ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 72 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դեղաբանության և կենսաքիմիայի դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Արեգ Հովհաննիսյանը 1994 թ. հիմնադրել է Հայաստանի առաջին հակադոպինգային ծառայությունը և դարձել երկրի առաջին IAAF-վկայագրված դոպինգ ստուգման սպա։ 2000 թվականից Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում ՀՀ ներկայացուցիչն էր, 2008 թվականից՝ Եվրախորհրդի հակադոպինգային հանձնաժողովի անդամ: 2009 թվականին նշանակվել է ՀՀ ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար:
2015 թ. Արեգ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ: Նա ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 հակադոպինգային կրթական ծրագրեր, ինչպես նաև Օլիմպիական համերաշխության հիմնադրամի 9 հակադոպինգային կրթական նախագծեր։
Իր երկարամյա, բեղուն գործունեությամբ Արեգ Հովհաննիսյանը նպաստել է մաքուր սպորտի և արդար մրցակցության արժեքների տարածմանը։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացված կրթական ծրագրերն ու իրազեկման աշխատանքները կարևոր դեր են ունեցել մարզիկների, մարզիչների և սպորտի ոլորտի մասնագետների շրջանում հակադոպինգային գիտելիքների և մշակույթի ձևավորման գործում։ Նրա հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը միջազգային հակադոպինգային համայնքում ամրապնդել և բարձրացրել է իր հեղինակությունն ու դիրքերը՝ դառնալով վստահելի և ճանաչված գործընկեր։
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արեգ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական սպորտային ընտանիքին։
ԿԳՄՍ նախարարություն


















































