«Վերջին շրջանում, երբ ինչ-որ բան ենք անցկացնում, հարց են տալիս՝ դուք ումական եք կամ ինչական եք: Ուզում եմ հստակեցնել, որ մենք գիտահետազոտական եւ գիտափորձագիտական ենք»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց «Իրավական կամայականության դեմ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ ներկայացնելով Քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Միհրան Շահզադեյանին (լուսանկարում) եւ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանին: Նրա ձեւակերպմամբ, այսօրվա կարեւոր թեմաներից են այսպես կոչված անկլավների թեման եւ TRIPP-ը: Ըստ նրա, երկու դեպքում էլ իրավական հիմքերն այդքան պարզ չեն: Իսկ իրեն տիկին Ալավերդյանը պատկերավոր որակեց փորձանքագետ:
«Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն Ադրբեջանին հանձնել մեր երկրի որոշ տարածքները՝ դրանք անվանելով «անկլավներ»: Օրինակ, Տիգրանաշենը ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար: Որպես իրավական հիմնավորում՝ վկայակոչում են քարտեզներ եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Իսկ ինչքանո՞վ այդ հիմնավորումները կարող են բավարար լինել կամ ինչքանով են համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնի է, պետության տարածքը եւ նրա սահմանները սահմանվում են իրավական ակտերով, այլ ոչ թե քարտեզներով, հանրագիտարաններով կամ առանձին հեղինակների մեկնաբանություններով: Դրանք որոշվում են բացառապես միջազգային իրավունքի նորմերով եւ համապատասխան ներպետական իրավական ակտերով»,- նշեց Միհրան Շահզադեյանը:
Նրա ձեւակերպմամբ, պետությունների միջեւ սահմանների իրավականորեն ամրագրումը կատարվում է միջպետական պայմանագրերով:
Կարդացեք նաև
«Քարտեզները, այդ թվում՝ Խորհրդային տարիներին կազմված քարտեզները, կարող են ծառայել որպես տեխնիկական տեղեկատվության աղբյուր, սակայն իրավական ուժ չունեն պետական սահմանները սահմանելու կամ փոփոխելու համար: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի հիման վրա։ Այն պետք է գնահատվի միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի, ՀՀ եւ հարևան երկրների միջև իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում»,- ընդգծեց նա։
Քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահը հետեւյալ արձանագրումն արեց. «Խորհրդային Միությունում իրավական առումով անկլավներ չեն եղել, նման կարգավիճակ սահմանող կամ անգամ «անկլավ» եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել: «Այն հնարավոր չէ գտնել ոչ ԽՍՀՄ սահմանադրությունում, ոչ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ խորհրդային որևէ նորմատիվ իրավական ակտում: Հետևաբար, Տիգրանաշենը կամ այլ բնակավայր «անկլավ» անվանելը չունի որևէ իրավական հիմք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































