ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։
Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է ձևավորել գործնական կապի մեխանիզմ ԱՄԷ համապատասխան մարմինների հետ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ԱՄԷ գործարարների այցեր Հայաստան՝ արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































