Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ զեկույց անհետ չի կորում»․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի զեկույցի և ԱԺ պաշտպանության հանձնաժողովում չառաջադրվելու մասին

Օգոստոս 03,2026 18:07 Share

«Առաջադրման ձևաչափը մի քիչ ուրիշ էր, և ես որոշումը կայացրեցի ու չառաջադրվեցի։ Վերջիվերջո 8 տարի ես ղեկավարել եմ այս հանձնաժողովը։ 8 տարվա ընթացքում բավական մեծ արդյունք է ցույց տրվել․ բավական է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը և քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այդ առումով կարծում եմ՝ հանձնաժողովը հաջողել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա հույս ունի, որ հանձնաժողովն իր նոր կազմով և նախագահով կլուծի իր առջև դրված խնդիրները։

Նա բացատրեց՝ մեխանիզմն ինքնաառաջադրումն է եղել, իսկ ինքը դեռ 1990-ականներից երբևէ և որևէ պաշտոնում չի ինքնաառաջադրվել։

Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, այդ հանձնաժողովում չի էլ ընդգրկվի։ Իր թեկնածությունն առաջադրել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում․ «Այդ ոլորտում էլ վատ չեմ։ Մի մոռացեք, որ պետաիրավական հանձնաժողովի տիրույթում են գտնվում քննչական մարմինները, դատախազությունը։ Նրանք, ըստ էության, առնչվում են նաև անվտանգության խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի։ Ես փոխում եմ սլաքները։ Հիմա նոր իրողություն է, նոր դիրքում, կարծում եմ, նոր խոսք պետք է բերել, որն էլի առնչվելու է մեր երկրի անվտանգությանը»։

«Ինձ ճանաչում են ոչ թե պաշտոնով, այլ իմ ապրած կյանքով։ Չպետք է դառնալ պաշտոնի գերի։ Եթե ես քաղաքական կշիռ եմ ձեռք բերել, դա իմ ապրած կյանքով է, իմ մտերիմների, իմ ընտանիքի նվիրվածության արդյունքն է։ 1990-ականներին 103 սենյակից ենք սկսել, որտեղ Վազգեն Սարգսյանն էր նստում, հետո՝ հաղթանակներ, պարտություններ․․․ Բայց այսօր մեկ խնդիր ունենք՝ մեր երկիրն անվտանգ պահել։ Անվտանգ պահելու համար պետք է նաեւ պաշտոնյան գիտակցի, որ եթե ինքն իր տեղում չի կարողանում լուծումներ գտնել, ուրեմն պետք է գտնեն այն մարդուն, որն ավելի ճկուն է մտածում, ավելի թարմ է մտածում։ Ես վստահ եմ, որ մեր երկրում կադրային սով չի կարող լինել, եթե փնտրում ես համապատասխան մարդկանց։ Ես զբաղվելու եմ ուժային կառույցների կադրային քաղաքականությամբ, իմ ուղղությունը միշտ եղել է դա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ զրոյից կազմավորված ՊՆ-ում ինքն է զբաղվել կադրային քաղաքականությամբ, եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկն էլ հենց ճիշտ կադրային քաղաքականությունն էր։ Առհասարակ, ամեն ինչում հաջողության հիմքը ինքը կադրային ճիշտ քաղաքականությունն է համարում։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ ժամանակին ղեկավարել է իրավապահ մարմինները, իսկ վերջին 8 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում, ասում է, դրական առաջընթացներ են գրանցել։

Ինչ վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների նկատմամբ իր հնչեցրած քննադատություններին, ասում է, դրա արդյունքում է, որ վերաբացվել են Վահրամ Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի սպանության գործերը, քանի որ «շահագրգիռ» մարդիկ կային, որ կոծկում էին։

Անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորի՝ Սամվել Ուզունյանի Հայաստանից հեռանալուն և հայտարարեց, որ նման գործերը առանց քաղաքական աջակցության չեն կոծկվում։ Թեպետ այժմ ավելի բարդ է ոչ թարմ հետքերով բացահայտումները, բայց ինքը գտնում է, որ նախաքննական մարմիններն անելիք ունեն։ Պնդում է՝ իր հրապարակային ելույթներով փորձել է տեղ հասցնել, որ նման գործերի չբացահայտումը բերում է անվտանգության մարմինների նկատմամբ անվստահության, իսկ դա ամենավատ երևույթն է։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցին, որն այդպես էլ չհրապարակվեց, Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է․ «Որևէ զեկույց անհետ չի կորում։ Զեկույցը կարող է քնել, ինքը, քանի որ ավարտուն վիճակում է, կիջնի ներքև, եթե պետք է, բայց էլի կբարձրանա, եթե պետք է։ Այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որոնք մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը, պետք է կարդան։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը մեկ րոպե անգամ չի կարող պակասել։ Մենք ինչո՞ւ պարտվեցինք․ այդ ինչուի պատասխանն այնտեղ կա»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31