«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Զորահանդեսը ցույց տվեց, որ հայկական բանակը դեռ չի հասել Ադրբեջանի մակարդակին ընդհանուր ռազմական հզորությամբ, բայց արդեն դուրս է եկել 2020 թվականի ծանր շոկից և մտել է համակարգային վերազինման փուլ։ Ամենակարևոր փոփոխությունը ոչ թե կոնկրետ ցուցադրված զենքերն էին, այլ այն, որ առաջին անգամ երկար տարիներից հետո երևում է նոր ռազմական հայեցակարգ՝ ավելի տեխնոլոգիական, ավելի բազմավեկտոր և ավելի ժամանակակից բանակ կառուցելու ուղղությամբ։
Երկրորդ կարևոր փոփոխությունն այն էր, որ Հայաստանը կարծես փորձում է անցում կատարել «խրամատային պատերազմի բանակից» դեպի ավելի տեխնոլոգիական բանակ։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ միայն տանկերի և հետևակի քանակով հնարավոր չէ հաղթել, եթե թշնամին ունի զարգացած անօդաչու համակարգեր, հետախուզություն և ցանցակենտրոն կառավարում։ Զորահանդեսում ցուցադրված բազմաթիվ ԱԹՍ-ները, հակաԱԹՍ լուծումները և նոր հրետանային համակարգերը հենց այդ դասերի արդյունքն էին։
Երրորդը՝ մատակարարման երկրների դիվերսիֆիկացիան է: Հայաստանը ցուցադրեց, որ այլևս ամբողջությամբ կախված չէ ռուսական մատակարարումներից։
Կարդացեք նաև
Բայց ռազմական բալանսը փոխվում է ոչ թե մեկ զորահանդեսով, այլ երեք հիմնական գործոնով՝
- Զինտեխնիկայի քանակով,
- Զինտեխնիկայի ինտեգրման որակով,
- Պատերազմ վարելու ունակությամբ։
Վերոնշյալ երեք կետից զորահանդեսը որոշակի պատկերացում կարող է տալ միայն առաջին կետի մասով, որտեղ փոփոխությունների հասնելն ամենահեշտն է: Հուսամ երկրորդ ու երրորդ կետերի հարցում էլ փոփոխություններ ունենք:
Բանակի ուժեղացման հետ կապված աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի, քանի որ դրա կանգնելը ճակատագրական է լինելու մեզ համար: Ինչպես որ եղավ 2010-2020 թվականների բանակի զարգացման կանգը, երբ Հայաստանն այդ ընթացքում գնեց մոտ 500-700 մլն դոլարի զենք, իսկ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը՝ մոտ 10 միլիարդ դոլարի:
Պլյուս այդ տարիներին խնդիրը ոչ միայն գումարների չափի տարբերությունն էր, այլև այն, որ Ադրբեջանը հետևողականորեն ներդրում էր կատարում այն ուղղություններում, որոնք հետագայում փոխեցին պատերազմի բնույթը՝ ԱԹՍ-ներ, հետախուզական համակարգեր, բարձր ճշգրտության զինատեսակներ և թվայնացված կառավարում։
Շատ կարևոր է ներքին ռազմարդյունաբերության զարգացումը, ինչը նույնպես տեսանք ռազմական շքերթին: Ըստ պաշտոնական թվերի ներքին ռազմարդյունաբերության շրջանառությունը տարին մոտ 400 միլիոն դոլարի է հասել, ինչը նախկինում տարին մի քանի միլիոն դոլարի շուրջ էր պտտվում:
Եթե պետությունը մի քանի տարի էլ ներքին արտադրողից նմանատիպ քանակի կամ ավելի շատ գնումներ կատարի, ապա շուտով մենք կտեսնենք առաջին հայկական համաշխարհային նշանակության չափսի աճած ռազմարդյունաբերության ընկերություններին ու ռազմարդյունաբերության ոլորտի լուրջ արտահանումներ:
Չնայած վերջին տարիներին հայկական ներքին ռազմարդյունաբերության թռիչքային աճին, հիշեցնեմ, որ մենք այդ հարցում էլ դեռ Ադրբեջանից հետ ենք, քանի որ Ադրբեջանի ներքին ռազմարդյունաբերության շրջանառությունը բաց աղբյուրներով տարին 1-1,5 միլիարդ դոլար է գնահատվում, որը դեռ մոտ 3 անգամ մեծ է հայկականից: Պլյուս իրենց ռազմարդյունաբերությունն ավելի երկար պատմություն ունի և ուժեղ գործընկերներ՝ ի դեմս Թուրքիայի և Իսրայելի:
Այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերության ոլորտում վճռորոշը ոչ թե միայն ծավալն է, այլ նորարարության արագությունը։ Փոքր երկրները հաճախ կարողանում են տեխնոլոգիական որոշ ուղղություններում առաջ անցնել ավելի մեծ համակարգերից, եթե ճիշտ են ընտրում առաջնահերթությունները, ինչի օրինակը մենք տեսնում ենք Ուկրաինայի դեպքում:
Բանակի փոփոխությունը երկար պրոցես է, 3-4 տարում դժվար է հասնել լիարժեք որակական փոփոխությունների: Պլյուս դրան, պետք է հաշվի առնել, որ հիմա ամեն պահի ռազմադաշտում հեղափոխություններ անող տեխնոլոգիաներ կարող են լինել, քանի որ տեխնոլոգիաները, այդ թվում՝ ռազմական, ահռելի արագությամբ են փոխվում: Հետևաբար պետք է ուշադիր լինել, որ այդ փոփոխությունները առաջինը հենց մեզ մոտ լինեն, 20 թվականի նման կարևոր թրենդերը բաց չթողնենք, ոնց որ այն ժամանակ բաց թողեցինք, երբ մեր ՊՆ ղեկավարը հպարտանում էր, թե հիմարություն է թանկ անօդաչու գնելը, եթե կարելի է նույն տեխնիկային խոցել նռնականետով:
Այսօր արդեն ակնհայտ է, որ հաջորդ պատերազմի բնույթը զգալիորեն տարբերվելու է 2020 թվականի պատերազմից։ Արհեստական բանականությունը, անօդաչու խմբային համակարգերը, ինքնավար հարվածային հարթակները, թվային հետախուզությունը և էլեկտրոնային պայքարը գնալով դառնում են գլխավոր գործոններ և չպետք է թույլ տանք, որ մենք պատրաստվենք նախորդ պատերազմին: Պլյուս մենք այլևս չունենք տարածքների այնպիսի մարտավարական խորություն, ինչպիսին ունեինք 2020-ին, ինչը նույնպես բանակի զարգացման ուղղության որոշիչ գործոններից պետք է լինի:
Պետք է հիշել, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո էլ շարունակում է ավելի մեծ ծախսեր անել բանակի վրա, քան մենք ու այս պահին մենք դեռ հետևից վազողի դերում ենք: Հետևաբար պետք է շարունակել մեծացնել ռազմական ոլորտի գնումները, ներդրումները, տնտեսության զարգացման հետ զուգահեռ, նպատակ ունենալով մի օր հասնել ու անցնել նրանց: Էս հարցում անհրաժեշտ է կենտրոնանալ բանակի փոփոխությունների ասիմետրիկ ճանապարհների վրա, քանի որ առայժմ չենք կարող մրցել ռազմական տեխնիկայի քանակով ռազմական բյուջեով:
Հարվածային հնարավորությունների խտության տեսանկյունից մենք դեռ շարունակում ենք հետ մնալ Ադրբեջանից, հետ ենք հեռահար զենքերի տեսականիով ու խտությամբ, հետ ենք նաև ԱԹՍ-ների էկոհամակարգի մասշտաբով ու խտությամբ, ռազմաօդային ուժերով և այլն:
Մյուս կողմից, վերջին զորահանդեսը ցույց տվեց, որ առաջին անգամ երկար տարիներից հետո այդ բացը ոչ թե մեծանում է, այլ որոշ ուղղություններով սկսում է աստիճանաբար փոքրանալ։
Մի քանի դետալային հարցեր էլ՝ զինտեխնիկայի գունավորումն ինձ համար անհասկանալի էր, մի տեսակ Հյուսիսային Կորեայի հոտ էր գալիս: Ինձ թվում է չի համապատասխանում մեր տարածաշրջանի քողարկման սկզբունքներին, պլյուս զինվորական մարդկային ներուժի ներգրավման փոքր քանակը մի քիչ հուսադրող չէր ու թրթուրավոր տեխնիկայի բացակայությունը:
Ինձ շատ դուր եկավ բանակի զինանշանի փոփոխությունը (բացի ՀՀ քարտեզից զինանշանի վրա), շնորհակալություն ընկերներին մեծ ու գրագետ աշխատանքի համար:
Ամփոփելով՝ այս զորահանդեսը պետք չէ գնահատել միայն ցուցադրված տեխնիկայի քանակով կամ արտաքին տեսքով։ Դրա հիմնական արժեքն այն էր, որ այն ցույց տվեց հայկական բանակի զարգացման ուղղությունը։ Եթե առաջիկա տարիներին հաջողվի պահպանել ու
մեծացնել վերազինման տեմպը, զարգացնել ռազմարդյունաբերությունը, ներդնել ժամանակակից կառավարման համակարգեր և ձևավորել տեխնոլոգիական առավելություններ, ապա Հայաստանը կարող է ոչ միայն կրճատել ներկայիս տարբերությունը, այլ որոշ ուղղություններով նույնիսկ դառնալ տարածաշրջանի առաջատար։
Սակայն դա պահանջում է երկարաժամկետ մտածողություն, քաղաքական կամք, կայուն ֆինանսավորում և ամենակարևորը՝ անընդհատ փոփոխվելու պատրաստակամություն։ Ժամանակակից աշխարհում բանակները պարտվում են ոչ թե այն պատճառով, որ քիչ զենք ունեն, այլ այն պատճառով, որ ուշ են հասկանում, թե ինչպես է փոխվել պատերազմը։
Ամենակարևորը՝ բանակի շարունակական զարգացման համար մեր տնտեսությունը պետք է շարունակի աճել նույն տեմպով կամ ավելի արագ:


















































