Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ» պատգամավորական խումբ ստեղծելու մոտեցումը շատ հետաքրքիր է». Էդգար Ղազարյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկների մասին

Հուլիս 29,2026 15:37 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից առաջարկներ է ներկայացրել ապագա խորհրդարանական ընդդիմությանը՝ ձևավորելով վեց կետ, որոնք, իր համոզմամբ, անհրաժեշտ են խորհրդարանական ընդդիմության աշխատանքների կազմակերպման առաջնահերթություններում։ Առաջարկների շուրջ Aravot.am-ը զրուցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ։

– Ծանոթացե՞լ եք Արմեն Աշոտյանի առաջարկներին և ի՞նչ դիրքորոշում ունեք դրանց վերաբերյալ։

– Ես ծանոթացել եմ պարոն Աշոտյանի հրապարակմանը։ Դա նաև իր հատկանիշներն է ընդգծում, որ անգամ դժվար պայմաններում, բանտային կալանքի պայմաններում, նա շարունակում է մտահոգ գտնվել մեր երկրի, մեր երկրի ապագայի, ընդդիմության գործունեության համար։ Այդ իմաստով շատ գնահատելի են պարոն Աշոտյանի ոչ միայն այս, այլև մյուս բոլոր հրապարակախոսություններն ու հրապարակումները։

Իսկ ինչ վերաբերում է ներկայացված առաջարկներին, կարծում եմ՝ դրանք, ընդհանուր առմամբ, հետաքրքիր առաջարկներ են։ Եվ շատ տեղին՝ ժամանակի իմաստով, որովհետև մեր խմբակցությունը դեռ նոր է ձևավորվում, օգոստոսի 2-ին է ձևավորվելու ֆորմալ իմաստով, դրանից հետո մենք ինքներս ենք քննարկելու, և հիմա արդեն ամեն մեկս մեզ համար ունենք գաղափարներ խմբակցության հետագա գործունեության վերաբերյալ, և այդ գաղափարների համատեքստում, կարծում եմ, որ կանդրադառնանք նաև պարոն Աշոտյանի ներկայացրած առաջարկներին։ Դրանք բովանդակությամբ իսկապես շատ հետաքրքիր են։

– Կա՞ն կետեր, որոնք սկզբունքորեն անընդունելի կամ միանշանակորեն ընդունելի են Ձեզ համար։

– Չէ՛, այդ իմաստով չկան։ Դրանք, կարծում եմ, ընդհանուր բնույթի առաջարկներ են, որոնք վերաբերում են ընդդիմության գործունեությանը։ Այդ տեսանկյունից նման սկզբունքային, անընդունելի կամ սկզբունքորեն դրանով ուղղորդվելու ուղենիշային չէի գնահատի։ Ես դրանք գնահատում եմ որպես իրենց բովանդակությամբ հետաքրքիր առաջարկներ, որոնք կարելի է դարձնել քննարկման առարկա՝ այլ գաղափարների, այլ առաջարկների համատեքստում։

– Ինքներդ կառաջարկե՞ք, որպեսզի խմբակցությունը, կուսակցությունը դրանք քննարկի, թե՞ կթողնեք ըստ հայեցողության քննարկումների։

 – Ես չեմ կարծում, որ մենք հենց հատուկ, հենց այդ առաջարկները կդնենք քննարկման, որովհետև մենք ծանոթ ենք, ես ինքս ծանոթ եմ պարոն Աշոտյանի առաջարկներին։ Արդեն ասացի, որ դրանք ինձ համար շատ հետաքրքիր են, հատկապես, օրինակ, նաև «Արցախ» պատգամավորական խումբ ստեղծելու առաջարկը։ Մինչև այդ բոլոր ԱԺ-ներում պաշտոնապես գործել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության հանձնաժողովը։ Առավել քան վստահ եմ, որ Ռուբեն Ռուբինյանը չի ստեղծելու «Արցախ» պատգամավորական խումբ, բայց, բնականաբար, այդ բացը լրացնելու համար շատ հետաքրքիր է այս մոտեցումը։

Այսինքն՝ մենք առաջիկայում, երբ քննարկենք մեր խմբակցության հետագա գործունեության հարցերը, բոլոր այլ առաջարկների համատեքստում, նաև, կարծում եմ, կանդրադառնանք նաև այդ առաջարկներին։

– Մի քիչ սադրի՞չ չի «Արցախ» պատգամավորական խումբ ստեղծելու առաջարկը։

– Դրա համար կքննարկենք, թե ինչ ձևով պետք է դա ստեղծել։ Սա նոր մոտեցում է, որովհետև մինչև հիմա դա պաշտոնական բնույթ է կրել։ Այսինքն՝ մենք այսօր ենք խոսում՝ հուլիսի 29-ի, և այսօրվա դրությամբ նման հանձնաժողով Ազգային ժողովում կա․ պաշտոնական հանձնաժողով կա։ Հիմա դա սադրի՞չ է, թե սադրիչ չի… Այս տեսանկյունից պետք է դիտարկել։ Ոչ թե դա պետք է անել սադրանքի իմաստով, այլ ֆունկցիոնալ իմաստով, մասնավորապես՝ արցախահայության խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու իմաստով, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ազատության հասնելու հարցի իմաստով։ Այսինքն՝ չի խանգարի, կարծում եմ, նույնիսկ լավ կլինի ինստիտուցիոնալ իմաստով, եթե առանձնացվեն պատգամավորների մի խումբ, որոնք մշտապես իրենց ուշադրության և գործունեության կենտրոնում կպահեն այդ խնդիրները։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Հ. Գ. Aravot.am-ը փորձեց Արմեն Աշոտյանի առաջարկների վերաբերյալ ստանալ նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների տեսակետը։ Մեր զրուցակիցները ձեռնպահ մնացին կարծիք հայտնելուց, քանի որ «միասնական դիրքորոշում ձևավորված չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031