Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Mantashyants Global Business Forum 2026-ին․ «Բիզնեսի հետ բաց երկխոսությունը մեր առաքելության կարևոր մասն է»

Հուլիս 06,2026 10:44 Share

Mantashyants Global Business Forum 2026-ի եզրափակիչ օրը Դիլիջանում կայացավ բիզնես համայնքի համար կարևոր հանդիպում։ Ֆորումի հյուրն էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ով շուրջ 300 գործարարի մասնակցությամբ բաց հանդիպման ընթացքում ներկայացրեց ՊԵԿ-ի գործունեության արդյունքները, իրականացվող և առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեց Մանթաշյանց գործարարների ակումբի անդամների հարցերին։

Արդեն հինգերորդ տարին անցկացվող Mantashyants Global Business Forum-ը այս տարի ևս  յոթ օր շարունակ համախմբեց ավելի քան 1000 մասնակցի աշխարհի շուրջ 30 երկրից՝ դառնալով համագործակցության, փորձի փոխանակման և նոր գործարար կապերի ձևավորման կարևոր հարթակ։

Իր ելույթում Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ՊԵԿ-ում իրականացվող մշակութային տրանսֆորմացիան, վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումները՝ ընդգծելով, որ կոմիտեի որդեգրած տեսլականի հիմքում բիզնեսի հետ մշտական և անկեղծ երկխոսությունն է։

«Այս ձևաչափի հանդիպումները ամենաարդյունավետ միջոցն են հասկանալու բիզնեսի և հարկ վճարողների իրական խնդիրները, լսելու նրանց առաջարկներն ու միասին ձևավորելու լուծումներ։ Բիզնեսի հետ անմիջական շփումը մեր առաքելության և տեսլականի անբաժանելի մասն է»,– նշեց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ հանդիպումն առանձնահատուկ էր նաև խորհրդանշական առումով, քանի որ, ինչպես ինքն ընդգծեց, առաջին անգամ է ՊԵԿ նախագահը նման բաց ձևաչափով հյուրընկալվում գործարար ակումբում՝ դեմ առ դեմ քննարկելու ոլորտի առաջնային խնդիրներն ու պատասխանելու գործարարների հարցերին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարկային վարչարարությանը, շրջանառության հարկի շեմերին, ավելացված արժեքի հարկին, տարբեր ոլորտներում կիրառվող հարկային ռեժիմներին, ինչպես նաև շինարարության, խորհրդատվական ծառայությունների և այլ ոլորտների առանձնահատկություններին։ Բաց հարցուպատասխանի ձևաչափը հնարավորություն տվեց տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներին բարձրաձայնել իրենց խնդիրներն ու ստանալ անմիջական պարզաբանումներ։

Էդուարդ Հակոբյանը շեշտեց, որ ՊԵԿ-ի գործունեության առանցքում կամավոր հարկային կարգապահության ձևավորումն է և բիզնեսին որպես գործընկեր աջակցելը։

«Մեր նպատակը բիզնեսի կողքին կանգնելն է, որպեսզի վարչարարական գործընթացներն ու բեռը չխոչընդոտեն նրա զարգացմանը։ Մենք ցանկանում ենք, որ ՊԵԿ-ը լինի ոչ թե խոչընդոտ, այլ գործընկեր՝ տնտեսական աճի ճանապարհին»,– ասաց նա։

Խոսելով Մանթաշյանց գործարարների ակումբի հետ հետագա համագործակցության մասին՝ ՊԵԿ նախագահը ներկայացրեց մի քանի հնարավոր ուղղություններ։ Դրանց թվում են ակումբի ներգրավումը հանրային խորհրդի աշխատանքներում՝ օրենսդրական նախաձեռնությունների և իրավական ակտերի քննարկման փուլում բիզնես համայնքի կարծիքը հաշվի առնելու նպատակով, թեմատիկ պարբերական հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ավելի ինստիտուցիոնալ համագործակցության ձևավորումը՝ բիզնես ակումբներից կանոնավոր հարցումների և հիմնավորված առաջարկների ստացման միջոցով։

Հանդիպման կարևորությունն ընդգծեց նաև Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։ Նրա խոսքով՝ պետական կառույցների ղեկավարների և գործարարների միջև առկա են բազմաթիվ միջանկյալ օղակներ՝ տեղակալներ, ստորաբաժանումներ, աշխատակիցներ, վերլուծական ծառայություններ, ինչի հետևանքով տեղեկատվությունը երբեմն կամ ամբողջությամբ չի հասնում ղեկավարությանը, կամ փոխանցվում է որոշակի շեղումներով։

«Հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ ՊԵԿ նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար ուղիղ հանդիպեն մեծ թվով գործարարների հետ։ Անհատական հանդիպումները միշտ չէ, որ կարող են ամբողջական պատկեր տալ և երբեմն կարող են կրել սուբյեկտիվ բնույթ։ Իսկ նման բաց հանդիպումների ժամանակ, երբ դահլիճում ներկա են հարյուրավոր գործարարներ, ձևավորվում է առավել ազնիվ և թափանցիկ քննարկում։ Նույն հարցին տիրապետող բազմաթիվ մարդիկ ներկա են լինում, և դա բոլոր կողմերին հնարավորություն է տալիս առավել բաց խոսել իրական խնդիրների մասին»,– նշեց Վահրամ Միրաքյանը։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը, լինելով երկրի տնտեսական քաղաքականության իրականացման կարևորագույն կառույցներից մեկը, պետք է պարբերաբար նախաձեռնի նման ձևաչափի հանդիպումներ, քանի որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս գործարարներին բարձրաձայնելու իրենց խնդիրները, այլև ապահովում են պետական մարմնի և բիզնես համայնքի միջև երկկողմանի ու անմիջական տեղեկատվության փոխանակում։

Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում կայացած այս հանդիպումը դարձավ պետական և մասնավոր հատվածների միջև բաց ու կառուցողական երկխոսության կարևոր օրինակ՝ մեկ հարթակում համախմբելով պետական կառույցի ղեկավարությանը և հարյուրավոր գործարարների՝ քննարկելու տնտեսության և հարկային համակարգի զարգացմանն առնչվող առանցքային հարցերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել