Հայ երաժշտարվեստում մշտապես իր ուրույն տեղն ունեցող դհոլահար Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն, բավականին ակտիվ ստեղծագործական ժամանակաշրջան է ապրում։ Մինչ շատերը նախընտրում են բարձրաձայնել յուրաքանչյուր քայլի մասին, Էֆոն իրեն բնորոշ համեստությամբ ու լուռ նվիրումով շարունակում է իր գործը՝ հայկական դհոլի արվեստը հասցնելով նոր, ակադեմիական բարձունքների։
Նրա անունը ավելի հաճախ է հնչում միջազգային հեղինակավոր բեմերում. Ֆրանսիայի մշակութային կենտրոններից մինչև Պյուտոյի և Վալանսի կոնսերվատորիաներ, որտեղ հայկական ռիթմերը ոչ միայն գնահատանքի, այլև մասնագիտական խորը հետաքրքրության արժանացան։ Ինչպե՞ս են եվրոպացի մասնագետները բացահայտում հայկական ռիթմի գաղտնիքները և ի՞նչ նոր հաջողություններ են սպասվում. այս և շատ այլ հարցերի շուրջ զրուցեցինք հենց Էֆոյի հետ։
– Սերգեյ, Դուք 5 տարեկանից եք նվագում, իսկ այսօր ոչ միայն հայտնի կատարող եք, այլև կրթական ու գիտական հիմքերի վրա դրված դհոլի ուսուցման համակարգի հեղինակ։ Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծել «Դհոլի բանալի» գիրքը։
Կարդացեք նաև
– Գիտեք, տարիների փորձս ինձ հուշում էր, որ հայկական դհոլի ուսուցումը պետք է դուրս գա զուտ «ականջով լսելու» և անհատական վարպետ-աշակերտ կապից։ Անհրաժեշտ էր ստեղծել մի համակարգված ձեռնարկ, որը հստակ կներկայացներ տեխնիկան, նոտագրությունը, տերմինաբանությունը և ռիթմիկ մոդելները։ Նախաձեռնեցի «Դհոլի բանալի»-ն, որպեսզի յուրաքանչյուր ուսանող՝ անկախ գտնվելու վայրից, հնարավորություն ունենա հիմնավոր կրթություն ստանալու։ Սա առաջին հայերեն ուսումնական ձեռնարկն է, որը հիմնված է հայկական էթնիկ երաժշտության և իմ անձնական կատարողական փորձի վրա։
– Տարիներ անց, այսօր ի՞նչ տեղ է զբաղեցնում «Դհոլի բանալի»-ն երաժիշտների շրջանում, և ի՞նչ քայլեր են արվում այն երաժշտական դպրոցներում ներառելու ուղղությամբ։
– Այսօր «Դհոլի բանալի»-ն ոչ միայն սկսնակների, այլև հմուտ երաժիշտների սեղանի գիրքն է։ Ուրախալի է, որ այն արդեն լուրջ գնահատականի է արժանացել նաև միջազգային հարթակներում՝ մասնավորապես Պյուտոյի կոնսերվատորիայում։ Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի գիրքը պաշտոնապես ներառվի մեր երաժշտական կրթական համակարգում։ Նպատակս է դհոլի դասավանդումը դարձնել ազգային կրթական ստանդարտ՝ ամրապնդելով հայկական դպրոցի դիրքերը։
– Էֆո, կարծես թե դհոլի ձեռնարկը կար, բայց Ձեր սովորության համաձայն՝ հանգիստ չնստեցիք տեղում և նախաձեռնեցիք «DholKey» թվային հավելվածը։ Ո՞րն է դրա հիմնական նպատակը։
– Իսկապես, ես միշտ ձգտում եմ նորարարության։ «DholKey» հավելվածը մեր դհոլի արվեստի թվային հաջորդ քայլն է։ Այն նախատեսված է Android և iOS համակարգերի համար և ստեղծված է որպես ինտերակտիվ կրթական հարթակ։ Հավելվածը թույլ է տալիս սկսնակներին և պրոֆեսիոնալներին օգտվել տեսադասերից, նոտաներից և նույնիսկ մասնակցել խաղային վիկտորինաների՝ «Dhol Points» վաստակելով։ Այն անմիջականորեն միացված է նաև «Դհոլի բանալի» գրքին, ինչը ուսուցումը դարձնում է համալիր։ Այս քայլով ուզում եմ հայկական ռիթմը դարձնել հասանելի աշխարհի ցանկացած կետում՝ տրամադրելով մասնագիտական կրթություն՝ իմ հեղինակային մեթոդաբանությամբ։
– Ասացիք, որ «Դհոլի բանալի»-ն արդեն լուրջ գնահատականի է արժանացել նաև միջազգային հարթակներում։ Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչպե՞ս այն ընդունվեց օտարերկրյա մասնագետների կողմից։
– Գիտեք, ամենամեծ ձեռքբերումը հենց այն էր, որ եվրոպացի երաժիշտները գիրքը չընդունեցին որպես պարզապես «էթնիկ գործիքի մասին տեղեկատվական նյութ», այլ դիտարկեցին այն որպես լիարժեք ակադեմիական ուսումնական ձեռնարկ։ Պյուտոյի և Վալանսի կոնսերվատորիաներում, երբ ես ներկայացնում էի իմ մշակած մետրո-ռիթմիկ մոդելները, դասախոսները զարմանում էին, թե որքան հստակ և գիտական հիմքերի վրա է դրված հայկական դհոլի ուսուցումը։
Նրանց համար բացահայտում էր, որ հայկական ավանդական հարվածային գործիքը կարող է ունենալ նոտագրության և տեխնիկական վարժությունների այնպիսի համակարգ, որը համադրելի է դասական հարվածային գործիքների ուսուցման միջազգային ստանդարտներին։ Այն փաստը, որ Պյուտոյի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմը գիրքը որակեց որպես «ուսումնական կատարյալ ձեռնարկ», լավագույն ապացույցն է, որ հայկական երաժշտական մտքի նման աշխատանքները ունեն համաշխարհային պոտենցիալ։ Այն այլևս միայն հայկական չէ, այն դառնում է միջազգային երաժշտական գրադարանի մի մասը։
-Եթե չեմ սխալվում Պյուտոյի և Լիոնի Կոնսերվատորիաներում նաև հանդես եք եկել վարպետության դասերով։
– Այցը Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններով էր, որտեղ «Էֆո» դհոլ ակադեմիայի սաների հետ միասին մենք ներկայացրինք ազգային ռիթմի ողջ հզորությունը՝ համադրելով ավանդականն ու արդիականը։
Պյուտոյի կոնսերվատորիայում (Conservatoire de Puteaux) կայացած հանդիպումը մասնագիտական առումով հագեցած էր։ Ես վարպետության դաս անցկացրի կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների համար։ Ինձ համար հաճելի էր տեսնել նրանց անկեղծ հետաքրքրությունը հայկական հարվածային գործիքի նրբությունների և կատարողական արվեստի նկատմամբ։ Շատերը հիացած էին իմ «Դհոլի բանալի» գիրք-ձեռնարկով. եվրոպացի մասնագետները նշեցին, որ դհոլի ուսուցման նման գիտական ու մետրո-ռիթմիկ մոդելների հենքով աշխատանք դեռ չէին տեսել։ Այդ օրը Պյուտոյի կոնսերվատորիայի կողմից պատվոգրի արժանանալը լավագույն գնահատականն էր իմ աշխատանքին։ Իսկ հաջորդ օրը մենք փարիզյան բեմում ապացուցեցինք մեր արվեստի կենսունակությունը՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական ռիթմի անկրկնելի էներգետիկան։
Իսկ Լիոնում մեր այցը վերածվեց իսկական մշակութային տոնի։ Այստեղ մենք հնարավորություն ունեցանք հանդիսատեսին ցույց տալ հայկական երաժշտության խորությունը։ Իսկ հետո մեր ուղին շարունակվեց դեպի Վալանս, որտեղ «Վալանս Ռոմանս» կոնսերվատորիայում անցկացրեցի երկու վարպետության դաս։ Ինձ համար հպարտություն էր կարդալ կոնսերվատորիայի տնօրեն Դիդիե Վադրոյի նամակը, որտեղ նա իմ ելույթը որակել էր որպես «դհոլի իսկական վիրտուոզ»՝ շեշտելով, որ ուսանողները ստացել են աննկարագրելի մասնագիտական ներշնչանք։
Այս ամենը, ինչպես նաև Նիցում կայացած եզրափակիչ համերգը, վկայում են, որ մեր ազգային գործիքը միջազգային պահանջարկ ունի։ Նպատակը ոչ միայն համերգային ելույթներ ունենալն էր, այլ ակադեմիական հարթակներում ներկայացնել հայկական դհոլի արվեստը։
– Բացի ստեղծագործելուց և դասավանդելուց Դուք բավականին հագեցած համերգային գրաֆիկ ունեք՝ աշխատելով հայկական էստրադայի ամենահայտնի արտիստների հետ։ Ինչպե՞ս եք հասցնում համատեղել այս ամենը։
– Գրաֆիկս իրոք խիտ է։ Միշտ բախտ եմ ունեցել աշխատելու այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Արմենչիկը, Հարութ Բալյանը, Սարո Թովմասյանը, Արման Հովհաննիսյանը։ Անմոռանալի էին թե՛ 2025-ի «Live Arena»-ի համերգը, թե՛ Երևանի մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճները, թե՛ Գյումրիի Վարդանանց հրապարակի մեծ բացօթյա ելույթը, յուրաքանչյուրը մի յուրօրինակ մարտահրավեր է։ Յուրաքանչյուր արտիստ ունի իր ձեռագիրը, և ինձ համար հաճույք է իմ նվագով լրացնել այդ էներգետիկան։ Դա ինձ համար կյանքի ռիթմ է։ Այս ամենը հնարավորություն է՝ յուրաքանչյուր արտիստի հետ ստեղծելու յուրահատուկ, էներգետիկ մթնոլորտ։ Յուրաքանչյուր բեմ՝ լինի դա Հայաստանում, Եվրոպայում, թե ԱՄՆ-ում, պարտավորեցնող է։
Հ․Գ․ Էֆոյի գործունեությունը դուրս է սոսկ երաժշտական կատարումների սահմաններից։ Նա ստանձնել է ազգային ժառանգության պահպանմանն ուղղված մի մեծ առաքելություն՝ լուռ, բայց հետևողական քայլերով՝ դասագրքերի, հավելվածների և միջազգային հեղինակավոր բեմերի միջոցով, ապացուցում է՝ հայկական երաժշտությունը միշտ աշխարհին ունի ասելիք, իսկ ինքը՝ որպես դհոլի վարպետ, շարունակում է վստահորեն թակել համաշխարհային մշակութային կենտրոնների դռները՝ թելադրելով հայկական ռիթմի նոր ու բարձրակարգ հնչողություն»։
Զրուցեց Լիլիթ Մարկոսյանը






















































