Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ է ասում վարչապետը, բայց ճղճիմ կոպեկներ են շպրտվում կինոարտադրությանը. Հրանտ Վարդանյան

Օգոստոս 03,2026 16:15 Share

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հեռակա դիմել էր ռեժիսորներին, թե ինչու ֆիլմ չեն նկարում, իր ձևակերպմամբ, կարևոր իրադարձությունների, օրինակ՝ սահմանազատման գործընթացների, օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի կամ Վեդիի ջրամբարի մասին: «Օրինակ՝ ինչո՞ւ սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո հանեն նյութերը, ինչո՞ւ չենք այսօր անում սա: Նաև սա է պատճառը, որ թվում է՝ մենակ անցյալ ունենք, ապագա ընդհանրապես չկա, ներկան էլ այն չի»,- դժգոհել էր Փաշինյանը:

Aravot.am-ը ռեժիսոր Հրանտ Վարդանյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է ականջալուր լինել վարչապետին և, դիցուք, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեմայով ֆիլմ նկարել: «Ճիշտ է ասում վարչապետը… Վավերագրական ֆիլմ նկարելու այնքան թեմա կա, այնքան բան ունենք նկարելու, ուղղակի ստուդիաները պետք է աշխատեն, ֆինանսական հնարավորություններ չկան, թե չէ նկարողները կնկարեն»,- ասաց Հրանտ Վարդանյանը:

Մեր հարցին՝ այսինքն, եթե պետությունը պատվիրի նման թեմաներով ֆիլմ, ինքը պատրա՞ստ է նկարել, Հրանտ Վարդանյանն այսպես արձագանքեց. «Եթե կարծում են, որ ամերիկյան կինոինդուստրիայի մեջ պետությունը մասնակցություն չունի, շատ սխալվում են բոլորը: Կինեմատոգրաֆը մեծ ուժ է, այլ բաների վրա այդքան միջոցներ ծախսելու և գումարներ վատնելու փոխարեն՝ մեկ ֆիլմը մեծ պրոպագանդա է… Ես կարծում եմ, որ թե՛ դոկումենտալ, և թե՛ խաղաղարար ֆիլմերի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ բյուջեների առումով… Ինչքան պատմական, հետազոտական ֆիլմեր ունենք անելու, թեմաները շատ են, ու ճիշտ է ասում վարչապետը: Խնդիրն էլ կազմակերպչական միջոցների մեջ է և հեռուստատեսության: Նույն հեռուստատեսությունը պետք է ֆիլմերի տարեկան շարք տար, որովհետև այդ միջոցներն ունի, պետության միջոցները կան: Մենք ունեինք «Երևան» ստուդիա, մեծ մասը դոկումենտալ ֆիլմերի այնտեղ էր արվում… Այսօր էլ ստուդիաներ կան, ես էլ ունեմ այդ հնարավորությունը, բայց միջոցներ չկան»:

Հրանտ Վարդանյանը, առանց փակագծեր բացելու, նաև հավելեց. «Ժամանակին խաղաղության գործընթացի մասին մի գնդապետի սցենարով ֆիլմի համար դիմել եմ նախկին կառավարությանը, ինձ ասացին՝ շատ խաղաղասեր եք… Իհարկե պետք է նման ֆիլմեր նկարել, վաղուց էր պետք, և ոչ միայն խաղաղության մասին… Տեսեք, թե ինչքան բաց թողած կերպարներ ունենք, որոնց մասին ֆիլմեր է պետք անել… Ես հիմա նստած Չարենցի մասին եմ սցենար գրում… Բոլշևիզմին գնահատական տված ոչ մի ֆիլմ չունենք, սովետականացման, 11-րդ բանակի մտնելու վերաբերյալ, Նժդեհի, Անդրանիկի մասին ֆիլմ չունենք… Կամ Շարլ Ազնավուրն այդքան եկավ-գնաց, մի խումբ չտրամադրեցին, որ նյութերը հավաքեր, որ իր մասին այսօր խրոնիկա ունենայինք: Մենք փնթի ենք այդ առումով… Հեղափոխության մասին մենք ֆիլմ ունե՞նք, չունենք… Խոսքը պլակատային ֆիլմերի մասին չէ, այլ անալիտիկ, լուրջ ֆիլմերի մասին… Օրինակ՝ ֆիլմ չկա, թե ինչու եղավ հեղափոխությունը, ինչ էր ուզում երիտասարդությունը… Կամ էկոլոգիայի, մեր ջրերի, սարերի, լեռների մասին ֆիլմ ունե՞նք, չունենք… Որոշ բաներ արվում են, բայց դա շատ չնչին է, պետք է հստակ քաղաքականություն լինի:

Այսքան պրոբլեմներ ունենք հարևանների հետ, մենք որևէ միասնական ֆիլմ արած կա՞նք՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-վրացական, հայ-պարսկական համատեղ ֆիլմեր: Մենք մեր հարևանների լեզուն չենք հասկանում… Թուրքիան տեսեք՝ ինչ է անում, մարդիկ իրենց չեղած պատմությունը նկարում են, մենք ունենք հարուստ պատմություն, ոչինչ չի արվում: Մի հատ հետաքրքրվեք, թե Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Պարսկաստանը կինոարտադրության համար ինչ բյուջե ունեն…»:

Հարցրինք՝ ինչու իր հարցադրումները չի ուղղում Կինոյի զարգացման հիմնադրամին: «Ես անհատ ստեղծագործող եմ, գոյություն ունի կինոկենտրոն (այժմ՝ Կինոյի զարգացման հիմնադրամ), այդ մարդիկ պետք է կառավարության դռները ծեծեն, դրանով զբաղվող մարդիկ պետք է անեն, Հ1-ը պետք է այդ հարցերը բարձրացնի… ԿԳՄՍ նախարարության այդ բաժինը պետք է իր առաջ խնդիր դնի, մինչդեռ կինոարտադրության համար ճղճիմ կոպեկներ են շպրտում, և այնքան են բարդացրել, սրիկայացրած այնքան ծրագրեր են արել… պիտի գիտնական լինես, որ կարողանաս տակից դուրս գալ: Իսկ վիզուալիզացիայի հետ կապված խնդիրները քաղաքականության հետ կապված բաներ են…»,- ասաց Հրանտ Վարդանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31