Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում են Գյումրի, հաջորդ բառերը՝ ճգնաժամն ու կոլապսն են, մի ժամանակ էլ կրիմինալն ու կրակոցներն էին, որոնցից հազիվ կարողացանք մաքրել»․ Լիզա Գասպարյան

Հուլիս 27,2026 21:25 Share

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ Գյումրիում զբոսաշրջությունը՝ որպես քաղաքի տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սկսել է անկում ապրել։ Մարդիկ, որոնք ներդրումներ էին կատարել Գյումրիում, հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ հիմնել կամ «Կումայրի արգելոց-թանգարանում» գտնվող իրենց տներն էին ձևափոխել ու հյուրատներ դարձրել, այլևս սպասելիքներ չունեն։

«Գյումրիի համար զբոսաշրջությունն էր եկամտաբեր, այն զարկ հավաքեց 2018-2020 թվականներին, բայց, ցավոք, կորցրեցինք, չկարողացանք գրագետ ձևով պահել։ Կարող ենք ասել, որ տուրիզմը բաց ենք թողել, և լրացուցիչ ներդրումներ, աշխուժություն, շարժ, քաղաքի հանդեպ հետաքրքրություն, ուշադրություն, կարելի է ասել, այլևս չունենք, որովհետև այլևս չկա տուրիզմ։

Բացթողումները շատ-շատ են՝ սկսած մարկեթինգային գործողություններից․ քաղաքը գեղեցիկ փաթեթավորված ներկայացնելու կարիք կար, որ մենք 2018 թվականից մինչև այսօր ասում, ասում, ասում ենք, և որևէ մեկը ականջալուր չի լինում»,- ասում է Լիզա Գասպարյանը։

Ըստ նրա՝ Գյումրին ունի մարկեթինգի, բրենդինգի, փառքի խնդիր, իսկ քաղաքային որևէ իշխանություն այս հարցերով չզբաղվեց։ Որևէ քայլ չկատարվեց ներգնա տուրիզմը զարգացնելու ուղղությամբ․ այն մարդիկ, որոնք ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից, ՌԴ-ից ու Կանադայից պիտի կարդային, հետաքրքրվեին, գային ու բացահայտեին Հայաստանի երկրորդ քաղաքը՝ իր պատմաճարտարապետական շքեղությամբ, գեղեցկությամբ, նրանց մեր կողմից արտաքին գովազդներ չմատուցվեցին, արտաքին հաղորդակցությանը ուշադրություն չդարձրեցինք, դրա համար հիմա ունենք այն, ինչ կա։ Մինչդեռ, ըստ ավագանու խմբակցության ղեկավարի, քաղաքը պիտի կարողանա հաղորդակցվել աշխարհի հետ, Գյումրու երկաթյա դռները պիտի բացել։

«Քաղաքային իշխանության մեջ՝ համայնքապետարանում, մենք չենք գտնի գեթ մեկ աշխատակից, գեթ մեկ պատասխանատու, ով տուրիզմի ոլորտի մարդ է, ով պրոֆեսիոնալ է այդ ոլորտում, չկա որևէ մեկը, որը իրազեկված, տեղեկացված լինի, կարգավորի, դասավորի, հետևաբար, մենք պետք է ունենանք այն, ինչ ունենք այսօր։

Անտեղյակությունը, անտարբերությունը, ոլորտին չտիրապետելը բերեց մեզ այս օրին, որ մենք էլ չունենք հետաքրքիր, գրավիչ տուրիստական քաղաք, որը կանչի, ու մարդիկ նորից գան»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե ներդրողները պատրա՞ստ են արդյոք գալ մի քաղաք ու նոր գաղափարներ իրագործեն, որտեղ քաղաքային իշխանության վիճակը կայուն չէ․ ամեն վայրկյան հնչում է իշխանափոխություն անելու մտադրության մասին։

«Կենտրոնական իշխանության կողմից Գյումրին թիրախավորվել և թիրախավորվում է վատ առումով․ շատ անգրագետ ենք մոտենում, երբ ասում ենք Գյումրի, հաջորդ բառերը՝ ճգնաժամն ու կոլապսն են։ Մի ժամանակ կրիմինալն էր, կրակոցներն էին, որոնցից հազիվ կարողացանք մաքրել, Գյումրին ներկայացնել գեղեցիկ ու սիրուն տեսանկյունով, իր մշակույթով, պատմաճարտարապետությամբ, հումորով, բոլոր առավելություններով ու ուժեղ կողմերով, որ մենք կարողացանք այս տարիներին բրենդավորել։

Հիմա կենտրոնական իշխանության և նրանց ջրաղացին ջուր լցնողների կողմից երկրորդ քայլն է արվում․ Գյումրիի մասին խոսելիս՝ խոսել բացառապես ճգնաժամի ու կոլապսի մասին։

Ինչպես տեսնում եք, Գյումրիում որևէ ճգնաժամ չկա, մարդիկ ապրում են խաղաղ, մենք խոսում ենք տուրիզմի չզարգանալու մասին, խոսում ենք այն մասին, որ գրագետ ու ճիշտ պիտի կարողանայինք մեր ուժեղ կողմերը, տուրիստական բաղադրիչները վաճառել, դա բնավ ճգնաժամի ու կոլապսի հետ կապ չունի։

Իհարկե, սա արվում է միտումնավոր, արվում է քաղաքական շահերից ելնելով, բայց շատ վատ է այդ գործելաոճը, ամեն դեպքում կանգ առնեն ու թողնեն քաղաքը ինքնուրույն զարգանա, եթե իրենք չեն թողնում, չեն աջակցում, որևէ մոտիվացիա չունեն, որ Գյումրիում տուրիզմը զարգանա, ապա գոնե պիտի թողնեն հանգիստ։

Մենք ունեցել ենք այն փորձառությունը, որ Գյումրիում տուրիզմը զարգացավ անհատական մակարդակում, թողնեն այն մարդկանց, ովքեր ունեն այդ մոտիվացիան, ովքեր նվիրված են, ովքեր որևէ բան անելիս՝ իրենց շահը չեն տեսնում, շահն այն է, որ քաղաքում լինեն տուրիստներ, լեփ-լեցուն լինի։

Իսկ քաղաքային իշխանությունը տուրիզմի զարգացումը միայն անհատներին չպիտի թողնի, պետք է կարողանա համակարգել, բյուջե հատկացնել տուրիզմի զարգացման համար, ոչ միայն քաղաքի փողոցաշինության, ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև հետաքրքիր, գրավիչ, նոր հասցեներ ստեղծելու, մարդկանց ներգրավելու, արտոնություններ տալու, տուրիզմի ոլորտի համայնքի մարդկանց ոգեշնչելու ու տրամադրելու, որ իմանան՝ թիկունքին կա առաջ խաղացնող կառույցը»,- ասում է Լիզա Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել