«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։
Այս առիթով իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքում գրել է․
1997 թվականին ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ֆակուլտետի դեկան էր նշանակվել Գագիկ Ղազինյանը։ Բոլորին հայտնի էր, որ նրան հաջողվեց ֆակուլտետում սովորող հայտնի մարդկանց կամ պաշտոնատար անձանց «վայրագ զավակներին» գոնե վարքագծային առումով հնազանդեցնել։ Այդ պատմաշրջանի համար դա լուրջ ձեռքբերում էր։
Ղազինյանի բանաձևերն էին՝ ուսանողը պարտավոր է հարգել դասախոսին, իսկ իրավաբանը՝ չանցնել մասնագիտական արժանապատվության նվազագույն սահմանը։
Անկախ Ղազինյանի հետ իմ ունեցած կնճռոտ հարաբերություններից և ֆակուլտետում եղած խնդիրներից, զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը չափազանց էժան ու ցածր քայլ է։


















































