Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահներն իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը. Արթուր Ղամբարյան

Հուլիս 28,2026 10:20 Share

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը։

Այս հարցին պատասխանելու համար սկզբունքային նշանակություն ունի ՄԻԵԴ-ի վերջին նախադեպային որոշումը։ 2026թ. մայիսի 19-ին ՄԻԵԴ-ը «Մինթեն ընդդեմ Ֆրանսիայի» (Minteh v. France) գործով վճռել է, որ հեռախոսի գաղտնաբառը հայտնելու հարկադրանքը (այն չտալու համար քրեական պատասխանատվության ենթարկելը) ՉԻ խախտում ինքնամեղադրման դեմ իրավունքը (right against self-incrimination)։

Դատարանի տրամաբանությամբ՝ ոստիկանության կողմից որոնվող ապացույցը ոչ թե գաղտնաբառն է, այլ սարքի տվյալները, որոնք արդեն իսկ օբյեկտիվորեն գոյություն ունեն անձի կամքից անկախ (առգրավված հեռախոսում)։ Գաղտնաբառը դիտարկվել է որպես հասանելիության ապահովման «չեզոք» (neutral) տվյալ, որը չի կարող ինքնին համարվել ինքնամեղադրող։

Կարևոր նրբություն. ՄԻԵԴ-ն ինքնամեղադրման դեմ իրավունքը դիտարկել է «իր դեմ չգործելու» տիրույթում, այլ ոչ թե «իր դեմ չվկայելու» տիրույթում։ Սա նշանակում է, որ գաղտնաբառի բացահայտումը չի հավասարեցվում ցուցմունք տալուն։

Իսկ ի՞նչ է սա նշանակում կենսաչափության (FaceID/TouchID) համար.

Եթե թվային գաղտնաբառը համարվում է մտքի և հիշողության պարունակություն, ապա մատնահետքն ու դեմքը մաքուր ֆիզիկական նյութեր են, որոնք կամքից անկախ են, ուստի դրանք դիտարկվում են ինքն իր դեմ չգործելու իրավունքի, ոչ թե ինքն իր դեմ չվկայելու (ցուցմունք չտալու) իրավունքի տիրույթում։ Այս պատճառով միջազգային պրակտիկայում հաճախ թույլատրելի է համարվում անձի մատը կամ դեմքը ստիպողաբար մոտեցնելը հեռախոսին (որպես ֆիզիկական ակտ), բայց արգելվում է ստիպել հայտնել թվային կոդը։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

Այս գործողությունը տեսականորեն կարող է դիտարկվել ՀՀ ՔրԴՕ 236-րդ հոդվածով նախատեսված «Թվային խուզարկության» (էլեկտրոնային սարքերում պարունակվող թվային տվյալների որոնում) համատեքստում։ Ինչպես ֆիզիկական խուզարկության ժամանակ քննիչն իրավունք ունի հաղթահարել ֆիզիկական արգելքները (օրինակ՝ կոտրել փակ սեյֆի դուռը), այնպես էլ թվային խուզարկության ընթացքում սարքի ապակողպումը կարող է դիտվել որպես թվային պատնեշի հաղթահարում: Այս տրամաբանությամբ, եթե անձը հրաժարվում է բացել հեռախոսը, քննիչը տեսականորեն կարող է, հիմք ընդունելով ՀՀ ՔրԴՕ 18-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ֆիզիկական հարկադրանքի ինստիտուտը, հարկադրաբար մատը կամ դեմքը պահել հեռախոսին՝ կենսաչափական տվյալներով (TouchID/FaceID) այն բացելու համար։

Սակայն պետք է նշել, որ ՀՀ ՔրԴՕ-ն և հատկապես 236-րդ հոդվածը որևէ ուղղակի դրույթ չեն պարունակում այն մասին, որ քննիչն իրավասու է ֆիզիկապես օգտագործել նրա մարմինը սարքի ապակողպման համար։ Համեմատության համար՝ մեղադրյալի մատնադրոշմ տալը և լուսանկարվելը հստակ ամրագրված են որպես դատավարական պարտականություն (ՀՀ ՔրԴՕ 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), մինչդեռ հեռախոսի բացման մասով նման պարտականություն չկա:

Հետևաբար,

  • Եթե դատական պրակտիկայում սարքի հարկադիր բացումը դատարանների կողմից չճանաչվի որպես թվային խուզարկության իրավաչափ բաղադրիչ, ապա ուղղակի օրենսդրական լիազորության բացակայության պայմաններում նման եղանակով ձեռք բերված ցանկացած թվային տվյալ (պատճենված ֆայլեր, նամակներ) կհամարվի անթույլատրելի ապացույց։
  • Մինչև չձևավորվի հստակ ներպետական դատական պրակտիկա կամ ուղղակի օրենսդրական կարգավորում, այս հարցը Հայաստանում մնում է խիստ վիճելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031