The Rolling Stones խմբի լեգենդար մենակատար Միք Ջագերը խոստովանել է, որ տարիքի հետ կապված որևէ դրական բան չի տեսնում։
Հուլիսի 11-ին The New York Times-ի փոդքասթին տված հարցազրույցում 82-ամյա երաժիշտը բավական անկեղծ է խոսել ծերանալու մասին։
«Դրանում ոչ մի լավ բան չկա»,– ասել է Ջագերը, որի կրտսեր երեխան 9-ամյա որդին՝ Դևերոնն է, ծնված իր զուգընկերուհի Մելանի Համրիկից։
Կարդացեք նաև
Երաժիշտը կատակով հավելել է, որ տարիքի հետ ոչ թե իմաստություն է ձեռք բերել, այլ հակառակը՝ սկսել է ամեն ինչ մոռանալ։
«Ոչինչ չես շահում։ Ասում են՝ տարիքի հետ իմաստություն է գալիս, բայց ես ամեն ինչ մոռանում եմ։ Թվում է՝ մի քանի արժեքավոր մտքեր ունեցել եմ, բայց արդեն չեմ հիշում, թե որոնք էին դրանք»,– նշել է նա։
Ջագերի խոսքով՝ տարիքի հետ դժվարանում է նաև ֆիզիկական առումով. «Դա առանձնապես հաճելի չէ։ Այլևս չես կարող ամեն ինչ անել այն արագությամբ, ինչով կուզենայիր, և ֆիզիկապես էլ չես կարող անել այն ամենը, ինչ նախկինում էիր անում։ Կարող ես անել, պարզապես պետք է շատ ավելի զգույշ լինես»։
Վերջերս Ջագերը և The Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսը Billboard-ին տված հարցազրույցում անդրադարձել են նաև երաժշտության մեջ արհեստական բանականության կիրառմանը։ Խումբը «In the Stars» տեսահոլովակում deepfake տեխնոլոգիայի օգնությամբ ներկայացրել էր երաժիշտների երիտասարդացված կերպարները։
«Մենք դրանից իսկապես հաճույք ստացանք»,– ասել է Ջագերը՝ ընդգծելով, որ տեսահոլովակում փոխված են միայն երաժիշտների դեմքերը։
«Այդտեղ կեղծ մարդիկ չկան, որոնք կեղծ սենյակում են։ Բոլորը նույն սենյակում են, իրականում միասին նվագում են։ Երաժիշտները իրական մարդիկ են, պարզապես մի փոքր նմանեցված են 1968 թվականի The Rolling Stones-ին։ Փոխվել են միայն դեմքերը»,– նշել է նա։
82-ամյա Քիթ Ռիչարդսն էլ կատակել է, որ սա խմբի առաջին «շփումն» էր արհեստական բանականության հետ։
«Ասացի՝ հիանալի է, կուզենայի հիմա էլ այդպես երևալ։ Բայց, թերևս, նման տեխնոլոգիաները հենց տեսահոլովակների համար են։ Թող այդտեղ էլ մնան»,– ասել է երաժիշտը։


















































