«Առողջ առավոտի» շրջանակներում բազմիցս ենք անդրադարձել արվեստի տարբեր ճյուղերի ու բժշկության կապին։ Այս թեման ոգեշնչման աղբյուր է եղել նաև բժիշկներ Արմեն Փիրուզյանի ու Գոհար Շահսուվարյանի համար․ նրանց «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գիրքը լավագույնս է բացահայտում այդ կապը։
Ձեզ համար այսօր առանձնացրել ենք մի քանի հատված գրքի՝ «Մոդիլիանիի համախտանիշ» գլխից, որը ներկայացնում է վահանաձև գեղձի հիվանդությունների գեղարվեստական արտացոլումը տարբեր ժամանակաշրջաններում։
Խպիպը՝ վահանաձև գեղձի մեծացման հետևանքով պարանոցի առաջնային հատվածի դեֆորմացիան (ուռածությունը), հայտնի է հազարամյակներ ի վեր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ խպիպի ամենահաճախակի հանդիպող պատճառը սննդում յոդի քանակի անբավարարությունն է: Դեռևս մ.թ.ա. I դարում չինացի բժիշկները խպիպը բուժում էին յոդով հարուստ սարգասում (Sargassum muticum) կոչվող ծովային բույսով: Ըստ մեկ այլ չինական դեղագրքի` խպիպի բուժման համար Թանգ դինաստիայի (618-907 թթ.) բժիշկներն օգտագործում էին որոշ կենդանիների` յոդով հարուստ վահանաձև գեղձը հում կամ չորացրած փոշու տեսքով: Եվրոպայում առաջինը Պարացելսն էր (1493-1541), որ նկատեց կապը խպիպի և խմելու ջրում հանքային աղերի` միներալների, պարունակության միջև, թեպետև չգիտեր յոդի գոյության մասին, քանի որ յոդը հայտնաբերվել է միայն 1811 թ․-ին:
Վերածննդի շրջանի մեծանուն նկարիչ Կարավաջոյի (1571-1610) գործերում հաճախ են հանդիպում դեֆորմացված պարանոցով կերպարներ: Կարծիք կա, որ Կարավաջոն իր կտավների հերոսների համար բնորդներ գտնելու նպատակով բարձրանում էր լեռնային հեռավոր գյուղերը: Ապենինյան թերակղզու չափերը ժամանակակից պատկերացումներով գուցե շատ մեծ չեն, սակայն նրա լեռնային գյուղերը միջնադարում կտրված էին ծովեզերքից, և գյուղացիները յոդով հարուստ ծովային սնունդ հազվադեպ էին օգտագործում:
Կարդացեք նաև
Միջնադարյան նկարիչները, դեռևս չիմանալով վահանաձև գեղձի գործառույթների մասին, նկատել էին խպիպի և մարդու հոգեհուզական վիճակի, աչքերի յուրահատուկ փայլի ու մտավոր զարգացման աստիճանի միջև եղած կապը: Ըստ XII դարի ամենամեծ բժշկական հայտնի բառարանի, Խորեզմի շահի անձնական բժիշկ Ալ-Ջուրջանին է առաջինը հայտնաբերել խպիպի և սրտխփոցի, իսկ հետագայում նաև ակնագնդերի արտափքման՝ էկզոֆթալմի միջև եղած կապը: Միայն շատ ավելի ուշ՝ 1835 թ., իոլանդացի բժիշկ Ռոբերտ Ջեյմս Գրևսը նկարագրեց էկզոֆթալմով ուղեկցվող խպիպի մի դեպք, որը հետագայում նրա պատվին կոչվեց Գրևսի հիվանդություն:
Գերմանացի բժիշկ Կարլ Ադոլֆ Բազեդովը նրանից անկախ նույնը նկարագրեց 1840-ին, ինչի շնորհիվ պաթոլոգիան կոչվում է նաև Բազեդովյան հիվանդություն: Գրևսի, Բազեդովի, Հաշիմոտոյի հիվանդությունները, սակայն, խպիպի միակ տեսակները չեն: Կա նաև կեղծ խպիպ հասկացություն, որը պարանոցի առաջային հատվածի արտացցումն է առանց վահանաձև գեղձի չափերի իրական մեծացման:
Կեղծ խպիպի պատճառները բազմազան են՝ հավելյալ ճարպային հյուսվածքի առկայություն, պարանոցային լիմֆադենոպաթիա, ողնաշարի ծռվածություն և
այլն: Պարանոցային լորդոզի պատճառով (կարապի վիզ) կեղծ խպիպը կոչվում է Մոդիլիանիի համախտանիշ` ի պատիվ նկարիչ Ամադեո Մոդիլիանիի (1884-1920), որը հայտնի է չափից ավելի ճկված պարանոցով կանանց պատկերող իր բազմաթիվ կտավներով:
Անշուշտ, «Մոդիլիանիի համախտանիշ» անվանումը ստանալուց դեռ շատ առաջ կեղծ խպիպի արտացոլումը միջնադարյան գեղանկարչության մեջ ևս բավական տարածված էր: Ալբրեխտ Դյուրեր, Բոտիչելլի, Լեոնարդո դա Վինչի` մեծանուն դեմքեր, որոնց կտավներում իրական խպիպով անհատների կողքին կան նաև Մոդիլիանիի համախտանիշով բնորդներ: Ի՞նչ իմաստ էին դնում պատմական տարբեր ժամանակահատվածների նկարիչները պարանոցի ձևի մեջ, արդյոք այն իրականության ճշգրիտ արտացոլումն էր, թե՞ մտացածին, հատուկ իմաստ արտահայտող գեղարվեստական մի հնարք՝ դժվար է հիմա ասել:
Սակայն եթե նույնիսկ ընդունելու լինենք միջնադարյան որոշ նկարիչների՝ դետալներ արտացոլելու լուսանկարչական ճշգրտությունը, միևնույն է, իրական խպիպը կեղծ խպիպից տարբերակելը բավական դժվար է առանց ֆիզիկական քննության և ուլտրաձայնային հետազոտության: Բացի դրանից` մեր նպատակ ամենևին էլ դա չէ։
Հայ հանրահայտ ժամանակակից նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի (ծնվ. 1941 թ.) կտավներում ևս կարելի է տեսնել պարանոցի արտահայտիչ կառուցվածքով կանանց: Այդ շարքում առավել ուշագրավ է «Մեղեդի ֆլեյտայի համար» շարքից այս գեղեցիկ գործը:
Նկարներով հիվանդություններ ախտորոշելը կարող է թվալ միայն հետաքրքիր ու հաճելի ժամանց: Սակայն իհարկե այդպես չէ: Հատկապես XXI դարում փաստերի վրա հիմնված բժշկությանը ձգտելիս, երբ բարձր տեխնոլոգիաները զարգանում են գլխապտույտ արագությամբ, թվում է, թե բժշկի և մարդկային գործոնի դերը պակասում է: Ըստ իս՝ սխալ և մակերեսային պատկերացում: Ոչ մի համակարգչային շերտավորում կամ թվային սարք չի կարող փոխարինել կենդանի շփման ժամանակ բժշկի դիտողականությանը, որ արձանագրում է պացիենտի արտաքին տեսքը, մաշկի գույնը, ձայնի երանգը, զգացմունքները, անհանգստությունը և շատ այլ կարևոր «մանրուքները»:
Անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածության, բժշկին հատուկ մտածելակերպի և նշված «մանրուքների» հիման վրա է ձևավորվում նախնական ախտորոշումը, որն էլ հետագայում ժխտվում կամ հաստատվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Կարելի է նայել, բայց չտեսնել, կարելի է ունկնդրել, բայց չլսել և չընկալել: Արվեստը, հատկապես գեղանկարչությունը, զարգացնում է տեսնելու ու ունակությունը: Բացի դրանից՝ արվեստի պատմությունը հարստացնում է բժշկության պատմությունը: Առանց հինը իմանալու՝ նորը ստեղծելը շատ ավելի դժվար է:






















































