«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը այսօր ԲԴԽ-ի առջեւ իրականացված ցույցից հետո, որով պահանջում էին իրենց քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի բաց դատավարություն, «Հայելի» ակումբում ասաց. «Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի դեմ կարված քրեական գործը արդեն իսկ պայթել է։ Ուղղակի մեր խնդիրն է՝ լայն հասարակությանն այդ մասին տեղեկացնել, որպեսզի հասարակությունը, նույնիսկ նրանք, ովքեր կուրորեն հավատում են Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոնի» մասին կեղծ թեզերին, տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի այսպես կոչված արդարադատական համակարգում։
Բաց դատավարությունը Հայաստանում մնացել է միակ պաշտպանվելու միջոցը, որպեսզի հանրությունը հանրային կարծիքի ճնշման ներքո տեսնի այն խայտառակությունը՝ ինչ կա Անդրանիկ Թեւանյանի գործում, եւ այդ հանրային պարսավանքի մթնոլորտում հնարավոր չլինի այս խայտառակությունը էլ ավելի առաջ տանել։
Իսկ գործի պատմական էությունը հետեւյալն է։ Գործը պատմական եւ քաղաքական առումով բացարձակ խայտառակություն է։ Չորս ամիսների ընթացքում իշխանությունը իր բոլոր հարթակներով, բոլոր կալիբրի պաշտոնյաները, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, որն, ըստ էության, առաջին քաղաքական կրակոցն արձակեց Անդրանիկ Թեւանյանի ուղղությամբ, Լոռիում հայտարարեց, իբր քրեական գործ է հարուցվում, լրտեսներ են բռնել, որոնք ինչ-որ գումարի դիմաց պետական գաղտնիք են վաճառում։ Հետո այդ ամենը զարգացրեց Քննչական կոմիտեն, մյուս պաշտոնյաները եւ մեղադրանքը դատարան ներկայացնելուց 10-15 օր առաջ նույն ՔԿ նախագահի տեղակալը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ իբր մեղադրանք է առաջադրվել Անդրանիկ Թեւանյանին առ այն, որ նա $ 622 հազարի դիմաց ինչ-որ մեկին վաճառել է պետական գաղտնիք։
Մեղադրանքը կազմվում է եւ գործը գնում է դատարան։ Եվ ինչ ենք տեսնում մենք։ Տեսնում ենք, որ մեղադրանքում այդ հայտարարությունները բացարձակ գոյություն չունեն։ Այսինքն, չկա այդ $ 622 հազարը, չկա այդ գումարի դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան վաճառելու հանգամանք։ Սա խոսում է բացարձակ քաղաքական խայտառակության մասին, որ չորս ամիս իշխանությունը ամենաբարձր մակարդակով վարկաբեկել, արատավորել է Անդրանիկ Թեւանյանի բարի համբավն ու պատիվը։ Նաեւ «Մայր Հայաստանի» եւ Արեգնազ Մանուկյանի։
Կարդացեք նաև
Սրա համար առնվազն իրավական, նաեւ բարոյական պատասխանատվություն պետք է լինի այն պաշտոնյաների համար, որոնք իրենց թույլ են տվել անմեղության կանխավարկած խախտելով հայտարարություններ անել, նման հայտարարություններով զրպարտել Անդրանիկ Թեւանյանին, Արեգնազ Մանուկյանին եւ «Մայր Հայաստանին»։
Սա նաեւ աշխարհաքաղաքական կոմպոնենտ ունի այն առումով, որ տեղավորվում է հայ-ռուսական բարդ հարաբերությունների համատեքստում։ «Քաղհասարակության», որն իրականում իշխանապաշտպան հասարակություն է, ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, թե սա պատմական գործ է, որովհետեւ առաջին անգամ Հայաստանում մարդ է ձերբակալվում, որը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։
Բայց պարզվում է, որ քրեական գործում նույնիսկ չկա երկրի անուն, ում օգտին Անդրանիկ Թեւանյանը ենթադրյալ լրտեսություն է արել։ Սա խասում է այն մասին, որ իշխանությունը վախեցել է գործի հիմքում երկրի անունը նշել։ Առավել եւս, որ չկա որեւէ ապացույց եւ բացարձակ ենթադրություն է։ Նշվում էր նաեւ, որ հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից։ Դա էլ չկա, դա էլ է մեղադրանքից դուրս եկել։ Ես նշեցի մեղադրանքի հիմնական թեզերը, որոնք վարկաբեկում են Անդրանիկ Թեւանյանին։ Բայց այս ամենը մեղադրանքում գոյություն չունի։
Հետեւաբար, պահանջում ենք բաց դատավարություն, որպեսզի հանրությունը բացարձակ տեղյակ լինի բոլոր մանրամասներին։ Իսկ եթե իրենք նշում են, որ կա պետական գաղտնիքի հանգամանք, կա պրակտիկա, որ դատավարությունում երբ խոսում են պետական գաղտնիքի մասին, այդ մասը փակում են։ Ու թեեւ պետական գաղտնիք էլ չկա, բայց եթե կա պետական գաղտնիքի ինչ-որ հանգամանք, այդ մասը փակեք, իսկ մնացածը թող բաց լինի, որպեսզի հանրությունը տեղեկանա այս խայտառակության մասին»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































