Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիություն պլանավորելիս ոչ միայն մոր, այլ նաև հոր սննդակարգն է ազդում երեխայի առողջության վրա

Օգոստոս 03,2026 09:30 Share

Երբ խոսք է գնում առողջ հղիության պլանավորման մասին, հիմնական ուշադրությունը հատկացվում է մայրերին, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարևոր դեր ունի նաև հայրերի սննդակարգը։ 

43 ընտանիքների մասնակցությամբ իրականացված հետազոտության ընթացքում փորձագետները պարզել են, որ բեղմնավորումից առաջ որքան շատ են ուլտրավերամշակված մթերքներ օգտագործում ապագա հայրերը, այնքան բարձր է ծանր քաշով նորածիններ ունենալու հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrition Research ամսագրի հուլիսյան համարում։

Ծանր քաշը և կյանքի վաղ շրջանում ավելորդ ճարպի կուտակումը համարվում են հասուն տարիքում սրտանոթային և նյութափոխանակային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ։

Հետազոտողները կարծում են, որ ուլտրավերամշակված մթերքներով հարուստ սննդակարգը կարող է օրգանիզմում բորբոքային գործընթացներ առաջացնել, որոնք ազդում են սերմնաբջիջների որակի վրա և փոխում են որոշ գեների արտահայտվածությունը՝ նախքան դրանք երեխային փոխանցվելը։

Ուսումնասիրության մեջ առանձնացվել է IGF-II գենը, որը ժառանգվում է բացառապես հորից և կարևոր դեր ունի պտղի աճի ու զարգացման գործընթացում։

Գիտնականների կարծիքով՝ հոր սննդային սովորությունները կարող են փոխել այդ գենի գործունեությունը՝ այդպիսով ազդելով պտղի զարգացման վրա։

Պարզվել է նաև, որ մոր սննդակարգը նույնպես կարևոր է, սակայն, ի տարբերություն հայրերի, հղիության վաղ շրջանում ավելի շատ ուլտրավերամշակված մթերքներ օգտագործած մայրերի երեխաները ավելի ցածր քաշով, ավելի կարճ հասակով և գլխի շրջագծով ծնվելու հակվածություն ունեն։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են՝ ընտանիքի պլանավորման և առողջության պահպանման վերաբերյալ խորհուրդներ տալիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն ապագա մայրերին, այլև ապագա հայրերին։

Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել