Վարորդական իրավունքից զրկված վարորդները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ: Նրանց մեջ կան նաեւ արցախցիներ:
«Ես կարողանում եմ իմ փողը ստեղծել, իմ երեխան չպետք է սոված մնա: Ես իմ կոմֆորտը ստեղծել եմ, որ կարողանամ մեքենա ունենամ, որ քշեմ: Հայաստանում 10 տարվա վարորդական իրավունք եմ ունեցել, ու այդ ընթացքում ամենամեծ խնդիրը, որ եղել է, ամրագոտին էր: Միայն դրա համար են իմ վրա տուգանք գրել…
Կարդացեք նաև
Ես Փաշինյանին չեմ ընտրել վարորդական իրավունքի համար, ես գնացել եմ ընտրության ու չեմ էլ ուզում ասել, թե ում եմ ընտրել կամ ինչ-որ մեկին ընտրել եմ, թե ոչ… Մեր վարչապետը գոռում էր՝ սիրում եմ ձեզ, ո՞նց ես սիրում մեզ, կիսատ-պռա՞տ»,- ասաց վարորդներից մեկը:
«Արցախի եւ Հայաստանի ՆԳՆ բազան ընդհանուր է եղել, ուրեմն բազան գործում է, չէ՞, որ անուն-ազգանունս նշում են, բերում է… պետք է այդ հարցի լուծումը տան, խտրականություն կա հայաստանցի ու արցախցի վարորդների միջեւ»,- ասում է մեկ այլ վարորդ:
«Պարեկը իր պլանշետով բազայում նշում է, մեզ բերում է՝ զրկված: Մեր միջեւ տարբերություն են դնում, ասում են՝ դուք Արցախում եք զրկվել, բա եթե Արցախում ենք զրկվել, նույն բազայում ինչպե՞ս է ցույց տալիս մեր տվյալները: Ժամանակին, երբ Արցախի վարորդական իրավունքի վկայական էինք ստանում, ասում էին՝ մի շաբաթ սպասեք, մինչեւ գա Հայաստանից, նույնը՝ ՊՆ-ի հրամանները: Հիմա գնացել ենք, գրանցվել, ասում են՝ դա արցախցիների վրա չի տարածվում: ID քարտը տալիս ես, աշխատակիցը նայում, ասում է՝ դու Արցախից ես, քեզ չի հասնում…
Հիմա ստիպված նստել, 1200 տեսական հարց եմ սովորել, նորից եմ գրանցվել, քննություն տվել: 20-ից 20-ը պատասխանել եմ, գրանցվել եմ գործնական քննության, 5 անգամ գնացել եմ, գործնականից կտրվել եմ: Ասում են՝ գիծը տրորել ես, ամրագոտիդ մի քիչ այսպես է: Ասում եմ՝ մենք տուժած մարդիկ ենք, ամեն ինչը կորցրած, ամեն թղթի համար հազար տեղ են ուղարկում… Ես բացատրում եմ, որ 18 տարի ծառայած սպա եմ, սակրավորների՝ տեխնիկական մասով հրամանատարի տեղակալ եմ եղել, 14-15 տեխնիկայով եմ զբաղվել պատերազմի ժամանակ, սարերի գլխին… Մեզ չգիտես ինչ հայացքով են նայում, ասում են՝ հարգելիս, կտրվել ես, դավայ, իջի մեքենայից: Ախր չի կարելի այդպես վարվել»,- նեղսրտում է մեկ այլ վարորդը, որը 2021 թ.-ին է զրկվել վարորդական իրավունքից:
Նա նաեւ ասում է՝ 5-6 տարում չնչին խախտումներ է ունեցել: Հավելում է, որ չի ճանաչում որեւէ արցախցի վարորդի, որի իրավունքը Հայաստանում վերականգնել են:
Արցախցի վարորդի հավաստմամբ՝ ինքը շատերին է ճանաչում հայաստանցիներից, որոնք վճարումը կատարել են, հեշտությամբ վարորդական իրավունքը վերականգնել: «Իսկ մեզ ասում են՝ Արցախից ես, քեզ չի հասնում, նայում են երեսիդ, այդպես էլ ասում են»,- նշում է նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































