած աշխատանքների մասին՝ սիգի ապօրինի որսի կանխարգելում, խախտումների բացահայտում և այլն։ Պետական յոթ մարմինների աշխատանքների համատեղում, անցակետեր, տուգանքների սահմանում, լճի ափի երկայնքով ու հանրապետության տարբեր շուկաներում ոստիկանական շրջայցեր և հերթապահություն, ունեցվածքի առգրավում, քրեական օրենսգրքի հղումներ․․․[4]
Նպատա՞կը։ Ըստ ՇՄՆ-ի՝
«Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»։[5] [շեշտադրումը՝ իմը]
Իսկ պաշտոնական դիրքորոշման տրամաբանական հիմքը արտացոլված է վարչապետի՝ անցյալ փետրվարին (2025թ․) կառավարության հերթական նիստի ժամանակ հնչեցրած խոսքում, որում նա, անդրադառնալով տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել է՝
«Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն։ Եվ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է։ Դա ազգային հարստություն է, պետական հարստություն է, բայց մեծ հաշվով Սևանում ձկնապաշարի նորմալ վերարտադրության և բազմացման առաջին շահառուները հենց Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն էին, ովքեր փորձում էին ընդդիմանալ կամ բողոքում էին այդ սահմանափակումների կապակցությամբ։ Այսինքն սա առաջին հերթին նրանց համար է արվում, որպեսզի նրանք իրենց աշխատանքը երկար ժամանակ բնականոն պայմաններում կարողանան իրականացնել»։[6] [շեշտադրումը՝ իմը]
Այս խոսքն իր մեջ ամփոփում է մի քանի կարևոր նախադրյալ։ Նախ՝ հաստատում է պետության ներգրավվածությունը բնության օգտագործման կարգավորման գործընթացում և դրա մասնիկներից մեկով՝ սիգով ապրող մարդկանց՝ տեղացի բնակչության կյանքերն ու ապագան կառավարելու մեջ։ Ավելին, առանձին դեպքերում (օրինակ՝ Սևանա լճի) բնության այդ մասնիկը ներկայացվում է որպես ազգային-պետական։ Եվ վերջապես, ներկայիս բախումը «լուծվում է» ապագայի հաշվին տրված «հոգատար», բայց վերացական խոստումով։
Այս տրամաբանությունը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, և վարչապետը միակը չէ, որ պաշտպանում է այս տեսակետը։ Այս համոզմունքները գերիշխող են թե՛ պետական, թե՛ գիտական-բնապահպանական խոսույթում։ Թե ինչ են դրանք ենթադրում և ինչ հետևանքներ կարող են ունենալ, կքննարկենք ավելի ուշ։ Կարևոր է, սակայն, ընդգծել, որ պետական բոլոր պաշտոնյաները չէ, որ կիսում են այս դիրքորոշումը և այս հոդվածի շարունակության մեջ ներկայացված մոտեցումները։ Այս քննարկման մեջ խոսքը «պաշտոնական պետության» մասին է, այսինքն՝ պետության այն դեմքի, որը երևում է հանրային խոսքում և ձևավորում է պետության հանրային պատկերը։
Վերադառնանք 2024–2025թթ. սիգի որսի ուժեղացված արգելքին և դրա վերաբերյալ զեկույցներին։ Ուժերի, օրենքի, քարոզչական մեքենայի և մեղադրական լեզվի մոբիլիզացումը, ինչպես նախորդ տարիներին, ստեղծում է տպավորություն, թե նախաձեռնությունը միտված է հանցագործներ բռնելուն. խոսքը երկիրը կողոպտողների, ուրիշի ունեցվածքն ու արդար հացը հափշտակողների մասին է։

ՀՀ ոստիկանության պաշտոնական YouTube էջում հրապարակված տեսանյութեր[7]
Բնականաբար, իրավիճակը ճիշտ ընկալելուն չեն նպաստում նաև նախկինում արձանագրված այն դեպքերը, երբ ձկնորսները՝ ի պատասխան իրենց նավակների կամ ցանցերի հեռացմանը, ծեծի են ենթարկել պարեկների կամ Ոստիկանության աշխատակիցներին։ Հանրային խոսքում Սևանի ձկնորսը դարձել է կռվարար ու գող։ Իսկ ի՞նչ կտեսնենք, եթե փոխենք ակնոցը։
Այս հոդվածում կփորձեմ ներկայացնել որոշ տվյալներ, որոնք կօգնեն մի կողմ դնել պիտակավորումներն ու լուսաբանել հակառակ կողմի՝ «ձկնագողի», «մաֆիոզի», «կռվարարի» տեսակետն ու կյանքի պայմանները։
Հաջորդող մտքերը հիմնված են դոկտորական դիսերտացիայիս շրջանակում իրականացրած հետազոտության վրա։[8] Այդ նպատակով 2021 թվականի ամռանից մինչև 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում՝ մոտ 15 ամիս, ապրել եմ Հայաստանում, որից շուրջ 10 ամիսը՝ Սևան քաղաքում և Նորատուս գյուղում՝ տեղացի հյուրընկալ ընտանիքների հետ։ Այս երկարաժամկետ դաշտային հետազոտությունից բացի, պարբերաբար վերադարձել եմ Հայաստան և 2023 ու 2024 թվականների ամռանը մի քանի շաբաթից մինչև ամիսներ անցկացրել եմ թե՛ Երևանում, թե՛ Սևանում և Նորատուսում՝ հետևելու Սևանի պահպանության և ձկնորսության կարգավորման շուրջ զարգացումներին, շրջանառվող կարծիքներին և այդ ամենի հետևանքով ընտանիքներում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս ընթացքում կատարել եմ բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել ոչ պաշտոնական, բնական կերպով զարգացող զրույցներ, ականատես եղել Գեղարքունիքի բնակիչների առօրյային, նրանց հոգսերին ու ուրախություններին, մասնակցել եմ կամ հետևել ձկնորսության և բնության պահպանման հետ կապված տարբեր աշխատանքներին՝ ձկնորսների հետ ձկնորսության մասնակցել, ձկնորսական ցանց կապել, ձուկ լվանալ և ապխտել, ձուկ վաճառել, նաև մասնակցել եմ ՍԱՊ-ի արագ արձագանքման ջոկատի հսկողական շրջայցերին, այդ նույն ջոկատի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) և Գեղարքունիքի Ոստիկանության հետ՝ ուժեղացված արգելքի ժամանակ անցակետերում իրականացվող վերահսկողությանը, ձկնորսության թույլատրելի սեզոնի ընթացքում ՍԱՊ-ի գրասենյակում ձկնորսներին գրանցելուն և այլն։ Հետևաբար, հանդիպել ու զրուցել եմ բազմաթիվ անհատների և ներգրավված խմբերի հետ՝ թե՛ ձկնորսական համայնքից, թե՛ բնապահպանության և գիտության ոլորտներից, ինչպես նաև պետական համակարգի տարբեր կառույցներից ու օղակներից։ Դաշտային հետազոտությունից բացի՝ կատարել եմ մամուլի, պետական օրենսդրության և տարբեր ելույթների վերլուծություն, խորհրդային թերթերի արխիվային ուսումնասիրություն և բանավոր պատմությունների հավաքագրում։
Այս ամենից են բխում հոդվածում տեղ գտած մտքերը։ Թեև շատ մեծ է այն նյութերի ծավալը, որոնց մասին կարելի է զեկուցել և հանրայնորեն քննարկել, այս հոդվածը կենտրոնանում է միայն սիգի որսի ուժեղացված արգելքին ոստիկանական մոտեցման և ձկնորսական համայնքի ու աշխատանքային դասակարգի վրա դրա ազդեցության վրա։
Հոդվածի հիմնական պնդումն այն է, որ սիգի որսի նկատմամբ սաստկացող վերահսկողությունը և պետության ու օրենքի հարկադրական մեխանիզմների կիրառումը վնասում են հատկապես խոցելի շերտերին՝ առավելապես աղքատ աշխատողներին։ Սևանա լճի և հատկապես սիգի որսի շուրջ ծավալված բախումը դասակարգային բնույթ ունի, և այն չի լուծվում ոստիկանական մոտեցմամբ՝ առանց հաշվի առնելու սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրները։ Մարդիկ նույնպես բնության մասնիկ են. նրանք կենդանի էակներ են՝ ինչպես ձուկը, և ինչպես ցանկացած էակ՝ սնվում են բնությունից, ապրում են դրա մեջ, ազդում են դրա մյուս բաղադրիչների վրա և իրենց հերթին կրում են դրանց ազդեցությունը։ Ուստի, բնապահպանությունը պատասխանատվություն է կրում նաև մարդկանց նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր անմիջական կապ ունեն տվյալ «պահպանվող» բնության հետ։
III. Պետության հետզհետե աճող ներկայությունը Սևանի ձկնորսական համայնքներում
2020-ից սկսած՝ պետությունը նոր թափով ու շնչով մտավ Սևանի ձկնորսական կյանք ու տնտեսություն և մեծացրեց իր ներկայությունը Գեղարքունիքի ձկնորսական համայնքներում։ Տեղական կյանքում միջամտության համեմատաբար ավելի ուժեղ գործիքներն օրենքն էին և հետզհետե աճող ու ընդլայնվող պետական մարմինները, որոնք սկսեցին Սևանի ձկնորսական ոլորտում կիրառել ուղղակի վերահսկողություն։ Թեև նոր օրենքը վերաբերում էր որսի օրինականացմանն ու կարգավորմանը, այն միաժամանակ խթան դարձավ որսի արգելքների խստացման համար։[9] Ձկնորսության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելով՝ կառավարությունը ճանապարհ բացեց, որպեսզի իր կենտրոնացված ու հարկադրական մեխանիզմները մուտք գործեն ձկնորսական տնտեսության դաշտ և զգալիորեն ընդլայնեն պետական ներկայությունը Գեղարքունիքում։
Արդյունաբերական ձկնորսության կարգավորման մասին օրենքի ընդունմանը զուգահեռ ձևավորվեց ՍԱՊ-ի արագ արձագանքման ջոկատը։ Թվաքանակով և իր գործունեությունն ուղեկցող քարոզչությամբ այս կառույցն արդեն իսկ մեկ քայլ առաջ էր մինչ այդ գործող ՍԱՊ-ի տեսուչների համեմատ․ այն ավելի տեսանելի դարձավ լճի շրջակայքում՝ իրականացնելով 24-ժամյա շրջայցեր, իսկ սիգի ձվադրման շրջանում, համագործակցելով ԲԸՏՄ-ի և Ոստիկանության հետ, անցավ ավելի վճռական քայլերի։
2023-ի ավարտին և 2024-ի սկզբին ընդունված կառավարական նոր որոշումները և նոր ջոկատների ստեղծումը կրկին փոխեցին Գեղարքունիքում պետական վերահսկողության ձևն ու մակարդակը՝ պետության շունչը էլ ավելի զգալի դարձնելով մարզի ձկնորսական համայնքներում։ Ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանումներ, որոնք թեև համապետական են, սակայն Սևանա լճի վերահսկողության միջոցով ուղղակի և ուժեղ ազդեցություն ունեն Գեղարքունիքի վրա։ Մեկը՝ Էկոպարեկն է, որի ենթակայության տակ անցավ ՍԱՊ-ի արագ արձագանքման ջոկատը, մյուսը՝ Ոստիկանության ջրային պարեկը․ «ջրայինը» նշանակում է, որ այն գործում է հատկապես Սևանա լճում։[10] Այս փոփոխությունների արդյունքում՝ ա) աշխատանքից ազատվեցին ՍԱՊ-ի տեսուչները, և վերացավ ՍԱՊ-ի ենթակա մասնաճյուղերի միջոցով իրականացվող անմիջական վերահսկողությունը, բ) զգալիորեն աճեց Սևանա լճում և դրա շրջակայքում հսկող ուժերի ներկայությունը՝ թե՛ թվաքանակով, թե՛ ժամանակային ներգրավվածությամբ, գ) նոր փոխադրամիջոցների (օրինակ՝ մոտորանավակների), ափին տեղակայված կենտրոնների և նույնիսկ զենք կրելու հնարավորության շնորհիվ բարձրացավ վերահսկողության արդյունավետությունը։ Թե՛ տեղացիներից կազմված՝ նույն ձկնորսական համայնքների բնակիչ հանդիսացող տեսուչների ինստիտուտի քանդումը, թե՛ հսկողական ընդլայնված, կենտրոնացված ուժերի ներկայությունը և նոր գործիքների ու միջոցների ներմուծումը սաստկացնում են Սևանի ձկնորսության և ձկնորսական համայնքների նկատմամբ ոստիկանական մոտեցումը, քանի որ դուրս է մղվում տեղացու ցավը կիսող պաշտոնյան, և որդեգրվում է ավելի կտրուկ ու կոպիտ գործելաոճ։
Շատերի աչքին այս փոփոխությունները կարող են դրական թվալ՝ «կառավարությունը վերջապես լրջորեն է մոտենում բնապահպանության խնդրին»։ Սակայն դա այդպես չէ։ Հոդվածի շարունակությունը նպատակ ունի մանրամասնել՝ ինչու։ Իսկ մինչ այդ՝ մի քանի խոսք այս վերահսկող խմբերի գործունեությունը ուղեկցող խոսույթի մասին, որը նպաստում է կարծրատիպերի վերարտադրմանը։
- Ձկնորսների քրեականացում․ ոստիկանական մոտեցումը, մամուլը և կարծրատիպերի վերարտադրությունը
Ոստիկանական գործողությունների մասին զեկույցներին հաճախ ուղեկցում են ծանուցումներ և տեսանյութեր, որոնք ներկայացնում են բացառապես պետության պաշտոնական դիրքորոշումը և վերարտադրում «հերոս պետական պաշտոնյայի» ու «հանցագործ ձկնորսի» պատկերը։ Ավելին՝ դրանք վերարտադրում են կարծրատիպեր, որոնք արդարացնում են ձկնորսների քրեականացումը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը։[11] Բացի այն, որ ոստիկանական մոտեցումն ու քարոզչական նյութերը ինքնին թափ են տալիս մեղադրական բնութագրումներին, օգտագործված լեզուն, և նույնիսկ չասվածը, էլ ավելի են դրանք ամրապնդում։ Երբ լրատվամիջոցները կամ պետական զեկույցները չեն ներկայացնում ձկնորսական համայնքի կյանքի պայմանները (ձկնորսների կենցաղային իրականությունը, նրանց հոգսերն ու դժվարությունները), ձևավորվում է մասնակի պատկեր։ Իսկ քրեական ոլորտին բնորոշ բառապաշարի օգտագործումը էլ ավելի է սրում անարդար ներկայացումը և ջուր լցնում կարծրատիպերի ջրաղացին։
«Առաջին լրատվականի» 2024 թվականի նոյեմբերի 18-ի թողարկման մեջ ձկնորսները ներկայացվում էին այնպես, ասես ներգրավված լինեն մաֆիոզ ցանցի մեջ կամ այդ մշակույթի կրող լինեն․ «Հենց այդ ժամանակ էր, որ անցած տարի Նորատուսում մաֆիոզ ծովամարտ ու ծեծուջարդ հրահրվեց»։[12] «Մաֆիոզ» բառի կիրառումը մի խնդիր է, անորոշ, կրավորական ձևակերպումը՝ մեկ այլ։ Ո՞վ է հրահրել։ Ձկնորսների հետևում կանգնած մարդիկ կա՞ն, և եթե այո՝ ովքե՞ր են նրանք։ Ինչո՞ւ նրանց մասին չի խոսվում կամ ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում։
Այլ օրինակ՝ «12,844,540 դրամ՝ [շրջակա միջավայրին] պատճառված վնասի չափ»․ այսպես է ամփոփվում ԲԸՏՄ-ի եզրափակիչ զեկույցը։[13] Իսկ ինչպե՞ս է այդ վնասը պատճառվել, ո՞վ և ինչ մեթոդաբանությամբ է որոշում դրա դրամական արժեքը։ Որքա՞ն է Սևանից ջրի բացթողման հետևանքով պատճառված վնասը, կա՞ արդյոք դա հաշվարկող։ Ինչո՞ւ որսի հետևանքով առաջացած վնասը քանակականորեն արձանագրվում է, իսկ այն զանգվածային վնասը, որ կրում է աշխատավոր ժողովուրդը իրեն շահագործողների ձեռքով, այդպես էլ չի արձանագրվում։
Կրավորական ու վերացական այս լեզուն՝ համեմված քրեական ոլորտի բառապաշարով (մաֆիոզ, ձկնագողություն, վնաս, վարչական ու քրեական վարույթ, հայտնաբերում ու առգրավում․․․), խեղաթյուրում է իրականությունը, հասարակությանը լարում է ձկնորսների դեմ և ուշադրությունը շեղելով այս թեմաների վրա, անտեսում է ավելի խորքային հարցերը՝ անկախ նրանից՝ դրանք վերաբերում են «ոչ մարդկային բնությանը», թե մարդկանց։
- Աշխատանքային ծանր պայմաններ և շահագործում Սևանի ձկնորսության ոլորտում
Քրեականի պիտակը միակ կարծրատիպը չէ, որ «կպել է» Սևանի ձկնորսական համայնքներին։ Տարածված է նաև այն առասպելը, թե Սևանի ձկնորսը հարուստ է, որ ձկնորսությամբ հնարավոր է հարստանալ, որ Նորատուսի ձկնորսը ապրում է երկհարկանի (հարուստ) տանը և վարում է «Յաշիկ» մեքենա։ Եկե՛ք մեկ անգամ և ընդմիշտ կոտրենք այդ առասպելը։
Ինչպես ձկնորսներն ու իրենց համագյուղացիներն են հաճախ նշում՝ «էտի Սովետի վախտ էր», «հա, մեկ-երկու հոգի կարող ա շատ ներդրում անի, շատ ցանց ունենա, լավ վաճառի, մի քիչ հարստանա, բայց չեն կարա սաղ տենց անեն․ ձկնորսը ընդհանրապես աղքատ ա»։ Իսկ երկհարկանի տները կա՛մ արտերկրից ստացված եկամուտների արդյունք են՝ երբեմն նաև պարտքով կառուցված, կա՛մ ժառանգություն են, կա՛մ պարզապես չեն պատկանում ձկնորսներին։ Գեղարքունիքում անցկացրած երկար ամիսների ընթացքում չեմ հանդիպել որևէ ձկնորսի, որը թանկարժեք ավտոմեքենա ունենար կամ տունը նորոգած լիներ ձկնորսությունից ստացած եկամուտով։ Ընդհակառակը՝ մեծամասնությունը ապրում է պարտքերի տակ և խիստ խնայողաբար։ Խոսքը վերաբերում է հենց ձկնորսին և մանր ձկնավաճառին, այլ ոչ թե շղթայի ավելի բարձր օղակներում գտնվող խոշոր վաճառականներին կամ արտահանողներին։[14] Աղքատության թեման շարունակելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է գործում Սևանի ձկնորսության տնտեսությունը, ովքեր են այնտեղ աշխատողները, որքան են վաստակում, ինչու են ընտրել այդ աշխատանքը և այլն։
Սևանի ձկնորսության մասին գրություններ ու պատմություններ կան դեռ ցարական ժամանակներից, փաստագրություն և հիշողություն՝ Սովետական ժամանակների մեծ ծավալներով արդյունաբերական ձկնորսության մասին, և դեռ բավական թարմ ապրված փորձառություն՝ մութ ու ցուրտ տարիներին սովից փրկող ձկնորսություն։ Այս բոլոր ժամանակաշրջանների ու ներկայի պայմանները խիստ տարբերվում են միմյանցից՝ լինեն դրանք բնական-նյութական պայմաններ, քաղաքական-տնտեսական համակարգեր, թե սոցիալ-մշակութային կառուցվածքներ։ Բնականաբար, այս բոլորը ազդում են մարդկանց աշխատանքի պայմանների, ապրուստի մակարդակի և հասարակության մյուս անդամների հետ հարաբերությունների վրա։ Հետևաբար, անտեղի է մեկ ժամանակաշրջանը քննել և դատել նախորդից մնացած գաղափարներով ու կարծիքներով։
Սովետական տարիներին ձկնորս լինելը պատվաբեր ու հարգված մասնագիտություն էր, որն ապահովում էր որոշակի կայուն եկամուտ, նպաստներ ու պետական աջակցություն: Սովետական ժամանակներում, երբ ձկնորսությունը պետականացված էր, միայն իր ընտանիքի համար ձուկ բռնողին անվանում էին «ձկնագող»: Ունեցվածքի, աշխատանքի և առևտրային հարաբերությունները էապես տարբերվում էին այսօրվա պատկերից։
Այսօրվա պայմաններում Գեղարքունիքի ձկնորսական բնակավայրերում կայուն աշխատանք գտնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Չկան խորհրդային տարիների գործարանները, ենթակառուցվածքները չեն զարգանում, նույնիսկ երկրի գլխավոր քաղաքների հետ կանոնավոր տրանսպորտային կապն է բացակայում (առհասարակ «շարժ» չկա բացի լճի հյուսիսային հատվածից), իսկ եղանակային և հողային պայմանները չեն նպաստում մրցունակ հողագործությանը. տիրում է աղքատություն, իսկ շուկայական համակարգում գոյատևում է նա, ով ներդրումներ անելու և ռիսկի դիմելու ավելի մեծ միջոցներ ունի։ Հետևաբար, մարդկանց աշխատանքի ընտրության հնարավորությունները խիստ սահմանափակ են, կախված են մրցակցությունից, և շատերի համար քիչ եկամտաբեր են, ինչը նրանց կանգնեցնում է ընտրության առաջ՝ բավարարվել եղածով կամ հեռանալ դեպի մեծ քաղաքներ, Երևան կամ արտերկիր։ Այս պայմաններում ձկնորսությունը՝ որպես տնտեսության առաջնային ճյուղ (որն առնչվում է հումքի և սննդի անմիջական արտահանման հետ), լինելով ինքնազբաղվածության որոշակի ձև, լրացնում է գործազրկության բացը։ Արդյունաբերական նշանակությանը զուգահեռ՝ այն ծառայում է նաև որպես կենսապահովման տնտեսություն (քանի որ ձկնորսների ընտանիքները սնվում են հենց լճից հանված ձկով)։ Ի տարբերություն սովետական շրջանի հսկայածավալ արդյունաբերական ձկնորսության՝ այսօրվա ձկնորսի եկամուտը չափազանց անկայուն է՝ կախված եղանակից և շուկայական մրցակցությունից։ Իսկ ի տարբերություն 90-ականների և 2000-ականների՝ այսօր լճում ձուկը շատ ավելի քիչ է՝ ջրի ճահճացման և նախորդ տասնամյակների գերորսի պատճառով։[15] Ավելին, քանի որ ձուկն էժան է, բավարար եկամուտ ունենալու համար պետք է շա՛տ որսալ, ինչը վերարտադրում է խնդիրը. ձկնորսը մնում է լճից կախվածության մեջ՝ ստիպված լինելով ամեն օր դուրս գալ որսի՝ օրվա հացը վաստակելու համար։
Այսինքն՝ այսօր Սևանի ձկնորս լինել նշանակում է ամենօրյա պայքար մղել հանապազօրյա հացի համար, կյանքը վտանգել փոթորկոտ ու ալեկոծ ջրերի վրա, ամեն օր դիմակայել 1900 մետր բարձրության ուշ գիշերվա ու վաղ առավոտվա սաստիկ ցրտին և տառապել մեջքի ու թևերի ցավից (ցանց քաշելու հետևանքով)։ Այսօր Սևանի ձկնորս լինել նշանակում է պարտքով ցանց գնել և երբեմն մի քանի օր անց արդեն կորցնել այն՝ կա՛մ քամուց ու հոսանքներից պատռվելու, կա՛մ ճահճացող Սևանի ջրիմուռների մեջ խճճվելու ու շարքից դուրս գալու պատճառով։ Այսօր Սևանի ձկնորս լինել նշանակում է վառելիքի, գազի ու ցանցի վրա ծախսեր անել՝ հաճախ դրա դիմաց ստանալով ընդամենը մի քանի ձուկ, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում է մի քանի հարյուր, իսկ ամռանը՝ նույնիսկ 50 դրամով։ Դա նշանակում է առերեսվել այն իրականության հետ, որ չնայած ձկնարդյունաբերության առաջին օղակը լինելուն և ամենադժվար, ֆիզիկապես հյուծող աշխատանքը կատարելուն՝ շատ ավելի քիչ ես վաստակում, քան տնտեսական շղթայի երկրորդական ու երրորդական օղակները՝ վաճառողն ու վերավաճառողը։ Սևանի ձկնորս լինելն այսօր նշանակում է կախվածության մեջ լինել նրանից, ով ունի ավելի շատ նյութական միջոցներ, որպեսզի կարողանաս ձեռք բերել որսի համար անհրաժեշտ գործիքները՝ հաճախ դրանք վերցնելով պարտքով (ձկնորսական ցանց, նավակ)։ Նշանակում է կախված լինել նաև գնորդից, որը երբեմն հենց քո պարտատերն է, և ում հետ ստիպված ես լինում մտնել երկարատև կախյալ հարաբերությունների մեջ։ Այսօր Սևանի ձկնորս լինել նշանակում է շարունակաբար լսել նախատինքի խոսքեր և տեսնել, թե ինչպես է հացի ու ապրուստի համար մղվող պայքարդ հավասարեցվում գողությանը, իսկ երբեմն նույնիսկ ավելի վտանգավոր ու հանցավոր համարվում, քան մեծածավալ թալանն ու ժողովրդի ունեցվածքի հափշտակումը։
Սակայն այսքան անկայուն պայմաններում աշխատող ձկնորսից առավել խոցելի աշխատողներ էլ կան այս տնտեսության մեջ։ Երբ խոսում ենք Սևանի ձկնորսության ոլորտի աշխատողների մասին, խոսքը միայն ձկնորսներին չի վերաբերում. ձկնորսությունը, իսկ այնուհետև ձկնավաճառությունը հնարավոր դարձնող մի անտեսանելի աշխատուժ կա, որի շնորհիվ ոլորտում ներգրավվածների իրական թիվը շատ ավելի մեծ է, քան միայն ձկնորսներն ու վաճառողները, և որը նույնպես կախված է այդ տնտեսությունից։ Երբեմն 15-16 տարեկան պատանիները ստիպված են լինում օգնել իրենց հայրերին ձկնորսական նավակի վրա (աշխատանքը երկու հոգի է պահանջում)։ Հետևաբար՝ նրանք կա՛մ թողնում են դպրոցը, կա՛մ էլ դասերից առաջ՝ վաղ առավոտյան, մեկնում են ձկնորսության ու դասարան հասնում հոգնած ու անքուն։ Անկայուն և ուրիշից կախյալ աշխատանք կատարող մյուս խումբը ցանց կապող ու ձուկ ապխտող կանայք են՝ ամենաանտեսանելիները։ Երկուսն էլ ֆիզիկապես հյուծող գործեր են՝ վիզը կախ աշխատել երկար ցանցերի վրա, մաքրել ձկները կամ շալակել աղաջրի մեջ մնացած ու ծանրացած կիլոգրամներով ձուկը։ Երկուսի դեպքում էլ վարձատրությունը չնչին է։ Նորատուսում ապխտած ձուկ պատրաստող կանանցից մեկը յուրաքանչյուր ձուկն ապխտելու դիմաց ստանում էր ընդամենը 25 դրամ։
Նման չնչին եկամուտ ունեցող մարդկանցից ակնկալել խնայողություններ անել՝ ձկնորսության արգելքի շրջանում գոյատևելու համար, անիրատեսական պահանջ է։ Էլ չենք խոսում այն իրականության մասին, որ էժան ձուկը նաև շատերի սննդի հիմնական աղբյուրն է՝ թե՛ այս ոլորտի աշխատողների համար, թե՛ Գեղարքունիքի մարզում ու դրանից դուրս։ Հեռու գնալ պետք չէ՝ տեսնելու համար, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ մսամթերքը փոխարինում են Սևանի էժան սիգով։
Մի խոսքով, երբ խոսում ենք Սևանում ձկնորսության ոլորտի հիմնական աշխատողների և սպառողների մասին, խոսում ենք մեծամասամբ աղքատ, աշխատավոր մի դասակարգի մասին՝ թերևս Գեղարքունիքի և Հայաստանի ամենաաղքատ խավերից մեկի և այդ խավին սնող կարևորագույն աղբյուրներից մեկի մասին։ Այս հանգամանքը ոչ միայն չի կարելի անտեսել, այլև պետք է անդադար, ամեն վայրկյան հիշել ու ներառել Սևանի բնության պահպանման և ձկնորսության վերաբերյալ ցանկացած քննարկման մեջ կամ որևէ որոշում կայացնելիս․ ընդ որում, դա պետք է անել ոչ թե որպես կողմնակի փաստ, այլ որպես առաջնային անհրաժեշտություն։
Ինչո՞ւ:
Շարունակելի
[1] https://www.aravot.am/2023/01/07/1315761/
[2] Գեղարքունիքցիները լիճը սովորաբար ծով են անվանում։
[3] Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությունը խոսակցական լեզվում անվանում են պարզապես «Ազգային պարկ», իսկ պաշտոնական հապավումը ՍԱՊ է։
[4] http://www.env.am/news/sevan-lake-13-11; https://www.youtube.com/watch?v=PPTSG5Unik0
[5] http://www.env.am/news/sevan-lake-13-11
[6] https://www.youtube.com/watch?v=3fj8Asb0eaM
[7] https://www.youtube.com/watch?v=BVZvQZwqaUE; https://www.youtube.com/watch?v=1wNLMBi3aQ8
[8] Հետազոտությունս սոցիալ-մշակութային մարդաբանության ու քաղաքական էկոլոգիայի մեթոդներով, տեսություններով և դիտանկյունից ուսումնասիրում է բնության կառավարումը և այդ համատեքստում բնության պահպանության ու օգտագործման հետ կապված ուժային հարաբերությունները:
[9] https://www.1lurer.am/hy/2020/08/20/Վաղվանից-թույլատրվում-է-սիգի-որսը/297126
[10] https://hetq.am/hy/article/171205; https://mia.gov.am/2023/08/17/%D5%BB%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/
[11] «Քրեականացում» բառն օգտագործում եմ իր լայն իմաստով, այլ ոչ թե օրենքի նեղ սահմանմամբ (քրեական օրենսգրքի կիրառման հանգամանքով)։
[12] https://www.youtube.com/watch?v=PPTSG5Unik0
[13] https://hetq.am/hy/article/172198
[14] Ձկնավաճառները միատարր խումբ չեն։ Ձկնավաճառներից շատերն էլ են աղքատ, պարտքով են ապրում, ձուկը վաճառում են փողոցում կամ խղճուկ կրպակներում։ Կան նաև ավելի բարեկեցիկները, իհարկե, որոնք ունեն ավելի լավ կահավորված խանութներ։ Եվ կան ամենաբարձր օղակում գտնվողները՝ ռեստորանների կամ սուպերմարկետների տերերն ու ձուկ արտահանողները։ Հնարավոր չէ բոլորին նույն խմբում դասել։
[15] Սա չի նշանակում, որ այսօր չկա գերորս. բայց ձկնապաշարների նվազումը, մի կողմից, տարիներ շարունակ տևած որսի արդյունք է, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ սա ինքն իրեն կրկնող շղթայական գործընթաց է. ձկան սակավությունը հանգեցնում է ավելի մեծ ծավալներով որս անելուն, ինչն էլ իր հերթին ավելի է պակասեցնում լճում ձկան քանակը։
Արեւ Փափազեան




















































