Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի խցանումների հարցը չի լուծվելու, որովհետև դրա համար պետք է իրականացնել մի քանի քայլ.

Հուլիս 28,2026 23:45 Share

«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը գրում է.

«Երևանի խցանումների հարցը չի լուծվելու (շարունակեմ նախորդ գրառումս), որովհետև դրա համար պետք է իրականացնել մի քանի քայլ, օրինակ՝

1. Ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն երեք հերթափոխով

Եթե ճանապարհը սպասարկում է օրական տասնյակ հազարավոր մեքենաների, ապա դրա փակ լինելու յուրաքանչյուր օրը մեծ տնտեսական վնաս է հասցնում քաղաքին։ Ճիշտ է, թանկ է լինելու, բայց կոլապսի ենթարկված երթևեկությամբ քաղաքն ավելի թանկ է նստում պետության վրա։

Այդ պատճառով խոշոր ճանապարհաշինական մրցույթներում պետք է պարտադիր պահանջ դառնա երեք հերթափոխով աշխատանքը։

Պետությունը պետք է գնահատի ոչ միայն շինարարության արժեքը, այլ նաև այն, թե որքան է արժենում հասարակությանը յուրաքանչյուր լրացուցիչ ամիսը կամ շաբաթը, երբ ճանապարհը կիսափակ է։

2. Երևանը պետք է ունենա ամբողջական շրջանցող արագընթաց օղակներ

Այսօր բազմաթիվ մեքենաներ, որոնք ընդհանրապես նպատակ չունեն մտնելու Երևան, ստիպված անցնում են քաղաքի միջով։

Քաղաքի շուրջ պետք է կառուցվի ամբողջական արագընթաց շրջանցող մայրուղային համակարգ, որը թույլ կտա 110–120 կմ/ժ արագությամբ շրջանցել մայրաքաղաքը կամ այդ ճանապարհով արագ հասնել քաղաքի արվարձաններին։ Ամենակարևորը՝ առանց կարմիր լույսերի կամ ստոպերի։

3. Ստորգետնյա կայանատեղիների լայնածավալ ծրագիր

Այսօր Երևանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեքենաները կայանվում են փողոցների երկայնքով և փաստացի շատ վայրերում մեկ երթևեկելի գոտի մշտապես դուրս է գալիս օգտագործումից։

Քաղաքը պետք է սուբսիդավորի մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք կառուցեն բազմահարկ և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։

Ինչո՞ւ սուբսիդավորել։

Որովհետև ներկայիս կայանման վճարները չափազանց ցածր են, և մասնավոր ներդրողը չի կարող վերադարձնել իր ներդրումը միայն շուկայական մեխանիզմներով։ Սակայն քաղաքի համար այդ ներդրումը տնտեսական առումով կարող է շատ ավելի շահավետ ու մատչելի լինել, քան նոր ճանապարհ կառուցելը կամ բյուջեի միջոցներով կայանատեղիներ կառուցելը։

4. Փողոցների ազատում կայանած մեքենաներից

Երբ բավարար կայանատեղիներ ստեղծվեն, քաղաքը պետք է աստիճանաբար դադարեցնի ճանապարհի եզրերով կայանումը հիմնական փողոցներում։

Հատկապես պետք է ամբողջությամբ արգելվի կայանումը խաչմերուկներից առաջ և հետո, որտեղ նույնիսկ մեկ մեքենան կարող է զգալիորեն նվազեցնել ամբողջ խաչմերուկի թողունակությունը։

5. Սխալ տեղ կանգնած մեքենաների տարհանումը տուգանային հրապարակ պատվիրակել մասնավորին

Ոստիկանությունը մի քանի տարհանման մեքենա ունի և չի հասցնում իր գործն անել։ Բավարար քանակի կայանատեղիներ ունենալուց հետո սխալ տեղ կանգնած մեքենաների տարհանումը պետք է պատվիրակել մասնավորին, որպեսզի այն արդյունավետ կազմակերպվի։ Շատ երկրներում այդպես է։

6. Էստակադաներ ամենածանրաբեռնված հանգույցներում

Երևանին անհրաժեշտ են նոր էստակադաներ։

Առաջնահերթ պետք է լինեն այն խաչմերուկները, որտեղ օրական հազարավոր մեքենաներ են անցնում։

Օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկը, «Garage Mall»-ի շրջակայքը և նմանատիպ այլ հանգույցներ։

7. Հետիոտնային անցումների նոր քաղաքականություն

Քաղաքի ամենաբանուկ ճանապարհներին յուրաքանչյուր լուսացույցով հետիոտնային անցում դանդաղեցնում է հազարավոր մեքենաների շարժը։

Այն հատվածներում, որտեղ մեքենաների հոսքը շատ մեծ է, պետք է աստիճանաբար անցում կատարել ժամանակակից, անվտանգ և հարմարավետ գետնանցումների և վերնանցումների կառուցմանը։ Ճիշտ է, լուսացույցից թանկ է, բայց հազարավոր մեքենաների հոսքի կանգից՝ էժան։

8. Խելացի լուսացույցներ ամբողջ քաղաքում

Երևանի մեծ մասը դեռ աշխատում է ֆիքսված ժամանակացույցով։

Արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցները կարող են իրական ժամանակում փոխել կանաչի տևողությունը՝ ըստ մեքենաների հոսքի։

9. Վթարների արագ արձագանքման համակարգ

Պետք է ստեղծել հատուկ արագ արձագանքման ծառայություն, որը վթարի դեպքում արագ կմաքրի ճանապարհը, կկազմակերպի երթևեկությունը և կկանխի երկրորդային խցանումների առաջացումը։ Այս աշխատանքներին անհրաժեշտ է ներգրավել նաև ապահովագրական ընկերություններին։

10. Խոշոր շինարարությունների ազդեցության կառավարում

Պետք է ներդնել կանոն, ըստ որի յուրաքանչյուր խոշոր նախագիծ պետք է ունենա երթևեկության ազդեցության գնահատում և ժամանակավոր երթևեկության կազմակերպման պարտադիր ծրագիր, ինչպես նաև երթևեկության համապատասխանելիության գնահատում՝ խոշոր նախագծերի շահագործման դեպքում։

11. Պետական կառույցները պետք է Երևանի կենտրոնից տեղափոխվեն ծայրամասեր կամ այլ քաղաքներ

Էս մասին շատ է խոսվում, բայց պետք է արվի՝ Հայաստանի հավասարաչափ զարգացման ու կենտրոնի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար։

12. Յուրաքանչյուր խոշոր ճանապարհաշինական նախագիծ պետք է գնահատվի տնտեսական արդյունավետությամբ

Այսօր հաճախ քննարկվում է, թե ճանապարհը որքան կարժենա։ Ավելի կարևոր հարցն այն է, թե որքան տնտեսական օգուտ կստեղծի այն։

Եթե 30 միլիարդ դրամ արժողությամբ նախագիծը տարեկան տնտեսում է 12–15 միլիարդ դրամ՝ ժամանակի, վառելիքի և արտադրողականության տեսքով, ապա այն իրականում ներդրում է, ոչ թե պարզապես ծախս։ Խոշոր ճանապարհաշինական նախագծերը պետք է իրականացվեն՝ առաջնորդվելով ոչ թե գնով, այլ տնտեսական արդյունավետությամբ։

14. Աշխատանքի և ուսման ժամերը պետք է ապակենտրոնացվեն

Խցանումների հիմնական մասը ստեղծվում է այն պատճառով, որ հարյուր հազարավոր մարդիկ աշխատանքի և ուսման են գնում գրեթե նույն ժամին։ Պետական կառույցները, դպրոցները, համալսարանները և խոշոր ընկերությունները կարող են աշխատանքը սկսել տարբեր ժամերի՝ օրինակ՝ 08։00-ին, 09։00-ին, 10։00-ին կամ 11։00-ին։

Խցանումը պարզապես վարորդի կորցրած ժամանակը չէ։ Դա կորցրած աշխատաժամանակ է, ավելորդ վառելիք, բիզնեսի ուշացումներ, առաքումների թանկացում, օդի աղտոտում, մարդկանց նյարդային լարվածություն և երկրի տնտեսության արտադրողականության նվազում։

Հետևաբար, հարցը չպետք է ձևակերպվի՝ «արդյո՞ք մենք ունենք գումար այս նախագծերն իրականացնելու համար»։ Ճիշտ հարցն է՝ «որքա՞ն գումար ենք ամեն տարի կորցնում դրանք չիրականացնելու պատճառով»։ Եթե ճանապարհային ենթակառուցվածքում կատարված ներդրումը մի քանի տարվա ընթացքում վերադարձվում է խնայված ժամանակի, վառելիքի և բարձրացած արտադրողականության հաշվին, ապա դա ծախս չէ, այլ երկրի տնտեսության մեջ կատարված ներդրում։

ՀԳ. Եթե կողմ եք գաղափարներին՝ տարածեք, գուցե էդպես մոտենանք դրանց իրականացմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031