ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամեն օր մենք կարդում եք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դիվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։
Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։
Բայց կա ևս մեկ կարևոր հարց։
Կարդացեք նաև
Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։
Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։
Գիտակցո՞ւմ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգևոր բարեկեցության նկատմամբ։
Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե որ սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու «լավ ապրելը» և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղն ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։
Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:
Իսկ «հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:
Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձերբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, «պատերով տալու, պոլերին պառկեցնելու, կզզացնելու…» հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը:


















































