Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է բանակում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերին։
Հուլիսի 21-ին Ճամբարակի զորամասում հայտնաբերվել էր 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մարմինը։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, որի շրջանակներում «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Նարեկ Թորոսյանի երկու համածառայակիցները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախքան ինքնասպանության դեպքը զինվորին ենթարկել են դաժան ծեծի։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Ըստ ՀՔԱՎ հավաքագրած տվյալների՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են, որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ոչ մարտական կորուստներ, ցավոք, բոլոր բանակներում էլ լինում են, բայց պետությունը պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի։ «Տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել՝ ոչ մարտական կորուստներ, ոչ թե խաղաղ ժամանակում, որտեղ այս պահին էլ ռեալ խաղաղություն չկա՝ ոչ մի պայմանագիր չկա ստորագրած, ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Եվ դրանից բխող նույն մարտական սթրեսը առկա է սահմանը պահող զորքերի մոտ։ Թեպետ ոչ մարտական կորուստները լրիվ զրոյի հասցնել գործնականում անհնարին է, աշխարհի ցանկացած երկրում էլ կան այդպիսի դեպքեր, բայց կան կանխարգելիչ գործողություններ, որոնք պետք է արվեն՝ կարգապահության հետ կապված և այլն, որոնք այդ ոչ մարտական կորուստների, միջադեպերի քանակն ու ուժգնությունը նվազեցնում են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Վրթանեսյանի խոսքով՝ գործոններից մեկը, որը նվազեցնում է ոչ մարտական կորուստները, բանակում ուժեղ գնդերեցների համակարգի առկայությունն է, որը Հայաստանում փակվեց։ «Իհարկե, մեր իշխանությունները բոլոր հարցերում միշտ ինչ-որ մեղավորի գտնում են, այս հարցում էլ մի կոնկրետ անձի կգտնեն՝ փորձելով համակարգային խնդիրն իր վրա բարդել։ Կամ, օրինակ, հասարակությանը կմեղադրեն, ում ասած կմեղադրեն, բացի իրենք իրենց գործողություններին անդրադառնալուց։ Ես վստահ եմ, որ Զինված ուժերում գնդերեցների ծառայությունը կասեցնելը խնդիր ստեղծել է»,- նշեց Վրթանեսյանը։
Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, բանակում կենդանի ուժի պակասն է Զինված ուժերում, ինչն էլ ավելի մեծ լարվածություն ու սթրես է ստեղծում զինծառայողների համար։ Օրինակ՝ մարտական հերթապահության ժամանակն է երկարում, ծառայության պայմաններն ավելի դժվար են լինում։ «Մի բան է այդ ռեժիմով, օրինակ, երկու շաբաթ դիրք պահելը, լրիվ այլ բան է, եթե մարդ ստիպված 3-4 շաբաթ է մնում դիրքերում։ Այս ամեն ինչը իրար գումարված՝ համակարգային ձևով բերում է խնդիրների։ Օրինակ՝ հիշո՞ւմ եք Ազատի կացարանում 15 զինծառայող ողջակիզվեց փաստացի, բայց իշխանությունն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ո՞վ էր պատասխանատու, որ այդ զինվորներն ամիսներով զորամասից դուրս են գտնվել, ինչո՞ւ են այդքան երկար ժամանակ գտնվել զորամասից դուրս։ Եվ պարզ է, չէ՞, որ եթե զինվորներն ամիսներով ապրում են զորամասից դուրս փոքր խմբով, այդտեղ վերահսկողության խնդիրներ են առաջանում։ Եթե նույն զորամասում կենտրոնական ջեռուցում կա, հրդեհի հավանականությունը կտրուկ նվազում է։ Ու չէին կարող այդ զինվորներն այդքան երկար ժամանակով գտնվել զորամասից դուրս՝ առանց ՊՆ-ի իմացության։ Բայց ում ասես, պատժեցին, իսկ ՊՆ-ին որեւէ հարց չուղղվեց։ Հիմա նույնն այս դեպքում է՝ իրենք հայտարարում են, որ հասարակությունն է մեղավոր»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։
Իշխանության ներկայացուցիչները, մասնակվորապես, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում մահացության դեպքերին, նշել են, որ խնդիրը հասարակության մեջ է՝ մանկապարտեզից սկսած։ Ըստ նրա՝ հասարակությունում եղած քրեական բարքերն արտացոլվում են նաեւ բանակում։
Անդրադառնալով այս հարցին՝ Կարեն Վրթանեսյանն ասաց․ «Եկեք հասկանանք՝ տարուց ավելի է՝ մարտական գործողություններ չեն եղել, բայց ոչ մարտական կորուստների թիվն աճում է, եթե նայում ենք 2018 թվականից առաջ եղած վիճակագրությունը։ Արդյոք հասարակության բարքերը 10 տարի առաջ շատ էին տարբերվում հիմիկվանից, կամ եթե այս 10 տարում հասարակության բարքերը փոխվել են, ապա էլի հարց է առաջանում, իսկ ի՞նչ է փոխվել Հայաստանում։ Ու այդ հարցին պատասխանելով՝ մենք տեսնում ենք, որ փոխվել է իշխանությունը, քաղաքական ղեկավարությունն է փոխվել։ Իհարկե, հասարակությանը հեշտ է մեղադրելը, բայց տվյալ դեպքում հենց Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը բազում հարցերի պետք է պատասխանեն, որոնք իրենց պատասխանատվության ոլորտում են»։
Անդրադառնալով այն երեւույթին, որ որպես կանոն բանակի բարձրաստիճան ղեկավարությունը պատասխանատվության չի ենթարկվում այս դեպքերի համար, մեր զրուցակիցն ասաց․ «Երբ Ազատի կացարանի դեպքը եղավ (դա կացարան էլ չէր, ինչ-որ կիսաքանդ տուն էր), առանց որևէ քննության երկրորդ բանակային կորպուսի հրամկազմի մի զգալի մասին աշխատանքից հեռացրեցին։ Բայց ի՞նչ, դա մարդկանց հանգստացնելու համար էր, այնպես չէ, որ այդ բոլոր պաշտոնազրկված սպաները կապ ունեին այդ միջադեպի հետ կամ որևէ պատասխանատվություն ունեին։ Այսինքն՝ այստեղ ուղղակի պահի տակ խնդիր են լուծում՝ կոնկրետ պատասխանատվությունից խուսափելու համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2026


















































